Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՀ-Ի ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԿԽԹԱՆԻ՞ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Փետրվար 09,2006 00:00

ԲՈՀ-Ի ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԿԽԹԱՆԻ՞ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄԱԿ-ի փորձագիտական խմբի մշակած «ՀՀ գիտության բնագավառում պետական քաղաքականության հայեցակարգի»՝ Բարձրագույն որակավորման հանձնաժողովին (ԲՈՀ) վերաբերող առաջարկներին է անդրադառնում ԲՈՀ-ի նախագահի տեղակալ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը: ՄԱԿ-ի փորձագետների հայեցակարգում այս հատվածի համար առաջարկվում է մասնավորապես հետեւյալը. «Խորհրդային համակարգից ժառանգված գիտական կադրերի աստիճանավորման երկմակարդակ համակարգից (գիտությունների թեկնածու, գիտությունների դոկտոր) անցում կատարել միջազգային չափանիշներին համապատասխանող ու ՀՀ միջազգային պարտավորություններից (առաջին հերթին՝ Բոլոնիայի համաձայնագրից) բխող աստիճանավորման միամակարդակ համակարգին՝ դոկտորանտուրային: …Գիտական աստիճանների վկայականների հանձնման նպատակով իրականացվող փորձաքննության գործառույթները ներկայիս ԲՈՀ-ից կփոխանցվեն համապատասխան համալսարանների գիտական խորհուրդներին»: Լ. Արզումանյանն այս կապակցությամբ ասում է. «Բոլոնիայի հռչակագրում այդպիսի պահանջ ընդհանրապես չկա: Կա միայն համադրելիության խնդիր, իսկ դա մեր երկրում վաղուց լուծված է. ԲՈՀ-ի կողմից տրվող վկայագրերը միանգամայն բավարարում են միջազգային կոչվող չափանիշներին: Իսկ նշված «խորհրդային համակարգի մնացուկը», այսինքն երկաստիճան համակարգն այսօր առկա է շատ երկրներում (Գերմանիա, Բելգիա, Ավստրիա, Շվեդիա, Հունգարիա, Ռուսաստան, Սլովակիա, Սինգապուր, Ավստրալիա եւ այլուր): Քանդելը դարձել է գործընթաց՝ «Բոլոնիայի» տեսքով, բարեփոխման մարմաջով ու շղարշով: ԲՈՀ-ի փոխնախագահն այսպես է արձագանքում իր հիմնարկի լուծարման առաջարկին. նախ. դո՞ւք եք ստեղծել ու սարքել, որ լուծարում եք: Գիտե՞ք ոնց է ստեղծվել, էն մութ ու ցուրտ տարիներին, տքնանքով ու նվիրումով: Լուծարում եք, ու ձեզ թվում է, թե ինքնաբերաբար հարցե՞ր են լուծվելու: Ասենք, ճիշտ է, ինքնաբերաբար դոկտորների հասարակություն կլինի, ու կարժեզրկվի երեւույթը այնպես, ինչպես բարձրագույն կրթությունն այսօր: Ո՞ւմ է դա ձեռնտու եւ ինչի՞ համար»: Հանուն արդարության նշենք, որ հայեցակարգի վերջնական տարբերակում «Բոհը պետք է լուծարել» նախադասությունը հանված է: Եվ ձեւակերպումն այսպես է. «Բարձրագույն որակավորման հանձնաժողովի բազայի հիման վրա նպատակահարմար է ձեւավորել Փորձագիտության եւ բարձրագույն որակավորման ազգային գործակալություն, որին, գիտական թեմաների եւ հետազոտությունների արդյունքների փորձագիտության հետ մեկտեղ, ամրագրված կլինի նաեւ գիտական կոչումներ (դոցենտ, պրոֆեսոր, Գրանդ դոկտոր եւ այլն) շնորհելու գործառույթները»։ «Մի կողմ եմ դնում նշված նախագիծը,- ասում է Լ. Արզումանյանը,- պարզապես մի քանի հարցադրումներ. ո՞վ է որոշել, որ միաստիճան համակարգը ավելի լավն է, քան երկաստիճանը եւ ինչո՞ւ, ո՞վ է որոշել, որ ասպիրանտուրայի փոխարինումը դոկտորանտուրայով այսօր նպատակահարմար է մեզ, ո՞վ է որոշել, որ ԲՈՀ-ի լուծարումը նպաստելու է գիտությանը: Եվ, վերջապես, ո՞վ է որոշել, որ մեր ունեցածը հիմնավորապես անպետք է, եթե միջազգային չափանիշ այնուամենայնիվ չկա: Բարեփոխումներն իհարկե անհրաժեշտ են՝ դրական տեղաշարժերի, հետագա զարգացման, լճացած իրավիճակից դուրս պրծնելու, համակարգը առողջացնելու նպատակներով: Եվ, բնականաբար, բարեփոխման կարիք ունի նաեւ ԲՈՀ-ը: Ստեղծման օրից ի վեր շատ բան է փոխվել: Չգիտես ոնց եւ ինչու գիտական աստիճանը դարձել է գիտությունից անկախ մի «ուսադիր», որին ձգտում են համատարած բոլորը, ամեն ինչ ունեն, այս մեկը պակասում է: Բայց չէ՞ որ գիտական աստիճանը ենթադրում է գիտություն: Ցավն էլ այն է, որ այս անկասելի ընթացքին առաջին հերթին նպաստում են գիտնականները, որովհետեւ մինչեւ վկայագիր հանձնելու պահը՝ նրանք են ճանապարհ տվողը եւ աստիճան շնորհողը: Նախ. պետք է անպայմանորեն փոխվի ԲՈՀ-ի կարգավիճակը, այն պետք է լինի ավելի բարձր ենթակայության՝ ՀՀ նախագահի կամ ՀՀ վարչապետի: Պետք է անպայման վերանայվեն կանոնադրությունն ու կանոնակարգը, պետք է հստակեցվեն ու խստացվեն չափանիշները: Այնպես որ՝ անգամ ԲՈՀ-ի նախագահը չկարողանա շրջանցել ու խախտել կարգը: Ինչ վերաբերում է Բոլոնիայի չարչրկված համաձայնագրին: Արդյոք ճիշտ չի՞ լինի մի անգամ ամբողջությամբ թարգմանել ու տպագրել այդ համաձայնագիրը եւ դրան հաջորդող փաստաթղթերը, որ բոլորը տեսնեն, թե ինչ է գրված այնտեղ, թե չէ ստացվում է «գյուղից մարդ չկայի» տարբերակը: Որտե՞ղ է գրված, որ ԲՈՀ չպետք է լինի: Ասվում է՝ արտասահմանում չկա: Ասենք չկա. իսկ ո՞ր արտասահմանում յուրաքանչյուր գյուղ համալսարան ունի եւ համալսարանի դասախոսը այնքան է վարձատրվում, որ գոյատեւելու համար «մեծապատիվ մուրացկանի» կարգավիճակ ստանա: Ո՞ր արտասահմանում է ազգի «ամենակարողի» զավակն անպայման պաշտպանում, որ բանակից ազատվի: Ո՞ր արտասահմանում է բուհի ընդունելության քննությունները դառնում համազգային հոգս ու պրոբլեմ: Ես, իհարկե, չեմ բացառում, որ կգա մի այնպիսի օր, երբ ԲՈՀ-ի կարիքը չի լինի: Բայց ԲՈՀ-ի վերացումը որպես երեւույթ պետք է մի շարք պրոցեսների արդյունք լինի. եթե Հայաստանում գործի ընդամենը 5-10 բուհ, եթե այդ բուհերում սովորեն միայն արժանավորները, եթե բուհերի դասախոսական կազմը վարձատրվի այնքան, որ մարդավայել ապրի, եթե բուհերում անօրինականություններ չարվեն, եթե հիմնարկները աշխատանքի ընդունեն գրագիտության համար, եթե գործեն կրթական լիարժեք ծրագրեր ու օրենքներ, եթե գիտությունը արվի հանուն գիտության»,- նշում է Լ. Արզումանյանը: Պատրաստեց Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել