Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԾ ԵՐԱԶ, ՓՈՔՐ ՀՈՒՅՍ»

Հունիս 24,2006 00:00

Իրականության եւ տեսլականների արանքներում

Ռուսական ասացվածքն ասում է. «սեփական շապիկդ մարմնիդ ավելի մոտ է»: Իմաստը բացատրել թերեւս չարժե, բոլորը գիտեն: Բայց դրա ճշմարտացիությունն ապացուցող մեկ գործնական օրինակ, այնուամենայնիվ, հարկ ենք համարում վկայաբերել: Օբյեկտիվորեն, արաբա-իսրայելական հակամարտությունը շատ ավելի բարդ, ընդգրկուն եւ խճճված է, քան, ասենք՝ ղարաբաղյանը: Առաջին դեպքում խնդիրը պարունակում է ինչպես զուտ քաղաքական, այնպես էլ ընդգծված էթնոհոգեբանական, պատմա-աշխարհագրական, մշակութաբանական եւ կրոնաբարոյական ենթաշերտեր: Թերեւս դա է պատճառը, որ շատ փոքրիկ տարածք զբաղեցնող այդ հակամարտության գոտում զարգացող դրամատիկ իրադարձություններն անմիջականորեն շոշափում են մի կողմից գրեթե ողջ իսլամական աշխարհի, մյուս կողմից՝ Արեւմուտքի եւ, մասնավորաբար, ԱՄՆ-ի շահերը, վերածվելով հիրավի համաշխարհային թնջուկի: Եվ որքան միջազգային հանրությունն ակտիվացնում է իր ջանքերն այդ չարաբաստիկ հակամարտությունը փոքրիշատե մեղմելու համար, այնքան խնդիրն ավելի անլուծելի է թվում: Այս ամենով հանդերձ, եթե որեւէ հայաստանցու կամ ադրբեջանցու հարցնես. վերը նշվածներից ո՞ր հակամարտությունն է ավելի բարդ, մեծ հավանականությամբ կպատասխանեն՝ ղարաբաղյանը: Անշուշտ, այստեղ գործում է հիշատակված ասացվածքի տրամաբանությունը: Սակայն պակաս դեր չի խաղում նաեւ հակամարտող կողմերում ծավալվող քարոզչությունը, որի անընդհատ եւ հիմնականում՝ միակողմանի տարափի տակ էլ, տարիների ընթացքում, ձեւավորվում է առանձին անհատների վերաբերմունքը սեփական եւ հարակից տարածաշրջաններում բոցկլտացող հակամարտությունների նկատմամբ:

Ասվածի համատեքստում կարող է թվալ, որ շատ ավելի հին նախապատմություն եւ դժնդակ դիմակայության առավել «հարուստ» փորձ ունեցող արաբա-իսրայելական հակամարտության գոտում ձեւավորված անհատները, ի համեմատ մեզ, պետք է որ ավելի անհանդուրժող եւ «հանդիպակաց ճամբարի» նկատմամբ ավելի չարացած լինեն, մանավանդ որ, մի կողմից պաղեստինյան, մյուս կողմից՝ իսրայելական քարոզչամեքենաները տեւականորեն արել են իրենց սեւ գործը: Եվ իրոք, հիմնականում այդպես էլ կա: Այնուամենայնիվ, պարզվում է, որ անգամ այնտեղ՝ ատելության կրակների մեջ այրվող Պաղեստինում կան սթափ եւ, որքան էլ պարզունակ հնչի, պարզապես նորմալ մտածողությամբ մարդիկ, ովքեր, ի հեճուկս սնամեջ եւ վտանգավոր լեգենդներից սնվող քարոզչության, իրերը կոչում են իրենց անուններով եւ անգամ փորձ են անում երիցս անպտուղ ատելությամբ կուրացածներին ճիշտ ճանապարհ ցույց տալ, չվախենալով «ագրեսիվ հայրենասիրության» հնարավոր վրեժից: Դա «փոքր հույսի» հաստատման եւ «մեծ երազի» մերժման ճանապարհն է: Այդ մարդկանցից է պաղեստինցի գիտնական, քաղաքագետ, պրոֆեսոր Մոհամեդ Ս. Դաջանին, ով վերջերս այցելել էր Հայաստան՝ մեր երկրում եւս ներկայացնելու վերջին տարիներին աշխարհահռչակ դարձած իր «Մեծ երազ, փոքր հույս» աշխատությունը: Ստորեւ՝ համառոտ այն մասին, թե ինչ է այն իրենից ներկայացնում:

Պրոֆեսոր Դաջանիի «Մեծ երազ, փոքր հույս»-ը նկարագրում է երկու պատմական թշնամիների միջեւ խաղաղության կայացման հեռանկարը։ Ավելի քան հինգ տարի աշխատելով իր այս ակնառու աշխատության վրա՝ նա այն ներկայացրել է շուրջ 40 միջազգային, տարածաշրջանային ու տեղական համաժողովներում, որոնք կայացել են Երուսաղեմում, Թել Ավիվում, Հաագայում, Աթենքում, Ստամբուլում, Նիկոսիայում, Բրյուսելում, Բարսելոնում, Հռոմում, Անթալիայում, Կահիրեում, Դերբորնում, Սան Ֆրանցիսկոյում, Վաշինգթոնում եւ այլուր։ Տեքստի, լուսանկարների, ծաղրանկարների, մեջբերումների ու բանաստեղծությունների միջոցով դ-ր Դաջանին մարդկանց ձեռքից բռնած նրանց ուղեկցում է դեպի շարունակվող հակամարտության արահետը, որպեսզի մատնացույց անի ապագան՝ խաղաղության ու համագոյակցման պայմաններում։ Նա զգուշացնում, է որ եթե Իսրայելն ու Պաղեստինը ընթանան մեծ երազի ճանապարհով, որով մեկը մերժում է մյուսի գոյությունը եւ կոչ է անում բռնությունների միջոցով պարտության մատնել մյուսին, ապա հակամարտությունը երբեք չի կարգավորվի։ Օսլոյի խաղաղության գործընթացի հիմնական պտուղներից մեկը հիմնական գործող կողմերի ինքնության արմատական փոփոխությունն էր։ Միջին Արեւելքի երկու հակամարտող կողմերի միջեւ հակամարտության ազգայնական բնույթը (արաբ-իսրայելական) փոխվել է՝ դառնալով սոցիալ-քաղաքական (հանուն խաղաղության/ընդդեմ խաղաղության)։ Խաղաղության գործընթացի խորացմանը զուգընթաց, այս տարբերակումը առավել հստակեցվել ու մշակութահոգեբանական միտվածություն է ստացել, եւ մի ճամբարում հանդես են գալիս նրանք, ովքեր աշխարհիկ պայքարում ձգտում են դեպի մեծ երազը, իսկ մյուս ճամբարում՝ մարտնչում են հանուն «փոքր հույսի»։ «Մեծ երազի» պաշտպանները, որոնք ներկայումս մեծամասնություն են կազմում, պայքարում են հանուն չարի նկատմամբ իրենց ընկալած բարու հաղթանակի ու արդյունքում ձգտում են պաղեստինա-իսրայելյան տարածքում հիմնել իրենց պատմական պետությունը՝ բացառելով մյուսին։ Այս նպատակին հասնելու համար «մեծ երազի» ջատագովներն իրենց կրթական համակարգում կիրառում են խիստ ազգայնական առարկայական ծրագիր, որը մյուս կողմին ներկայացնում է ամենավատ սատանայական գույներով։ Դա հակամարտություններ հրահրող կրթություն է, որը նոր սերունդներին փոխանցում է նախնիների պատերազմի փիլիսոփայությունը։ Այն կառուցվում է հողի հետ ժողովրդի զգայական կապվածության ու պատմության հիման վրա։ «Փոքր հույսի» ջատագովները, որոնք այսօր փոքրամասնություն են կազմում, կարծում են, որ երկու ժողովուրդները կարող են խաղաղ համագոյակցել ու պաշտպանում են կարգավորման այն տարբերակը, որով ձեւավորվում է երկու պետություն՝ Երուսաղեմ ընդհանուր մայրաքաղաքով, որոնք կողք-կողքի խաղաղ ու անվտանգ գոյատեւում են։ Աշխատությանը ծանոթանալ ցանկացողները կարող են այն գտնել www.bigdreamsmallhope.

com հասցեով կայքում:

Երբ այս աշխատության հայաստանյան շնորհանդեսից հետո պրոֆեսոր Դաջանիին հարցրի. ինչպե՞ս է այն ընդունվել իր հայրենիքում, նա պատասխանեց. «բնականաբար՝ վատ, սակայն կան փոքր թվով մարդիկ, ում հոգեհարազատ են դրանում ներկայացված շեշտադրումները: Իսկ մարդկանց փոքր թիվը ինձ չի հուսահատեցնում: Չէ՞ որ վերնագրում էլ ասված է՝ փոքր հույս»: Թերեւս վատ չէր լինի, որ Ադրբեջանում եւ Հայաստանում նույնպես մարդիկ լայնորեն ծանոթանային Դաջանիի աշխատությանը: Նրանք այնտեղ իրենց համար օգտակար շատ բան կգտնեին:

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել