Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան կեղծեք՝ ձեր պատիվն ա

Փետրվար 08,2006 00:00

Ինչքան կեղծեք՝ ձեր պատիվն ա ԱՄՆ նախագահի վարչակազմը առաջարկել է 2007թ. Հայաստանին հատկացնել 50 միլիոն դոլարի օգնություն, ինչը 25 միլիոնով պակաս է, քան այս տարի: Այս մասին, հղում անելով Ամերիկայի հայկական համագումարին, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: ԱՀՀ-ն հայտնում է նաեւ, որ Բուշը առաջարկել է ՀՀ-ին տրամադրել 3,5 միլիոն դոլարի ռազմական օգնություն, մինչդեռ Ադրբեջանին՝ 4,5 միլիոնի: Առաջարկվող բյուջեն նաեւ նախատեսում է 885 հազար դոլար տրամադրել Ադրբեջանին՝ ռազմական կրթության եւ զորավարժանքի միջազգային ծրագրի շրջանակներում, իսկ Հայաստանին՝ 790 հազար: «Կրկնելով նախանցած տարվա փորձը՝ Բուշի վարչակազմը կրկին անհավասարակշիռ մոտեցում է որդեգրել Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ»,- մեկնաբանելով վերը բերված թվերը՝ ասել է Հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Էնթոնի Բարսամյանը: 2005 թ. համար Բուշի վարչակազմը առաջարկել էր Ադրբեջանին 6 միլիոն դոլարով ավելի ռազմական օգնություն հատկացնել, քան Հայաստանին, սակայն ամերիկահայ կազմակերպությունների ջանքերի շնորհիվ ի վերջո Հայաստանին եւ Ադրբեջանին հավասար չափով ռազմական օգնություն տրամադրվեց: Հավասարությունը պահպանվեց նաեւ 2006 թ.: «ՀՀ-ին առաջարկվող 50 միլիոնը անընդունելի է, մենք կաշխատենք մեր կոնգրեսական բարեկամների հետ»,- ասել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Հաղորդվում է նաեւ, թե ԱՄՆ հաջորդ տարվա բյուջեի՝ Հայաստանին վերաբերող մասում նշված է, որ «Հայաստանը տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների առումով Եվրասիայի առաջատարներից է»: Միաժամանակ, Բուշի վարչակազմը փաստում է, որ «սահմանադրական հանրաքվեի անցկացման ընթացքում ծագած պրոբլեմները ակնհայտ են դարձնում ժողովրդավարության հարցում օգնության անհրաժեշտությունը»: Փաստաթղթում նշված է, որ նման օգնությունը «կխթանի տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը նպաստող կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը, կնպաստի 2007 եւ 2008 թվականներին ազատ եւ արդար խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացմանը, կառավարության աշխատանքի թափանցիկությանը, անկախ մամուլի կայացմանը եւ աղքատության կրճատմանը՝ մասնավորապես գյուղատնտեսության բնագավառում բարեփոխումների իրականացման միջոցով»: Բուշի վարչակազմի առաջարկած օգնության չափը դեռ քննարկվելու է ամերիկյան Կոնգրեսի զույգ պալատներում: Այստեղ դժվար է դիմանալ մի քանի զավեշտների արձանագրման գայթակղությանը: Նախ, ԱՄՆ բյուջեի նախագծի վերոհիշյալ ձեւակերպումներից ուղղակիորեն բխում է, որ ՀՀ-ում հանրաքվեի համատարած կեղծումը, փաստորեն, խթանեց ամերիկյան օգնությունը: Բացի այդ, պետք է սպասենք, որ շատ շուտով ՀՀ-ում բազում խրոխտներ ԱՄՆ-ից պահանջելու են վերացնել մեզ եւ Ադրբեջանին հատկացված գումարների $1 մլն-ի տարբերությունը, բնականաբար, մոռանալով «մարտահրավերների գծով» միայն մեզ հատկացված 250 մլն դոլարի մասին: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել