Լրահոս
Օրվա լրահոսը

Մերոնք մեկնեցին Ստրասբուրգ

Հունվար 22,2007 00:00

Երկուշաբթի օրը ԵԽԽՎ-ում կքննարկվի Հայաստանի պարտավորությունների կատարման մասին զեկույցը

Հունվարի 22-ին Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ հունվարյան լիագումար նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Ստրասբուրգ: Նստաշրջանի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ Հայաստանին անմիջականորեն առնչվող հարց՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման մասին զեկույցը, որի համահեղինակներն են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ Ժորժ Կոլոմբիեն եւ Միկո Էլոն:

Զեկույցի համաձայն, մոնիտորինգի հանձնաժողովը, չնայած տեղ գտած թերություններին, ողջունում է 2005թ. նոյեմբերին սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընդունված սահմանադրական բարեփոխումները, որով ավելի լավ են հավասարակշռվում լիազորությունները իշխանության թեւերի միջեւ եւ երկիրը մոտեցվում է եվրոպական սահմանադրության չափանիշներին: Սակայն նոր Սահմանադրության կիրառման արդյունավետության համար անհրաժեշտ են քաղաքական մթնոլորտի բարելավում ու իշխող կոալիցիայի ու ընդդիմության միջեւ երկխոսություն: Նոր օրենսդրությունը պետք է լայնորեն քննարկվի խորհրդարանում եւ դրանից դուրս, ապա արդյունավետորեն կիրառվի, որը միշտ չէ, որ ներկա պահին արվում է: Այն ոլորտները, որտեղ մեծ ջանքեր պետք է գործադրվեն, ներառում են դատական համակարգը, կոռուպցիայի դեմ պայքարը, ԶԼՄ-ների անկախության եւ բազմակարծության երաշխիքները, պետք է շարունակվի վերահսկողությունը ոստիկանության եւ ձերբակալության պայմանների նկատմամբ, քանի դեռ դրան ուղղված ջանքերը «նյութական արդյունք» չեն տվել:

Զեկույցում նաեւ մատնանշված է, որ 2001-ին ԵԽ-ին անդամակցելուց հետո Հայաստանում ոչ մի անգամ ազատ ու արդար ընտրություններ չեն անցկացվել, եւ հավելել, որ հաջորդ ընտրությունները վերջապես պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին, եթե Հայաստանն ուզում է ապացուցել, որ նա իրոք ուզում է առաջ ընթանալ ժողովրդավարության եւ եվրոպական ինտեգրացիայի ճանապարհով:

Իհարկե, այս անգամ էլ Հայաստանի համար ԵԽԽՎ նստաշրջանն առանց Ադրբեջանի հետ վեճերի չի անցնի: Բանն այն է, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի ասելով, իրենք փորձելու են հասնել նրան, որ Վեհաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովում քննարկվի նաեւ ԼՂ հարցը: Այդ նպատակով ադրբեջանցիները պատրաստվում են ԵԽԽՎ պատվիրակության շրջանում տարբեր փաստաթղթեր տարածել, հանդիպումներ անցկացնել այն երկրների ներկայացուցիչների հետ, որոնք Վեհաժողովում պաշտպանում են Ադրբեջանի դիրքորոշումը: Սեիդովն ընդգծել է նաեւ, որ իր գլխավորած պատվիրակությունը հարց է բարձրացնելու Հայաստանին ԵԽ անդամակցությունից զրկելու մասին: Ըստ նրա, «Հայաստանը ԵԽ 46 անդամ-պետությունների թվում միակն է, որը մշտապես ոտնահարում է այդ կազմակերպության հիմնարար սկզբունքները»:

Կարծում ենք, հասկանալի է, որ խոսքը վերաբերում է «Ադրբեջանի տարածքի մի մասի օկուպացիային»: Ադրբեջանական պատվիրակության համոզմամբ, Հայաստանը ոչ միայն զավթել է այլ պետության տարածքը, այլեւ ԼՂ բանակցություններում ոչ կառուցողական դիրք է գրավել ու իրեն հեռացնում է ԵԽ-ից, ուստի՝ պետք է միայն ձեւականորեն հաստատել Հայաստանի՝ ԵԽ-ից դուրս գալու փաստը: Սեիդովի ասելով, «Հայաստանի դիրքորոշումն այդպիսին է, որովհետեւ նրան պաշտպանում են որոշ երկրներ, որտեղ կա հայկական ուժեղ լոբբինգ: Բայց մենք շարունակելու ենք մեր պայքարն այդ ուղղությամբ»,- եզրակացրել է նա:

Ի դեպ, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ բնակչության հարցերի հանձնաժողովում տեղի կունենա «Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում անհայտ կորած անձինք» զեկույցի նախնական քննարկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել