Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական

Հունվար 21,2006 00:00

«Քաղաքացիական հայա՞ցք», թե՞ «մենթական բռունցք» Ինչպես ճնշել դատապարտյալների «ապստամբությունները» Ըստ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների եւ կալանավորների թվաքանակը կազմում է 2873 մարդ: Նրանցից 1669-ը պահվում է քրեակատարողական հիմնարկներում: 2005թ. հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից կատարվել է 223 այցելություն: Չնայած դրան, տհաճ միջադեպերը շատ են: Ամանորը սկսվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացված «հատուկ միջոցառումների» մասին լուրով: 88 խցի դատապարտյալներ Արամ Պետրոսյանի, Հակոբ Խաչատրյանի եւ Արտակ Ալեքյանի մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերվեցին լուսանկարում պատկերված 3 շիշ պոլիէթիլենային սպիրտ, 61 նրբասղոց, 4 ջարդված սղոցի մասեր, ամրան, ցեմենտ, գաջ, ինքնաշեն պարաններ: Արդարադատության նախարարության մեր աղբյուրները եռյակի մոտից գտնված «տնտեսության» բացահայտումն ու իրերի առգրավման հաջողությունը, թերեւս, կապում էին ԱՆ քրեակատարողական տեսչության եռամսյա գործունեության արդյունավետության հետ: Այն ստեղծվեց ԱՆ ներքին ռեսուրսների հաշվին, բյուջեից չի ֆինանսավորվում: Նույն տեսչության հետ են կապում նաեւ Սեւանի գաղութում կանխված նախաամանորյա «բունտի» ձախողումը: Դատապարտյալները բախվեցին հսկիչների, պետի հետ, ինչպես տեղեկացրել էինք՝ անգամ պատուհաններ կոտրվեցին, կիրառվեց ուժ, մահակ, ինչի արդյունքում առավել վտանգավորները արգելափակվեցին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ Սեւանի պետն էլ պաշտոնանկ արվեց: Փոխվեց նաեւ «զոն նայողը»: Թե Սեւանի «բունտի», թե Գյումրիի ՔԿՀ-ում կատարված Ռոման Բրուտյանի սպանության գործով (նրան հունվարի 10-ին սպանել է Արամ Մեսրոպյանը) ծառայողական քննություն է սկսվել: Իսկ Շիրակի մարզի դատախազությունում անգամ քրգործ է հարուցվել դատապարտյալի սպանության առիթով: Մինչեւ երեկ պարզ չէր, թե ինչպես է սպանվել Ռ. Բրուտյանը եւ ինչու: ԱՆ-ում վիճակը գնահատում են վերահսկելի: Իսկ մեր հարցին, թե ո՞րն է արդյունավետը՝ «քաղաքացիական հայա՞ցքը» (ԱՆ-ի վերահսկողությունը) թե՞ «մենթական բռունցքը» (նախկինում՝ ոստիկանության վերահսկողությունը), ԱՆ-ում պատասխանեցին՝ «Կա քաղաքական կամք՝ կարգի հրավիրել ազատազրկվածներին՝ ոչ իրենց իրավունքների հաշվին»: Երբ խոսում ենք իրավունքների խախտման մասին, չենք կարող չնշել «Կենտրոն» մեկուսարանը («ԿԳԲ-ի մեկուսարան»): Այստեղ էլ պահվող փաստաբան Վահե Գրիգորյանին «զինաթափել» էին, մասնավորապես՝ առանց պատճառաբանության վերցրել էին էլեկտրոնային բլոկնոտը, որտեղ, ըստ կալանավորի, «պահվում էին տվյալներ անձնական կյանքի, հաճախորդների ու մասնագիտական գործունեության մասին»: ԱՆ մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը ի պատասխան մեր հարցի, թե ի՞նչ է արվել ի պատասխան Վ. Գրիգորյանի բողոքի, ասաց. «Յուրաքանչյուր կալանավորված անձ ունի իր իրավունքները: Նա պետք է բողոքարկի վերադասության կարգով, եթե կատարվել է գրաքննություն, ինչպես դուք եք ասում եւ առգրավել են էլեկտրոնային ծոցատետրը»: Նա նաեւ հայտնեց, որ Վ. Գրիգորյանից իրենք չեն ստացել այս կապակցությամբ բողոք: «Առավոտին» ահազանգել էին մի խումբ ազատազրկվածներ, թե հավաքվում են իրենց բջջային հեռախոսները: «Որեւէ կապի միջոց, օրենքով սահմանվածից բացի, չի թույլատրվում». սա պաշտոնական հղումն է: Պաշտոնական տվյալներով, աճել են կալանավորների եւ դատապարտյալ անձանց կողմից թույլ տրված խախտումները: 2004թ. եթե այն 28,5% էր, ապա մեկ տարի անց եղել է 40%: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել