«Հետք». Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը 2026թ. հոկտեմբերի 25-ի ավագանու ընտրություններում գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Ընտրապայքարի մեջ է նաև «Արդարություն» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Համերաշխություն» և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից: Համայնքի բնակավայրերի սոցիալական ցանցերի էջերը հայտնվել են նախընտրական գործընթացում՝ հօգուտ իշխանական թեկնածուի։
Ընտրությունների ժամանակ գործող իշխանության կամ պաշտոնյայի համար առավելություն կարող է ստեղծվել ոչ միայն ընտրողներին ուղղակիորեն քարոզելու, այլև հանրային ռեսուրսը քարոզչական նպատակով օգտագործելու միջոցով։ Հենց այս իրավիճակն է Արաքս համայնքում, որտեղ համայնքի բնակավայրերի սոցիալական ցանցերի էջերը վերջին օրերին ակտիվորեն օգտագործվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Ղազար Ղազարյանի քարոզչական նյութերը տարածելու համար։
Օրինակ՝ Արտիմետ և Մեծամոր գյուղական բնակավայրերի էջերով նույնիսկ քարոզարշավի օրացույցն է տարածվում, թե Ղ. Ղազարյանը որտեղ և երբ է հանդիպումներ ունենալու:
Կարդացեք նաև
Մեծամոր բնակավայրի ֆեյսբուքյան էջով անգամ տարածվում են իշխող կուսակցության թեկնածուի քարոզարշավի տեսանյութերը:
Բնակավայրերի ֆեյսբուքյան էջերը ստեղծվել և օգտագործվում են համայնքի բնակիչներին իրազեկելու, համայնքում կատարված աշխատանքներն ու համայնքային կյանքին վերաբերող տեղեկությունները ներկայացնելու համար։ Սակայն, ընտրարշավի ընթացքում այդ էջերի բովանդակության մի մասը վերածվել է գործող համայնքի ղեկավարի և միաժամանակ ավագանու թեկնածուի քարոզչության գործիքի։
Որոշ հրապարակումների դեպքում անգամ փորձ է արվել պահպանել քարոզչության համար սահմանված կանոնների ձևական կողմը։ Մասնավորապես, Ղազար Ղազարյանի լուսանկարը և քվեաթերթիկում նրա ցուցակի համարը պարունակող, ինչպես նաև ավագանու մյուս թեկնածուների ցուցակը ներկայացնող հրապարակումները տեղադրվել են քարոզարշավի մեկնարկից երկու օր առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարեց, թե ով է լինելու իրենց թեկնածուն:
Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Վարսենիկ Վարդանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ բնակավայրերի աշխատակազմի կողմից սոցիալական էջերում քարոզչական նյութեր տարածելուց, թեև այդ հարցին լուրջ են վերաբերում։
«Երևի վարչական ղեկավարները ցանկացել են իրենց էջերով տարածել ու չեն նկատել, որ բնակավայրի էջում են մուտք եղած։ Շնորհակալություն տեղեկացնելու համար, կզբաղվենք»,- ասում էր Վարսենիկ Վարդանյանը և հավելում, որ համայնքի ղեկավար և թեկնածու Ղազար Ղազարյանի էջով են միայն այդ նյութերը տարածում, իսկ նա արձակուրդում է։
Գրիշա Բալասանյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

























































