Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻՑ

Մայիս 25,2007 00:00

\"\"Կուսակցության անդամները վստահեցնում են, որ, ի տարբերություն ուրիշների՝ ԱԺ-ում տեղեր են ստացել առանց ընտրակաշառքների ու միջնորդությունների:

Երեկ «Պալմիրա» սրճարանում տեղի ունեցավ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտությունների ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության անդամ, այլեւս ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանի ասուլիսը: «Եթե նախկինում ԱԺ մեծամասնություն կազմած քաղաքական ուժը ստիպված էր նայել ՀՀ նախագահի ունքերի վիճակին եւ կազմավորել այն ծրագիրը, որը ինքն է ցանկանում, ապա այսուհետեւ ԱԺ-ն ինքն է թելադրելու ծրագիրը»,- ասաց քաղաքագետ Ս. Սաֆարյանը: Այս հայտարարությունը նա ֆունկցիոնալ փոփոխությունների հետ է կապում, օրինակ՝ նախագահի դերի թուլացմամբ եւ սահմանադրական փոփոխություններով: ԱԺ նորընտիր պատգամավորը վերլուծեց նաեւ ընտրությունների շրջանում «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունների միջեւ նկատվող լարվածությունը. «Դա պայմանավորված էր երրորդ սուբյեկտով՝ նախագահով, որի հիմնական ուղերձն այն էր, որ եթե ինքը չլինի, անկառավարելի վիճակ կառաջանա: Սակայն նա ուզում էր ցույց տալ, որ բոլորի սանձերը միայն ինքը կարող է քաշել»: «Ժառանգության» անդամը անդրադարձավ նաեւ այլ քաղաքական կուսակցությունների դիրքորոշմանը. «ՀՅԴ-ն չի կարող մեր պատկերացումներով ընդդիմադիր լինել: Գոնե նրանք հստակ ձեւակերպել են, որ աջակցում են նախագահի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը: Սրանով պայմանավորված՝ դաշնակցությունը ընդդիմություն չի լինի: Բարգավաճի ներկայացուցիչները փոքր դիմադրողականություն եւ փորձառության պակաս ունեն»:

Անդրադարձ եղավ նաեւ միջազգային դիտորդների գնահատականներին. «Բազում առումներով Հայաստանից աշխարհաքաղաքական որոշումներ կորզելը այս անգամ եւս ավելի կարեւոր էր, քան ազատ ընտրություններ կազմակերպելու հանգամանքը»: Իսկ «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը Ս. Սաֆարյանն այսպես բնորոշեց. «Ժառանգությունը» եղել է ավանդական ընդդիմության շրջանակներում: 2003-ին կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ստեփան Դեմիրճյանին էր աջակցում: «Ժառանգության» անդամները 2004-ի ապրիլի 13-ին եղել են ընդդիմության ճամբարում»: Ս. Սաֆարյանը մեկնաբանեց նաեւ այն խոսակցությունները, ըստ որոնց՝ «Ժառանգությունը» ԱԺ-ում է հայտնվել իբր այն պատճառով, որ Քըրք Քըրքորյանը Ռ. Քոչարյանի վրա մատ է թափ տվել՝ պահանջելով «Ժառանգությանը» անցկացնել, կամ որ Ս. Սաֆարյանը «նստում-վեր է կենում աշխարհի բոլոր երկրների նախարարների, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ջորջ Բուշի հետ»: Ըստ այլ խոսակցությունների՝ այս կուսակցությունը հայտնվել է խորհրդարանում, քանի որ ՀՀԿ-ն նրա օգտին ընտրակաշառքներ է բաժանել: «Ժառանգություն» կուսակցության բոլոր վստահված անձինք մայիսի 13-ի լուսադեմին հանձնաժողովների նախագահների ստորագրություններով արձանագրություններ են իջեցրել գրասենյակ, ըստ որոնց՝ մենք հաղթահարում էինք 5 տոկոսը: Մեր կուսակցությունը ԱԺ-ում հայտնվելու իրողության համար միայն սեփական ընտրողներին պիտի շնորհակալություն ասի»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել