Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական մտահոգություն՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո

Հունվար 21,2006 00:00

Պետական մտահոգություն՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո Հայաստանը ուշացումով միջոցներ ձեռք կառնի Անցյալ տարեվերջին ադրբեջանական իշխանությունների կողմից նոր թափով շարունակվեց Ջուղայի գերեզմանատան խաչքարերի ավերումը, ինչը Հայաստանի մշակույթի գործիչների, գիտնականների եւ հասարակական կազմակերպությունների շրջանում զայրույթ էր առաջացրել: Նրանք պահանջում էին կատարվածի կապակցությամբ պետական միջամտություն: Երեկ այս առիթով ասուլիս էր հրավիրել նաեւ ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: Նա հիշեցրեց, որ դեռեւս 1905-ին՝ Պետերբուրգ-Թեհրան երկաթուղու կառուցման ժամանակ, ցարական Ռուսաստանի օրոք շուրջ 5000 խաչքար է ոչնչացվել: Փոխնախարարի կարծիքով՝ խորհրդային տարիներին էլ են եղել ավերներ: Իսկ 2003-ին Միջազգային ԻԿՕՄՕՍ-ը Ջուղայի խաչքարերի ավերման փաստը համեմատել է թալիբների կողմից Աֆղանստանում Բուդդայի արձանների ավերման հետ: Ընդ որում, Ադրբեջանն ու Թուրքիան միջազգային ԻԿՕՄՕՍ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ են, Ադրբեջանը ստորագրել է «Մշակութային եւ բնության համաշխարհային ժառանգության պահպանության մասին», Ռազմական ընդհարումների ժամանակ հուշարձանների պահպանության եւ այլ կոնվենցիաներ: «2003-ին Եվրախորհրդի որոշմամբ պետք է Հայաստան գար մի խումբ՝ հայ եւ ադրբեջանցի մասնագետների միջոցով ուսումնասիրություններ կատարելու նպատակով, բայց այդ առաքելությունը չիրագործվեց, իսկ ադրբեջանցիներն ավելի ոգեւորված՝ մնացած խաչքարերը 2005-ի դեկտեմբերին զինվորների միջոցով ջարդուփշուր արեցին եւ Արաքսը լցրին»,- ասաց պրն Գյուրջյանը: Այժմ, երբ Ջուղայի խաչքարերի խնդրի շուրջ համախմբված հ/կ-ները, հայրենակցական եւ ստեղծագործական միություններն ու անհատները ստեղծել են Հայկական հուշարձանների պահպանության հանձնախումբ, վերջապես մեր կառավարությունն էլ է քնից արթնացել: «Պիտի կարողանանք համախմբել բոլոր ուժերը, մանավանդ վարչապետի ուղղակի հանձնարարականը կա մշակույթի նախարարությանը, որպեսզի ի մի բերվեն հ/կ-ների, հայրենակցական միությունների, գիտնականների, մշակույթի գործիչների էմոցիոնալ եւ ոչ էմոցիոնալ առաջարկները: Այդ ամենը կփորձենք հստակեցնել եւ միջազգային իրավական նորմերի շրջանակներում գործել… Թե չէ տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիները կարող են պետականորեն անել այն ամենը, ինչը հակասում է միջազգային նորմերին ու մնալ անպատիժ, իսկ մենք, որ անդամ ենք տարբեր միջազգային կազմակերպությունների, ե՛ւ սփյուռք ունենք, ե՛ւ լոբբինգ անելու հնարավորություն, ոչնչի չենք կարողանում հասնել»,- շարունակեց փոխնախարարը: Բնականաբար հարց հնչեց, թե միջազգային կառույցներից, որոնց դիմել էր Հայաստանը, ովքեր են արձաքանքել ու դատապարտել կատարված վանդալիզմը: Պարզվում է՝ միայն ամերիկյան ԻԿՕՄՕՍ-ի նախագահը եւ ԱՄՆ-ում գործող հայկական մի կազմակերպություն: Այնուամենայնիվ, պրն Գյուրջյանը լավատես է, հավատացած է, որ միջազգային հանրությունը դեռ կդատապարտի վանդալներին, ինչին հասնելու համար պիտի լիարժեք օգտագործել բոլոր՝ կառավարության, դիվանագիտական ու սփյուռքի հնարավորությունները: Հարցին՝ նախարարությունում կա՞ որեւէ բաժին, որը հաշվարկել է, թե աշխարհում քանի հայկական հուշարձան կա, պրն Գյուրջյանը պատասխանեց. «Նախարարությունը նման իրավասություն չունի: Հուշարձանը կարգավիճակ է, որ տրվում է տվյալ երկրի պետության կողմից տվյալ կառույցին: Օրինակ՝ մենք կարող ենք Ֆրանսիայում 16-17-րդ դարերում այսինչ հայի կառուցած շինությունը համարել հուշարձան, քանի որ մեզ համար թանկ է, բայց Ֆրանսիան կարող է այն իր երկրում հայտարարած չլինի հուշարձան»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել