Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու աստղի» անակնկալները

Մայիս 07,2007 00:00

\"\"Այս նախագծում հաճախ «չերգիչները» պրոֆեսիոնալներից լավ են երգում

«Երկու աստղը» հանրային «ներմուծված» հաջող նախագծերից է եւ հետաքրքիր այնքանով, որ հաղորդման ժամանակ դուետով հանդես են գալիս մեկ պրոֆեսիոնալ երգիչ եւ մեկ՝ այլ ոլորտի ներկայացուցիչ: Օրինակ, Ալլա Լեւոնյանը երգում է դերասան Հովհաննես Բաբախանյանի, Արսեն Սաֆարյանը՝ պարուհի Սոֆի Դեւոյանի, Անի Քրիստին՝ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի, Աիդա Սարգսյանը՝ մարքսիստ Դավիթ Հակոբյանի հետ: Վերջին զույգը ամենավառն ու ամենաինքնատիպն է, բնականաբար՝ պայմանավորված Հայաստանի գլխավոր մարքսիստի ու սիրված երգչուհու ներդաշնակ զուգընկերությամբ: Ներդաշնակ, որովհետեւ ամեն ոք այնքան համբերատար չի կարող գտնվել, որպեսզի ի վիճակի լինի համակերպվել եւ երգել մարքսիստի նման անկանխատեսելի ու արտիստիկ էությամբ անհատականության հետ:

«Երկու աստղի» թողարկումներից մեկում, օրինակ, Զիմզիմովի կերպարով հանդես եկող մարքսիստ Հակոբյանը անգլո-սաքսոնական երգերը որակեց հեթանոսների արվեստ, ժյուրիին, որի կազմում էին Ռաիսա Մկրտչյանը, Արմեն Ամիրյանը եւ այլք, անվանեց «Կեկել-փեփել», հետո էլ խորհուրդ տվեց. «լուրջ գործով զբաղվեք ու գլուխներդ պահեք էհթիբարով, մանավանդ երգարվեստը դարձրել եք խաբեության վայր, արվեստը՝ քաղաքականություն»:

Դառնալով Ալլա Լեւոնյան- Հովհաննես Բաբախանյան, Անի Քրիստի-Կարեն Գիլոյան զույգերին, նշենք, որ նրանք նախագծում եղածներից ամենաթույլն էին (խոսքը վերաբերում է ոչ թե կոնկրետ անձին ու որեւէ մեկի մասնագիտական որակներին, այլ տվյալ շոուի շրջանակներում նշյալ դուետների ներկայացրածին): Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ մեր հարգելի գործընկեր Կարեն Գիլոյանը ջանք չէր խնայում իր բեմական իմիջի համար:

Անշուշտ, շատերը սիրով են սպասում Նառա- Աշոտ Ղազարյան դուետին, Նունե Եսայանին ու Ավո Խալաթյանին, Սիրուշոյին ու Ավետ Բարսեղյանին, Էմմիին ու Ֆելիքս Խաչատրյանին: Վերջինս որքան տնավարի է վարում դրսից «թխած» «Օտար խաղեր» հաղորդումը, նույնքան հաջող երգիչ է ձեւանում: Այս զույգի մոտ եւս շոուն ստացվում է: Արմինկա- Խորեն Լեւոնյան զույգի պատկերն ամենահետաքրքիրն է. պրոֆեսիոնալ երգչուհին վատ է երգում դերասանից: Պատահական չէր, որ իր հիացմունքն արտահայտելով վերջինիս մասին, ժյուրիի անդամ Ա. Ամիրյանն ասաց, որ դժվար է տարանջատել՝ Խ. Լեւոնյանը երգող դերասա՞ն է, թե՞ խաղացող երգիչ:

«Երկու աստղի» ամենագունեղ զույգը Շպռօտն ու MP3 Արամն են: Ի դեպ, MP3-ն նաեւ անհամ ու հաճախ վուլգար հումորով «փայլող» «32 ատամ» նախագծի լավագույն անդամն է, եւ եթե հանկարծ որոշի հրաժարվել հումորից ու իր տեղը փնտրի երգարվեստում, «32 ատամը» շատ բան կկորցնի: Նշենք, որ հաղորդման շրջանակներում որպես հյուր հանդես եկած դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը եւս որոշ երգչուհիներից անհամեմատ լավ երգեց:

«Երկու աստղին», թերեւս, մի կարեւոր բան կպակասեր, եթե այն չվարեին սիրված արտիստներ Շուշան Պետրոսյանն ու Հրանտ Թոխատյանը: Այս պարագայում՝ նրանք երկուսն էլ «իրենց ափսեում են»՝ անմիջականությամբ, հետաքրքիր իմպրովիզներով եւ այլն: Ի տարբերություն «100 տարբերակ» հաղորդաշարի, այս նախագծում Հրանտ Թոխատյանի հումորը հաջողված է, զվարճալի եւ ծիծաղ կորզող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031