Օրերս ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդեւանյանը եւ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը Ստրասբուրգում հանդիպեցին Եվրոպայի առողջապահության եւ դեղերի որակի տնօրինության ղեկավար Պետրա Դյորի հետ՝ քննարկելու Հայաստանում եվրոպական որակի չափանիշներին համապատասխանող դեղերի հասանելիության հարցը։
Aravot.am-ի խնդրանքով Հարություն Հարությունյանը մանրամասներ ներկայացրեց այդ հանդիպումից։ «Մեր նպատակն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ունենանք Եվրոպական խորհրդի, Եվրոպական միության, առհասարակ, Եվրոպայում ճանաչված բարձրորակ դեղերի գրանցման պարզեցված ընթացակարգ։ Եվ այդ մասով արդեն իսկ հանդես ենք եկել օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ։ Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդն ունենա իրական հասանելիություն եվրոպական բարձրորակ դեղերին, ինչը բերելու է Հայաստանի Հանրապետությունում դեղերի գնի շուրջ 20 % իջեցման։
Հայաստանի Հանրապետությունում կա գրանցված 3977 անուն դեղ, այնինչ հարեւան Վրաստանում գրանցված է 12 հազար դեղ։ Իսկ Եվրոպայի տարբեր երկրներում, օրինակ, Գերմանիայում, շուրջ 25 հազար դեղ է գրանցված։ Դրա պատճառն այն է, որ Հայաստանում դեղերի մասին օրենքը շատ բարդ ընթացակարգ է նախատեսում նոր ներմուծվող դեղերի գրանցման համար։
Մենք գտնում ենք, որ եթե եվրոպական երկրներում կան արդեն իսկ համապատասխան սերտիֆիկացված դեղեր, որոնց որակը ստուգված է բազմիցս եւ կա որակի համապատասխան վկայագիր, այդ մասով Հայաստանում լրացուցիչ երկարատեւ փորձաքննություններ անելու անհրաժեշտություն չկա։ Այդ պրոցեսը կարող է կազմակերպվել բացառապես փաստաթղթային փորձաքննության հիման վրա, ինչը եւ դեղերի որակը կբարձրացնի եւ գների իջեցում կունենա եւ մրցակցությունը կբարելավի։ Մեր ժողովուրդն էլ հնարավորություն կունենա որակյալ դեղերով իր առողջապահական խնդիրներին լուծումներ գտնել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք, թե եվրոպական այդ հեղինակավոր կազմակերպությունում տեղյա՞կ էին Հայաստանում դեղերի շուկայում տիրող վիճակին։ «Ոչ; Տեղյակ չէին։ Շատ ողջունեցին «Ուժեղ Հայաստան» դաշինքի խմբակցության այդ նախաձեռնությունը, եւ իրենք եւս հանձնառու են օժանդակելու մեզ, որպեսզի այդ օրենսդրական փոփոխությունը մեր ժողովրդի համար հնարավոր արագ եւ անխոչընդոտ կերպով իրականացվի»,-պատասխանեց մեր զրուցակիցը։
Իսկ հարցին, թե մտավախություն չկա՞, որ Հայաստանում դեղերի բիզնեսով զբաղվողները կցանկանան ամեն կերպ դիմադրել օրենսդրական փոփոխության ընդունմանը, Հարություն Հարությունյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ այդ նույն խոշոր ներմուծողները՝ մեծածախ վաճառքի թույլտվություն ունեցողները, իրենք եւս ունենալու են եվրոպական բարձր որակի դեղորայք ներմուծելու եւ Հայաստանի Հանրապետությունում իրացնելու հնարավորություն»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































