Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՊԱՏԱԿԸ՝ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՆ

Հունվար 09,2007 00:00

Անցած տարվա դեկտեմբերի 28-ին կայացած Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գործկոմի նիստում օրախնդիր կարեւոր հարցեր իրենց լուծումն ստացան:

Դրան հաջորդած տարեվերջի տոնական երեկոյի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը ֆեդերացիայի անդամներին իրազեկեց ընդունված որոշումներին: 2007 թվականին եւ դրանից հետո ֆեդերացիայի գործունեությունը գլխավորապես նպատակաուղղված է լինելու մարզաձեւը պատանիների շրջանում զարգացնելուն, որի համար արվել ու արվելու է անհրաժեշտ ամեն բան: Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Հայկազ Հովհաննիսյանը ֆինանսական աշխատանքների մասին հաշվետվությունում հատուկ ընդգծեց, որ ֆեդերացիայի շուրջ հարյուր անդամներ տարվա ընթացքում տարբեր պատճառներով անդամավճար չեն մուծել, եւ առաջարկեց հարցի լուծման գործնական ուղիներ գտնել՝ ընդհուպ մինչեւ անդամության քարտերով նախատեսված արտոնություններից զրկելը:

ՀՁՖ պատասխանատու քարտուղար Նորայր Ստեփանյանն ամփոփեց մրցաշրջան 2007-ում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի հովանու ներքո կազմակերպված 11 միջոցառումների արդյունքները, որոնց մեջ հատկապես կարեւորեց պատանիների միջեւ կազմակերպված մրցումները, ինչպես նաեւ մարզիչների որակավորման բարձրացման նպատակով միջազգային ճանաչում ունեցող մասնագետների ներգրավմամբ կազմակերպված սեմինար պարապմունքները: Նա նշեց նաեւ, որ Մալայզիայում անցկացված մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի համաժողովում ՀՁՖ-ն դասվել է ամենից արագ զարգացող ազգային ֆեդերացիաների շարքում, որի համար հատուկ որոշում է կայացվել Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան երրորդ ենթախմբից տեղափոխել ավելի բարձր՝ եվրոպական ենթախումբ: Նշելով, որ մինչեւ այժմ հանրապետությունում կազմակերպված բոլոր մրցումներն անցկացվել են Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի բազայում, Ն. Ստեփանյանը Հայաստանում գործող մարզաձեւի ակումբներին հորդորեց ավելի ակտիվանալ եւ նույնպես հանդես գալ նախաձեռնողի ու կազմակերպողի դերում: Հ. Հայրապետյանը համառոտ ներկայացրեց ֆեդերացիայի բարեփոխված նոր կանոնադրությունը, այս տարվա անելիքների հիմնական ուղղությունները: Ըստ նրա՝ սկսած 2007 թվականից հանրապետության տարածքում գործող բոլոր ակումբները, մարզիկները եւ նժույգները պարտավոր են մինչեւ փետրվարի 1-ը գրանցվել ֆեդերացիայում, ինչպես պահանջում է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կանոնադրությունը: Բացի դա, ակումբներն ու կենտրոնները պարտավոր են նույն ժամանակահատվածում պաշտոնապես ներկայացնել տարվա ընթացքում իրենց անելիքների ծրագրերը, որպեսզի հնարավոր լինի 2007 թվականին ֆեդերացիայի աշխատանքների ավելի հիմնավոր պլաններ կազմել: Նա նաեւ տեղեկացրեց, որ նոր կանոնակարգով նպատակ կա մարզաձեւի դրվածքն ամբողջությամբ համապատասխանեցնել միջազգային ֆեդերացիայի բոլոր պահանջներին՝ նվազագույնի հասցնելով, եթե չասենք առայժմ բացառելով մինչեւ այժմ տեղ գտած գավառական գործելաոճը:

Վերջում պարոն Հայրապետյանն անդրադարձավ նաեւ հանրապետությունում մարզաձեւի արմատավորման ու զարգացման գործում լրատվամիջոցների ունեցած կարեւոր դերակատարությանը՝ նշելով, որ մամուլը, լուսաբանելով մարզաձեւում կատարված աշխատանքը, վեր հանելով եղած վրիպումներն ու թերությունները, անգնահատելի աջակցություն է ցույց տալիս ֆեդերացիային: Մի հանգամանք, որը նույնպես արժանի է գնահատանքի: Այդ նպատակով հենց մարզական լրագրողներից կազմվել է մի հանձնաժողով, որն ուսումնասիրել է տպագիր մամուլում հրապարակված նյութերը եւ միաձայն որոշել, որ անցած տարում մարզաձեւը լավագույնս լուսաբանել է «Առավոտ» օրաթերթը, որի մարզական էջի պատասխանատուն պարգեւատրվեց դրամական խոշոր պարգեւով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել