Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏԺՈՒՄ

Հունվար 26,2006 00:00

«ՊԱՏԺՈՒՄ ԵՆ»՝ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր Հունվարի 21-ին, ժամը 20-ի սահմաններում Էրեբունի համայնքի Ավանեսով փողոցում ծոծրակին «չհաջողված հարված» ստանալով, մոտ 2,5 մետր խորությամբ փոսն է ընկնում Գագիկ Սարուխանյանը: Բարեբախտաբար, նա լուրջ վնասվածքներ չէր ստացել, ինչը պարզ դարձավ «Էրեբունի» հիվանդանոցում հետազոտման ենթարկվելուց հետո: Հաջորդ օրը Գ. Սարուխանյանը դիմել է Էրեբունու ոստիկանություն, նրան ընդունել են հերթապահները եւ ոստիկանապետի տեղակալը: Ըստ տուժողի՝ իր նկատմամբ կատարվածը կապված է Եվրոդատարանում վարույթի մեջ գտնվող իր գործի հետ: Պատմությունը հետեւյալն է. Գ. Սարուխանյանը 2003թ. մայիսի 30-ին առաջադրվել էր 12-րդ ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու: Սակայն օրեր առաջ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հայտնել էր, թե անվավեր է ճանաչվել նրա գրանցումը, քանի որ սեփականության հայտարարագիրը կեղծված է: Սարուխանյանը հայտարարագրում նշել էր, որ չունի սեփականություն, մինչդեռ կադաստրի գրությամբ նա ուներ որպես սեփականություն Արշակունյաց 135գ շենքի 13-րդ բնակարանը: Ըստ Գ. Սարուխանյանի՝ այդ բնակարանի միանձնյա սեփականատերը իր մայրն էր, նա դիմել էր դատարան, ուր նաեւ փաստաթուղթ էր ներկայացրել, որ սեփականատերը մայրն է: Պատասխանող կադաստրը փաստաթուղթ էր ներկայացրել, որտեղ սեփականատերերի մեջ նշվել էր Սարուխանյանի հանգուցյալ տատը: Ամբողջ խնդիրն այն է, որ 2003-ի ընտրություններում Սարուխանյանի մրցակիցն էր թաղային վաստակավոր հեղինակություն «Կարամելի Հարութը»՝ ԱԺ ներկայիս պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը: Չբավարարվելով դատարանների վճիռներով, Սարուխանյանը դիմել է Եվրոպական դատարան, նշելով պետական փաստաթղթի կեղծ լինելը: Գ. Սարուխանյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ ԵԴ ուղարկված գանգատի մի գլուխ վերաբերում էր «իշխանամետ զանգվածային լրատվամիջոցների կողմից վարկաբեկող տեղեկություններ տարածելու փորձերին»: Նրա կարծիքով, այդ հոդվածների քաղաքական աստառն ակնհայտ էր: Որպես ցցուն ապացույց, նա Եվրոդատարան էր ուղարկել արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման վարչության «Հարկադիր կատարողի տեղեկագիր» թերթը, ուր տպագրվել էր հրապարակում ոչ թե իրենց վերաբերող աճուրդների հայտարարությունների անցկացման կարգի, ժամանակի, տեղի մասին, այլ հոդված «Տղամարդը ալիմենտ է պահանջում» վերնագրով, ուր Սարուխանյանի ամուսնալուծության պատմությանը զուգահեռ տպագրվել են նրա մասնավոր կյանքին վերաբերող մանրամասներ: Ուշադրության արժանի է այն, որ դատարանի վճռով պահանջվել է հերքում տպագրել, սակայն արդարադատության նախարարության տեղեկագրում այն չի կատարվել: Գ. Սարուխանյանը նաեւ հավելել է, որ զրկված է ապրուստի միջոց վաստակելու իրավունքից եւ անգամ ձմեռվա սառնամանիքին անջատել են իր բնակարանի էլեկտրականությունը՝ թողնելով հիվանդ մորը, անչափահաս երեխաներին ցուրտ բնակարանում: «Իշխանական ճնշումների» շարքում Եվրոպական դատարան դիմած քաղաքացին հայտնում է նաեւ իր երեխայի առողջության հետ կապված «որակյալ բուժման անհնարինությունը»: Գանգատը գտնվում է Եվրոդատարանի 3-րդ բաժանմունքում: Այնտեղից տեղեկացրել էին, որ դեկտեմբերի 14-ին գանգատը քննության կդրվի (N 38978/03), իսկ Հայաստանի Հանրապետությունից պահանջվել էր պատասխանել վերոնշյալ մեղադրանքներին: Գ. Սարուխանյանին ԵԴ-ից օրեր առաջ տեղեկացրել էին, որ իշխանությունները ժամկետ են խնդրել մինչեւ հունվար: ԵԴ են ուղակվել 24 փաստաթուղթ, անգամ Գ. Սարուխանյանի հոր եւ տատի մահվան վկայականները, ԱԺ պատգամավորության թեկնածուի նրա վկայականները, 12 ԸԸՀ-ի 2003թ. մայիսի 3-ի թիվ 16 արձանագրությունը, «Առավոտ» օրաթերթի 2003-ի մայիսի 30-ի «Կարամելն ու իր բազուկը», «Այբ-ֆե» թերթի «Հաղորդում հանցագործության մասին. ահազանգում է Գ. Սարուխանյանը» հոդվածները: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել