Լրահոս
Օրվա լրահոսը

Սեմնեբին, չգիտես ինչու, ակնկալում է…

Հուլիս 25,2006 00:00

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հուլիսի 29-ին Երեւան կատարելիք այցի ընթացքում մտադիր չէ ԼՂ հակամարտության կարգավորման նոր առաջարկներ բերել:

Այս մասին երեկ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ մատուցած համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: «Մեր ակնկալիքները ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի այցից կապված են այն բանի հետ, որ նա կկարողանա վերադարձնել ադրբեջանցիներին բանակցությունների սեղանի շուրջ: Եթե ադրբեջանցիները համաձայնեն վերադառնալ այդ առաջարկներին, բանակցությունների նոր փուլի անցնելու եւ առաջընթացի ձեռք բերման հնարավորություն կստեղծվի, հակառակ դեպքում իրադրությունը ԼՂ-ում կարող է բարդանալ»,- ասաց Օսկանյանը: Նրա խոսքերով, ՄԽ առաջարկների փաթեթը կարող է քննարկվել նաեւ 2007 թ., սակայն դրա համաձայնեցումը 2007-ին կդժվարանա՝ նկատի առնելով առաջիկա ընտրությունները: «Նոր փաթեթը չի կարող օդից վերցվել, կարող են աննշան շտկումներ կատարվել առանձին կետերում, սակայն հիմնական սկզբունքները չեն կարող փոփոխվել»,- ընդգծեց ԱԳՆ ղեկավարը:

Իր հերթին, ՀԿ-ում ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտարարեց, թե ցավում է, որ հակամարտության կարգավորման համաձայնությանը չհաջողվեց հասնել մինչեւ G8-ի վեհաժողովը: Վերջինս, սակայն, հույս հայտնեց, թե «կարվեն բոլոր հնարավոր քայլերը շրջանակային կարգավորմանն արագ հասնելու համար»: Նա չպատասխանեց ձեւաչափի հնարավոր փոփոխության մասին հարցին՝ ասելով, թե բանակցության ձեւաչափի խնդրով զբաղվում է ԵԱՀԿ-ն: Սեմնեբին ասաց նաեւ, թե Երեւանում չի քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման տարբերակները, այլ միայն գնահատել է կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը: Ըստ եվրոպացի բանախոսի, իր ներկայացրած կառույցը շարունակում է դեմ լինել խնդրի ռազմական կարգավորմանն առնչվող կոչերին, որ կողմից էլ որ դրանք հնչեն: Սակայն պատերազմի վերսկսում հրահրող կողմի հանդեպ «պատժամիջոց» արտահայտության փոխարեն Սեմնեբին նախընտրում է օգտագործել «համոզել» արտահայտությունը: «Հարկ է կողմերին համոզել, որ ռազմական գործողությունը չի բխում իրենց շահերից, առավել եւս, որ ժամանակակից աշխարհում տնտեսությունը դառնում է բաց, ներդրումներ են կատարվում նաեւ տարածաշրջանի երկրների տնտեսություններում, եւ ռազմական գործողությունը նշանակում է հարված այդ գործընթացներին, քանի որ մեծանում են ներդրումային ռիսկերը»:

«Մենք ակնկալում ենք, որ 2007թ. կայանալիք ընտրությունները կհամապատասխանեն եվրոպական նորմերին»,- անդրադառնալով ՀՀ-ում կայանալիք առաջիկա ԱԺ ընտրություններին՝ հայտարարեց Սեմնեբին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը, սակայն, գերադասեց չպատասխանել հարցին, թե ի՞նչ քայլեր կձեռնարկի Եվրամիությունը, եթե Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, այնուամենայնիվ, չհամապատասխանեն միջազգային չափանիշներին:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել