Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգամանքների զորությունը

Հունվար 28,2006 00:00

Հանգամանքների զորությունը Հրանուշ Հակոբյանն առաջարկեց ԵՊՀ ռեկտորի «անցողիկ թեկնածու» Երեկ ԵՊՀ խորհրդի նիստում բուհական խորհրդի նախագահի պաշտոնի համար Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրեց խորհրդի անդամ Հրանուշ Հակոբյանը՝ այդպիսով թերեւս ցրելով իր՝ նախագահ դառնալու հավակնությունների մասին տարածված լուրերը։ Բուհի դեկաններից մեկի կողմից առաջադրվել էր նաեւ Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունը։ Սակայն վերջինիս մնում էր ինքնաբացարկ հայտնել։ «Առավոտը» Սերժ Սարգսյանին հիշեցրեց նախորդ նիստում իր արտահայտած կարծիքը, թե ցանկություն չունի խորհրդի նախագահ դառնալ։ «Ես երբեւիցե չեմ ակնկալել, որ կարող է իմ թեկնածությունը դրվել քվեարկության։ Ցանկանալ-չցանկանալու խնդիր չէ. դեպքեր, հանգամանքներ են լինում, որ դասավորվում են այնպես, որ մարդու ծրագրերին չեն համընկնում, կարծում եմ, որ սա այդ դեպքերից մեկն է»։ Ըստ տարածված կարծիքի, Ռ. Մարտիրոսյանի տապալումը հանրապետականների ձեռքի գործն էր, եւ որ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանն էլ դեռ վաղուց խորհրդի անդամ ուսանողական հատվածի հետ համաձայնության էր եկել այս հարցում։ Ըստ մեկ այլ տեսության, Ռ. Մարտիրոսյանի տապալումը դավադրություն էր Ռոբերտ Քոչարյանի դեմ, ով իբր սատարում էր Ռ. Մարտիրոսովիչին։ «Հայկական ժամանակի» հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ ունե՞ր այս ամենը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Եթե իմ ընտրությունը կապ ունի առաջին քվեարկության հետ, ապա այդ կապը բոլորովին ուրիշ է՝ ես առաջին քվեարկության ժամանակ քվեարկել եմ հօգուտ Ռադիկ Մարտիրոսյանի։ Եվ կցանկանայի, որ այսօրվա իրադարձությանը որեւէ մեկը չփորձեր քաղաքական ենթատեքստ տալ»։ Նախարարին ուղղված «Հայլուրի» հարցը վերաբերում էր առաջիկա ծրագրերին եւ ստվերայնության դեմ պայքարի միջոցներին. «Քվեարկությունից առաջ շատ հակիրճ ելույթ ունեցա եւ ասացի, որ, ցավոք, հայտնի պատճառով ծանոթ չեմ համալսարանի խորհրդի աշխատակարգին։ Եվ բնականաբար չէի կարող ծրագիր ներկայացնել կամ ընդարձակ ելույթ ունենալ։ Իմ համոզմունքն այն է, որ այդ աշխատակարգը պիտի լինի այնպիսին, որ հնարավորություն չտա խորհրդի նախագահին դառնալ պաշտոնյա եւ իրենով փոխարինել կամ խորհրդին, կամ ռեկտորին, այսինքն՝ բացառվում է երկփեղկվածության հնարավորությունը, եւ վստահ եմ, որ խորհուրդը պետք է դառնա մի այնպիսի մարմին, որ ստեղծի ամենաբարենպաստ պայմանները՝ համալսարանի ռեկտորի աշխատելու համար։ Խորհրդի դերը կլինի նրան օգնել, գուցե առաջին հերթին համալսարանից դուրս ծագած խնդիրների հարցում, իհարկե՝ նաեւ լսել նրա ծրագրերը, հաշվետվությունը։ Ինչ վերաբերում է ստվերայնության դեմ պայքարին (ուզում եմ, որ ասածս չհնչի որպես կեղծավորություն համալսարանի հանդեպ), ոչ միայն համալսարանը, այլեւ բանակը, բոլոր կառույցները չեն կարող զերծ լինել բոլոր այն թերություններից, որ բնորոշ են մեր հասարակությանը՝ մի տեղ քիչ ավելի լավ կարող է լինել, մի տեղ՝ քիչ ավելի վատ, բայց չի կարող մեկուսացված մի կառույց լինել, որտեղ ընդհանրապես չկան մեր հասարակության արատներին բնորոշ երեւույթներ։ Եկեք ձեռնպահ մնանք, այդ ամենը կասի նոր ռեկտորը։ Իմիջիայլոց, եթե չլիներ օրենքի դրույթը՝ տարիքի հետ կապված, ապա Ռ. Մարտիրոսյանը դեռեւս երկար ժամանակ կպաշտոնավարեր»։ Ի դեպ, պրն Սարգսյանը դեռ ոչ ոքի չի տեսնում ռեկտորի պաշտոնում։ «Ազատություն» ռ/կ-ն հարցրեց. «Ի՞նչ եք կարծում, ժամանակի առումով դժվարություններ չե՞ք ունենա. Դուք Պաշտպանության նախարար եք, Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԵՊՀ շրջանավարտների հոգաբարձուների խորհրդի նախագահ…»։ «Դուք իմ ոչ բոլոր պաշտոններն ու պարտականությունները թվարկեցիք,- ճշտեց խորհրդի նախագահը, ապա ավելացրեց,- կարծում եմ, որ նախ՝ խորհրդի նախագահը շատ չպիտի ծանրաբեռնվի համալսարանի հարցերով, երկրորդ՝ ես իհարկե չեմ նույնացնում շրջանավարտների եւ բուհական խորհուրդները, բայց կարծում եմ, որ նույնանման խնդիրների հետ պետք է առնչվել, այստեղ՝ մի քիչ ավելի պաշտոնական տեսանկյունից»։ «Նոյյան տապանի» հարցը. արդյոք ընտրությունն այս պաշտոնում հաջորդ մեկնարկ չէ՞ նախագահական ընտրություններին պատրաստվելու. «Չեմ կարծում, որովհետեւ ինչպես ասել եմ, դեռեւս շատ վաղ է 2008-ի մասին խոսել, 2008-ի մասին կխոսենք 2007-ից հետո»։ Դռների հետեւից լսել էինք Սերժ Սարգսյանի խոսքերը. «Առավոտյան թերթերը կգրեն, որ արդեն նվեր եմ ստանում»։ Հետաքրքրվեցինք, թե ինչ նվեր էր. «Պուշկինի լավագույն ստեղծագործությունների առանձնակի տպագրված օրինակը եւ Վահան Տերյանի հատընտիրը»,- պարզաբանեց նախարարը։ Նվերը մատուցել էին խորհրդի անդամ ուսանողները։ Նրանցից Դավիթ Հայրապետյանն իր գոհունակությունը հայտնեց ընտրությունների արդյունքից. «Կարծում ենք, որ Սերժ Սարգսյանի աջակցությունը բուհին կլինի նախ բարոյական։ Երբ դասախոսը զգում է ուժ համալսարանի խորհրդում, ավելի լավ է աշխատում»։ Ընդհանուր առմամբ, խորհրդի անդամները անակնկալ չէին համարում դեպքերի նման ընթացքը։ Իսկ Գրողների միության նախագահ, խորհրդի անդամ Լեւոն Անանյանն ասաց, որ ինքն արդեն 15 տարի է՝ ոչնչից անակնկալի չի գալիս։ Ռադիկ Մարտիրոսյանը մեզ հետ խոսելու ցանկություն չուներ։ Մեր հարցերին նա պատասխանում էր՝ «Գնացեք, իրենցից հարցրեք»՝ մատնացույց անելով խորհրդի մյուս անդամներին ու նախագահին։ Նա փակեց իր աշխատասենյակի դռներն ու հեռացավ։ Ռեկտորի ընտրությունները նախատեսվում է անցկացնել մարտի 22-ին։ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել