Անկասկած բնական բանականությունը (մարդու ուղեղ) և արհեստական բանականությունը (ԱԲ) իրենց գործունեության և հնարավորությունների տիրույթում ունեն արմատական տարբերություններ: Հայտնի է, որ մարդկային բանականությունը հիմնված է նրա կենսաբանական էվոլյուցիայի, զգացմունքների ու ճկունության վրա: Արհեստական բանականությունը հիմնված է մաթեմատիկական ալգորիթմների, հսկայածավալ տվյալների ու հաշվելու արագության վրա:
Ընդհանրապես բանականություն ասելով դասական իմաստով հասկանում ենք մարդու մտածական գործընթացների մակարդակը, նոր իրավիճակները ճիշտ ընկալելու, հասկանալու, իմաստավորելու, ինքնուրույն խնդիրներ լուծելու, տեղեկույթի տարբեր մասնաբաժինների միջև տրամաբանական կապեր հաստատելու կարողությունը:
ԱԲ-ն միջճյուղային գիտություն է, որտեղ մեծ է ֆիզիկոսների, մաթեմատիկոսների և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների (ՏՏ) դերը, իսկ ժամանակակից ԱԲ-ի «ուղեղը» հանդիսացող մեքենայական ուսուցումը և այսպես կոչված՝ նեյրոնային ցանցերը մեծապես հիմնված են ֆիզիկայի օրենքների, ֆիզիկոսների մեծ հայտնագործությունների հետ:
Այս մատչելի ներկայացման խնդիրը մարդկային բանականության ու ԱԲ-ի հիմնական օրինաչությունների վեր հանումն ու համեմատումն է:
Կարդացեք նաև
Այսպես՝ բնական բանականության ծագումը կենսաբանական է, իսկ հիմքը՝ նեյրոնները, սինափսները և էվոլյուցիան:
ԱԲ-ի ծագումը տեխնոլոգիական է, իսկ հիմքը՝ սիլիցիումային չիպերը, կոդերն ու ալգորիթմներն են:
Մարդու ուղեղը ունի չափազանց բարձր էներգաարդյունավետություն՝ այն մոտ 20 Վատտ է սպառում:
Այդ պարամետրով ԱԲ-ն՝ նրա սերվերները, սուպերհամակարգիչները ահռելի քանակությամբ էներգիա են սպառում:
Մարդու ուղեղը չափազանց դանդաղ է մշակում ինֆորմացիան, իսկ ահա ԱԲ-ն այն կատարում է գերմեծ արագություններով՝ վրկ-ում կատարելով միլիարդավոր գործողություններ:
Ճկունության և ադապտացիայի տեսանկյունից մարդը լավ է հարմարվում նոր իրավիճակներին, իսկ ԱԲ-ն՝գործում է միայն «իրեն սովորեցրած» կանոնների շրջանակում:
Մարդը ունի ինքնագիտակցություն, զգացմունքներ, էմպատիա և բարոյական արժեքներ, իսկ ԱԲ-ն՝ չունի գիտակցություն, խիղճ, կամ զգացմունքներ ու միայն դրանք նմանակում է:
Ինչ վերաբերում է ստեղծագործությանը, ապա մարդու ուղեղում է ծնվում բացարձակ նոր գաղափարներ (այդ թվում նաև ԱԲ-ի գաղափարը), արվեստ և իհարկե՝ աբստրակտ մտածողություն: Այս առումով ԱԲ-ն միայն վերահամադրում է արդեն իսկ գոյություն ունեցող տվյալները՝ դրանցից ստեղծելով նոր համակցություններ:
Ասածից կարելի է եզրահանգել բանականությունների հիմնական առավելությունների ու թերությունների մասին:
Մարդկային՝ բնական բանականության ուժը նրանում է, որ մարդը կարող է գործել նույնիսկ անորոշության պայմաններում, հասկանալ համատեքստը, ակնարկները, հումորը ու կայացնել իրավիճակին համապատասխանող որոշումներ: Անկասկած դրանք կարող են հիմնված լինել նաև ներքին բնազդի՝ ինտուիցիայի վրա:
Արհեստական բանականության ուժը նրա չհոգնելու և չծերանալու մեջ է (ի տարբերություն մարդկային ուղեղի): Անհերքելի է նաև նրա ճշգրտության բարձր աստիճանը և վայրկյանների ընթացքում հսկայական տեղեկույթ ընդունելու և վերլուծելու ունակությունը: Կարելի է պնդել, որ ԱԲ-ն համարյա չի սխալվում հենց չհոգնելու ու էմոցիաներից զուրկ լինելու պատճառով:
Եթե ենթադրությունների դաշտ տեղափոխվենք, ապա կարելի է պնդել, որ նոր-նոր ծնվող քվանտային համակարգիչներն էականորեն փոխելու են ԱԲ-ի հնարավորությունների շրջանակը: Քվանտային համակարգիչների ինտեգրումը ԱԲ-ի հետ կտրուկ փոխելու է խաղի կանոնները՝ վերջինիս տալով հաշվարկային այնպիսի արագություն, որը թույլ կտա գերկարճ ժամանակահատվածում (վրկ-ի մասում) վերլուծելու միլիարդավոր տարբերակներ:
Հետաքրքիր է, թե այս ֆոնի վրա ինչ կկատարվի մարդու ուղեղի հետ: Կարելի է նշել, որ այդ ուղղության գիտնականները և իհարկե ֆուտուրիստներն արդեն իսկ խոսում են մի շարք հեռանկարների մասին:
Վերջին տարիներին աշխարհում սկսել է զարգանալ քվանտային կենսաբանությունը: Կան գիտնականներ, օրինակ՝ Ռոջեր Փենռոուզը, որոնք առաջ են մղում վարկած՝ համաձայն որի մարդու ուղեղն ինքնին գործում է քվանտային մեխանիզմներով՝ նեյրոնների ներսում գտնվող միկրոխողովակներով: Այս հիպոթեզի վերջնական ապացույցը, կնշանակի, որ մարդու ուղեղն արդեն իսկ բնության կողմից ստեղծված կատարյալ քվանտային համակարգիչ է:
Դրանից կարելի է եզրակացնել, որ ապագան ոչ թե մարդու և ԱԲ-ի հակամարտությունն է, այլ նրանց հնարավորությունների ներդաշնակեցումը, միավորումը: Նման իրավիճակում ՝ ուղեղի և ԱԲ-ի անմիջական կապի շնորհիվ մարդը կկարողանա իր մտքերով օգտագործել քվանտային ԱԲ-ի հզորությունները: Նա կստանա այնպիսի «արտաքին հիշողություն» կամ «հաշվարկային հզորություն», որը հասանելի կլինի մտքի ուժով:
Մարդկային ուղեղը, որպես մի փոքրիկ «տիեզերք», անկասկած ֆենոմենալ կառույց է, բայց մասնագետները նշում են, որ որպես թերություն կարելի է համարել նրա կենսաբանական դանդաղ էվոլյուցիան: Ուղեղի ծավալը և նեյրոնների հաղորդականության արագությունը սահմանափակված են մեր գանգատուփի չափերով և կենսաբանական կառուցվածքով: Այդ այն դեպքում, երբ ԱԲ-ն կարող է ընդլայնվել առանց սահմանափակման՝ ավելացնելով սերվերներ և քվանտային չիպեր: Պատահական չէ, որ քվանտային արհեստական բանականությունը՝ Quantum AI, տեխնոլոգիական աշխարհի ամենաառաջնակարգ ու պահանջարկված ուղղություններից է, որը միավորում է քվանտային հաշվարկների գերհզոր ֆիզիկական հնարավորությունները ու մեքենայական ուսուցման ալգորիթմները:
Իսկ ինչ կփոխի քվանտային ԱԲ-ն: Դժվարին հարց է, քանզի նույնիսկ քվանտային համակարգչի մասին խոսակցությունները կոնկրետ ու հասանելի են միայն մասնագիտական ոչ լայն շրջանակների համար: Այնուհանդերձ, նեղ մասնագիտական շրջանակներում շոշափվում են նոր դեղամիջոցների ստեղծման, կիբերանվտանգության և կրիպտոգրաֆիայի, կլիմայական պրոցեսների մոդելավորման, ինչպես նաև ֆինանսների մասին:
Կամո ԱԹԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.10.2026



















































