2026թ.-ին անհիմն մերժումների կամ ընդհանրական, ոչ ըստ էության պատասխաններ տրամադրողների «առաջին եռյակում» են ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ը: Սեպտեմբերի 28-ին Տեղեկատվության ազատության միջազգային օրը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացրեց ոլորտի հիմնախնդիրները։ Ներկայացնենք մի հատված.
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունումից անցել է 23 տարի (օրենքն ընդունվել է 2003 թվականի սեպտեմբերի 23-ին), և թեև ոլորտում ձևավորվել է որոշակի դրական պրակտիկա, առկա համակարգային խնդիրները շարունակում են էական խոչընդոտ մնալ մարդկանց՝ տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքի լիարժեք իրականացման համար։ Պետական մարմինների կողմից հարցումների քննարկման և պատասխանման գործընթացում հաճախ արձանագրվում են օրենսդրության բազմաբնույթ խախտումներ, որոնք դրսևորվում են ինստիտուցիոնալ, օրենսդրական և քաղաքականության մակարդակներում:
- Պաշտոնական պատասխանների որակի խնդիրը
Թերի և ոչ լիարժեք պատասխաններ: Հարցումների պատասխանները հաճախ խիստ ընդհանրական են, թերի և չեն ներառում հարցմամբ պահանջված բոլոր տեղեկությունները։ Թեև դիմողներին տրվում է պատասխան օրենքով սահմանված ժամկետներում, սակայն դիմողը փաստացի չի ստանում իր փնտրած տեղեկությունները։ Իրավիճակն ավելի է բարդանում զգայուն թեմաներ շոշափող հարցումների դեպքում:
Անհիմն կամ անօրինական մերժումներ: Տեղեկության տրամադրման մերժումները որոշ դեպքերում չեն հիմնավորվում օրենքով սահմանված հիմքերով կամ սխալ են կիրառվում հիմքերը։ Մասնավորապես անձնական տվյալների պաշտպանության հիմքը շատ հաճախ է չարաշահվում։
Համարակալման կարգի անտեսում: Մեկից ավելի հարցեր պարունակող հարցումների պատասխաններն առանց հերթական համարակալման ներկայացնելու պրակտիկան վկայում է այն մասին, որ տեղեկություն տնօրինողները կամ դիտավորյալ անտեսում են օրենսդրությամբ սահմանված կարգը, կամ չունեն համապատասխան գիտելիք:
- Ժամկետների խախտումներ և անհարկի հետաձգումներ
Տեղեկություն ստանալու իրավունքի խախտումների մյուս մեծ խումբն առնչվում է պատասխանների ժամկետներին. Տեղեկություն ստանալու հարցումների առնվազն մեկ երրորդին տրվում է ժամկետանց պատասխան։ Այսինքն, ամեն երրորդ հարցում ստանում է ժամկետանց պատասխան։ Գրանցվել են դեպքեր, երբ հարցումների պատասխանները տրամադրվել են ամիսներ անց։ Բացի այդ, պետական մարմինները որոշ դեպքերում չարաշահում են վերահասցեագրման լիազորությունը, ինչպես նաև պատասխանները հետաձգելու օրենքով սահմանված հնարավորությունը՝ առանց պատշաճ և ժամանակին հիմնավորման։ Գրեթե ամեն երկրորդ հարցման պատասխանը տրվում է լրացուցիչ 30 օրվա ժամկետում, ինչը լուրջ խոչընդոտ է հատկապես լրագրողների մասնագիտական գործունեության տեսանկյունից:
2026 թվականին ԻԱԿ–ի հարցումներին ժամկետների էական խախտմամբ են պատասխանել ՀՀ առողջապահության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը, որոնք օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի փոխարեն պատասխանները տրամադրել են մեկ ամսվա ընթացքում: ՀՀ վարչապետի աշխատակազմին ուղղված հարցումները վերահասցեագրվել են ԱԱԾ–ին, այն դեպքում, երբ հայցվել են աշխատակազմի տնօրինության տակ եղած տեղեկությունները:
- Պրոակտիվ հրապարակայնության ոչ բավարար մակարդակ։ Պրոակտիվ հրապարակայնության որակը ոչ բավարար է։ Շատ պետական մարմիններ օրենքով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները չեն հրապարակում ժամանակին և լիարժեք կամ հրապարակում են թերի։ Միաժամանակ, հրապարակման ֆորմատը, ժամկետները և բովանդակությունը տեղեկությունները դարձնում են անհասկանալի, ոչ մատչելի կամ օգտագործման համար ոչ պիտանի։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրականացրած ուսուցումները և խորհրդատվությունները փաստում են, որ պետական մարմիններում հարցումների քննարկմանը մասնակցող անձանց զգալի մասը չունի անհրաժեշտ մասնագիտական գիտելիք և ծանոթ չէ ոլորտի լավագույն պրակտիկային:
- Թվային գործիքների անարդյունավետ կիրառում.
Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ՝ e-request. am
Չնայած միասնական հարթակում ընդգրկված են գրեթե բոլոր տեղեկություն տնօրինող պետական մարմինները, գործնականում այդ մարմիններին հարթակի միջոցով շատ քիչ հարցումներ են ուղարկվում։ Որոշ դեպքերում մարմինները չունեն բավարար կարողություն պատշաճ ձևով արձագանքելու հարթակով ստացված հարցումներին։ Միաժամանակ, հարթակում բազմաթիվ են տեխնիկական խնդիրները, որոնց բախվում են օգտատերերը և չունենալով հետադարձ կապ և չստանալով արձագանք պետական մարմիններից՝ խնդիրներն ուղղորդում են Ինֆորմացիայի ազատության կենտրոն։ - Իրավական պաշտպանության մեխանիզմների անկատարություն
Քաղաքացիները (այդ թվում՝ լրագրողները) խախտված իրավունքները դատական կարգով բողոքարկելու հնարավորություն ունեն, սակայն այն գործնականում անարդյունավետ է՝ խիստ ծախսատար և ժամանակատար լինելու պատճառով:
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն հատուկ, առավել սեղմ դատավարական ժամկետներ և ընթացակարգեր տեղեկատվության ազատության գործերի համար։ Արդյունքում, դատավարությունների տևական բնույթը հաճախ զրկում է լրագրողին օպերատիվ և արդյունավետ իրավական պաշտպանության միջոցից, իսկ դատական պրակտիկայում միշտ չէ, որ լիարժեքորեն կիրառվում են պատասխանատվություն սահմանող նորմերը, որոնք կարող էին ունենալ կանխարգելիչ ազդեցություն։ - Անկախ լիազոր մարմնի բացակայություն։ Տեղեկատվության ազատության անկախ լիազոր մարմնի կամ հանձնակատարի ինստիտուտի բացակայությունը ՏԱ ոլորտի հիմնական խնդիրներից է։ Մարդիկ զրկված են պաշտպանության արագ և արդյունավետ արտադատական մեխանիզմից։ Արտադատական պաշտպանության մեխնիզմի կարևորության մասին նշված է նաև Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) 5-րդ փուլի զեկույցում, որում Հայաստանին տրված հանձնարարականները ներառում են ՏԱ օրենսդրության կիրառման անկախ գնահատում, մերժումների վիճակագրության հրապարակում և անկախ վերահսկող մարմնի ստեղծում։ Այս ուղղությամբ Կառավարությունը դեռևս քայլեր չի ձեռնարկել, ինչը խորացնում է համակարգային խնդիրները և խոչընդոտում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրառմանը։



















































