Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐԸ

Հունվար 21,2006 00:00

ՊԱՅՔԱՐԸ ՆՈՐ ՍՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՈՒՄ Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի 19-րդ կարգի գերմրցաշարում մեկօրյա հանգստից հետո աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները վերսկսել են պայքարը: Առաջին չորս տուրերը մասնագետների գնահատմամբ ընթացան մարտական ոգով, մի բան, որը, անկասկած, սրություն, հետեւաբար՝ դիտարժանություն է հաղորդում մրցակցությանը: Ասվածի վկայությունը թեկուզ այն է, որ խաղացված չորս տուրերից յուրաքանչյուրում առնվազն երեք հանդիպում ավարտվել է արդյունավետ ելքով: Խոստումնալից է նաեւ վերսկսված պայքարի հաջորդ փուլը: Ինչ վերաբերում է Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին, նա, որպես նման բարձրակարգ մրցաշարի նորեկ, իրեն ամենեւին էլ վատ չի դրսեւորում: Նրա՝ մեկնարկային տուրում կրած միակ պարտությունը, թերեւս, հոգեբանական հուզվածության հետեւանք էր: Հինգերորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով ոչ-ոքի անելով անգլիացի հանրահայտ շախմատիստ Մայքլ Ադամսի հետ, պահպանեց դիրքերը մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում ու հետագայում հաջող հանդես գալու դեպքում առաջատարներին ընկերակցելու լավ հնարավորություններ է պահպանում: Նույն օրը մյուս զույգերը գրանցեցին այսպիսի արդյունքներ. Տիվյակով-Սոկոլով՝ 1/2, Տոպալով-Մամեդյարով՝ 1/2, Գելֆանդ-Վան Վելի՝ 1/2, Կարյակին-Բակրո՝ 1:0, Իվանչուկ-Կամսկի՝ 1:0, Անանդ-Լեկո՝ 1:0: Հերթական հաղթանակից հետո հնդիկ գրոսմայստեր Անանդը կրկին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Իսկ մրցաշարային աղյուսակը հինգ տուրից հետո այսպիսի տեսք ուներ. 1. Վիշվանաթան Անանդ՝ 4,0 2-3. Վեսելին Տոպալով՝ 3,5 Վասիլի Իվանչուկ՝ 3,5 4-5. Բորիս Գելֆանդ՝ 3,0 Սերգեյ Կարյակին՝ 3,0 6-8. Լեւոն Արոնյան՝ 2,5 Մայքլ Ադամս՝ 2,5 Շախրիյար Մամեդյարով՝ 2,5 9-12. Լյուկ Վան Վելի՝ 2,0 Պետեր Լեկո՝ 2,0 Իվան Սոկոլով՝ 2,0 Սերգեյ Տիվյակով՝ 2,0 13. Էտյեն Բակրո՝ 1,5 14. Գատա Կամսկի՝ 1,0 Երեկ՝ վեցերորդ տուրում, Արոնյանը սեւ խաղաքարերով հանդիպում էր ֆրանսիացի Էտյեն Բակրոյի հետ, որն այս մրցաշրջանում առայժմ իր հնարավորություններից թույլ է հանդես գալիս: Արոնյանը պետք է ձգտեր հաղթական մեկ միավոր վաստակել՝ մրցաշարային աղյուսակի առաջատարներին էլ ավելի մոտենալու համար, իսկ Բակրոն պայքարելու էր, որպեսզի հետ բերեր մեկնարկում ձեռքից բաց թողածը: Մյուս զույգերն էին. Սոկոլով-Լեկո, Կամսկի-Անանդ, Ադամս-Իվանչուկ, Վան Վելի-Կարյակին, Մամեդյարով-Գելֆանդ, Տիվյակով-Տոպալով: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել