Սկիզբը՝ այստեղ:
«Փաստինֆո».«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Ռուբեն Վարդանյանը «մեղավոր է» ճանաչվել 1988–1994թթ. ադրբեջանական բնակչության տեղահանման համար. մաս 3
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 107 — Բնակչության արտաքսում կամ բռնի տեղահանում
Վերագրվող արարք. Ադրբեջանական բնակչության տեղահանում. 442 841 անձ, 924 բնակավայր (1988–1994)։
Կարդացեք նաև
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ռուբեն Վարդանյանին վերաբերող ապացույց ընդհանրապես առկա չէ։ Ներկայացված է միայն Փախստականների և ներքին տեղահանված անձանց պետական կոմիտեի 04.11.2023 թ. № 3-36/2-3659/2023 պատասխան-գրությունը և պատմական նկարագրություն։ Ընդ որում, անգամ գրության թիվը՝ 635 646 ներքին տեղահանված, չի համընկնում մեղադրանքում նշված 442 841 թվի հետ, և դատարանն այդ տարբերությունը չի բացատրում։
Սահմանված պատիժ. Դատավճռով այս հոդվածի համար նշանակված է 14 տարի ազատազրկում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Բոլոր դրվագները վերաբերում են 1988–1994 թվականներին, երբ Ռուբեն Վարդանյանը 20–26 տարեկան էր և սովորում, իսկ հետո՝ աշխատում և ապրում էր Մոսկվայում։
Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ արտաքսումն ավարտվում է բնակչության տեղահանման պահին։ Ավարտված արարքին հետագայում մասնակցել հնարավոր չէ, ուստի Վարդանյանի պատասխանատվությունը բացառվում է հենց Ադրբեջանի օրենսգրքով (ՔՕ 34.6)։
Այս երեսուն տարվա «բացը» դատարանը լրացնում է «վերադարձին խոչընդոտելու» թեզով։ Բայց «վերադարձին խոչընդոտելն» այլ արարք է, քան արտաքսումը, և դատարանն այդպես էլ չի նշում, թե Ռուբեն Վարդանյանը կոնկրետ ինչ է արել, որը խոչընդոտել է վերադարձին։ Հոդվածից մնացել է միայն անվանումը։ Բացի այդ, 1988–2000 թթ. արարքների նկատմամբ 2006 թ. օրենքի կիրառումն արգելված է հետադարձ ուժի կանոնով, որը դատավճիռն ինքն է մեջբերում Սահմանադրությունից և անմիջապես էլ՝ հենց հաջորդ տողում անտեսում։
Այդուհանդերձ, այս անհեթեթության ու տրամաբանության բացակայության շղթան ամենևին էլ չի խանգարել Բաքվի ռազմական դատարանին Վարդանյանին «մեղավոր» ճանաչել այս հոդվածով:



















































