Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-Ն

Փետրվար 08,2006 00:00

ՕԵԿ-Ն ՈՒ ՀՀԿ-Ն՝ ԸՆԴԴԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ՀԺԿ անդամ Վարդան Մկրտչյանը երեկ Սահմանադրական դատարան է ներկայացրել 27 պատգամավորների ստորագրությամբ դիմում՝ քաղաքացիների սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման մասին ՀՀ կառավարության որոշումների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու վերաբերյալ: Դիմումում խոսքը Երեւանի Բուզանդի փողոցի եւ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների գույքի մասին է, որն օտարվել է պետական կարիքների համար պատճառաբանությամբ: Վարդան Մկրտչյանն այս հարցով ՍԴ-ին դիմելու նպատակով ԱԺ-ում ստորագրահավաք էր նախաձեռնել դեռ 2005-ի աշնանը: Սակայն մինչ սահմանադրական փոփոխությունները ՍԴ դիմելու համար անհրաժեշտ էր 44 պատգամավորի ստորագրություն: Այժմ էլ բավարար 27 ստորագրությունները հավաքվել են ոչ միայն «Արդարության» պատգամավորների միջոցով: Վարդան Մկրտչյանը մեզ հայտնեց. «Ստորագրահավաքին միացել են թե՛ անկախ պատգամավորներ, թե՛ «Ժողպատգամավոր» խմբի անդամներ, կան ներկայացուցիչներ թե՛ ՕԵԿ-ից, թե՛ ՀՀԿ-ից, թե՛ ՄԱԿ-ից: Ասենք, ՕԵԿ-ից ստորագրել են Հովհաննես Մարգարյանը եւ Գագիկ Ավետյանը, ՀՀԿ-ից՝ Ռաֆիկ Գրիգորյանը: ՄԱԿ-ից էլ են 2 հոգի ստորագրել, «Ժողպատգամավորից»՝ 4-5-ը»: Քանի որ խոսքը կառավարության որոշումների օրինականությանն է վերաբերում՝ նախկինում կարող էր մտավախություն լինել, թե իշխանամետ պատգամավորները ճնշման ներքո կհրաժարվեն իրենց ստորագրություններից: Սակայն պրն Մկրտչյանը հիշեցրեց. «Այժմ օրենքով սահմանափակվել է ստորագրությունների հետկանչի իրավունքը»: Դիմումը չեն ստորագրել միայն ՀՅԴ-ն եւ «ԱՄ»-ն: Վերջինիս պահվածքն այս հարցում տարակուսելի է: Վարդան Մկրտչյանը հայտնեց. «Ես բոլոր խմբակցություններին բաժանել էի ստորագրությունների թերթիկներ: Մինչեւ վերջ էլ «Ազգային միաբանությունը» չվերադարձրեց այն, չնայած բազմիցս խնդրել էի, որ տան թերթիկը: Սակայն խնդիր չկա էլ, քանի որ առանց այդ էլ ունենք բավարար ստորագրություններ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել