Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐԱՏԵՍԻԼ»

Հունվար 21,2006 00:00

«ԵՎՐԱՏԵՍԻԼ» ԿՄԵԿՆԻ ԱՆԴՐԵՆ Նրա երգի տեքստի վրա աշխատում է Սիրուշոն Երեկ հրավիրված մամլո ասուլիսում Հանրային հեռուստատեսության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը պաշտոնապես հայտարարեց, որ 2006թ. մայիսի 18-20-ը Հունաստանում կայանալիք «Եվրատեսիլ» հեղինակավոր մրցույթին, գեղխորհրդի միաձայն որոշմամբ, 38 երկրների թվում Հայաստանը կներկայացնի 2004-05թթ. լավագույն երգիչ ճանաչված Անդրեն: Բանախոսը տեղեկացրեց, որ «Եվրատեսիլի» պաշտոնական հրավերը ստացվել է դեկտեմբերի 16-ին: Հիշեցնենք, որ մեր երկիրը այս մրցույթին մասնակցելու իրավունք ստացավ 2005թ. հուլիսին՝ Եվրոպական հեռարձակողների կազմակերպությանն անդամագրվելուց հետո: Ընդ որում, հրավերը ստանում է ոչ թե երկիրը, այլ հեռուստաընկերությունը: Վերջինիս կողմից ժամանակին «Եվրատեսիլում» ներկայացվելիք երգի ընտրության նպատակով հայտարարված մրցույթին, ըստ Հ. Քեշիշյանի, հեղինակավոր գեղխորհուրդը ստացել է Երեւանի, Գյումրիի, Էջմիածնի երգահանների, նույնիսկ շվեդ կոմպոզիտորի ստեղծագործություն: Ընտրվել է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի «Մնա ինձ հետ» երգը: Մրցույթի կանոնակարգի համաձայն, մասնակիցը երգը պետք է ներկայացնի կամ մայրենի լեզվով, կամ մի մասը մայրենիով, մյուսը՝ անգլերենով, կամ էլ միայն անգլերենով: Հանրայինի գեղխորհուրդը ընտրել է վերջին տարբերակը: Պրոդյուսերը նշեց, որ ընտրված ու հաստատված երգը «սաղմնային» վիճակում է, դեռ աշխատանքը շարունակվում է թե երաժշտության, թե խոսքերի մասով՝ հնարավորինս այն ներկայանալի դարձնելու համար: Հարցապնդումները, թե ո՞վ է երգի տեքստի հեղինակը, այդպես էլ մնացին անպատասխան: «Առավոտի» հարցին՝ ստացվե՞լ են, արդյոք, ժամանակակից երգի ոլորտում ճանաչված կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի, Արթուր Գրիգորյանի, Ռուսլան Գալստյանի եւ այլոց ստեղծագործությունները, Հ. Քեշիշյանը ցավով նշեց, որ նրանք գործեր չեն ներկայացրել: Մեր հաջորդ՝ «Ունե՞ք տեղեկություն հայաստանցի որեւէ երգչի մասին, որը կներկայացնի այլ երկիր» հարցին պրոդյուսերը պատասխան չուներ: Միայն հիշեց, որ տարիներ առաջ երգչուհի Վարդուհի Վարդանյանը ստացել էր «Եվրատեսիլում» Կիպրոսը ներկայացնելու առաջարկ, ինչը մերժել էր: Դիտարկմանն էլ, թե ցանկացած մրցույթում լինում են «մութ գործեր», օրինակ՝ ժամանակին Ալլա Պուգաչովան կամ Ֆիլիպ Կիրկորովը հենց «Եվրատեսիլում» գրավեցին իրենց համար ոչ պատվաբեր տեղեր երկրորդ տասնյակում, իսկ նրանց համեմատ ոչ փորձառու Ալսուն, որին անվանում են «բենզալցակայանների դուստր», գրավեց երկրորդ տեղը, Հ. Քեշիշյանը հակադարձեց. «Այս մրցույթում ֆինանսական խաղերը բացառվում են: Մարտի 19-ից մասնակից երկրները հնարավորություն կունենան ծանոթանալ «Եվրատեսիլում» կատարվելիք երգերին ու, ինչպես գիտեք, եզրափակիչ փուլում արդեն կկայանա ինտերնետային քվեարկություն՝ հօգուտ այս կամ այն երգի: Եվ, որ ամենակարեւորն է, մրցույթին մասնակից երկրները իրավունք չունեն ձայն տալ իրենց երգչին»: Ըստ մեր տեղեկությունների, Ա. Մարտիրոսյանի «Մնա ինձ հետ» երգի տեքստի վրա աշխատում են մի քանի հոգի, այդ թվում՝ Սիրուշոն: Վերջինս չհերքեց ասվածը, հայտնեց, որ իր համար մեծ պատիվ կլինի, երբ հաստատվի երգի իր տեքստը: Մեզ հասած լուրը, թե Ռուսաստանը երգչուհի Էմմիին առաջարկել է իր երկիրը ներկայացնել «Եվրատեսիլում», իսկ «Հայեր» խմբի գերմանացի պրոդյուսեր Ուլի դել Անտոնիոն էլ նույն առաջարկը (ներկայացնել Գերմանիան) արել է խմբին, «Էմմի բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Նադեժդա Սարգսյանը հաստատեց, ասելով. «Մենք հրաժարվել ենք ներկայացնել այլ պետություն, սա մի մրցույթ է, որին պետք էր լրջորեն նախապատրաստվել, եթե անգամ համաձայնեինք էլ, միեւնույն է՝ դրա համար ժամանակը բավարար չէր»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել