Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՄ-ՈՒՄ ԷԼԻ «ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՕՐԵՐ» ԵՆ

Օգոստոս 07,2007 00:00

Հրանտ Խաչատրյանը փակ է պահում ՍԻՄ կենտրոնական գրասենյակի դուռը՝ զգուշանալով Հայկ Բաբուխանյանի եւ նրա համախոհների այցելություններից:

Հայկ Բաբուխանյանի կողմնակիցները տարածել են հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է, թե ՍԻՄ ներկայացուցիչների խորհրդի հուլիսի 7-ի որոշմամբ՝ ներկայացուցիչների խորհրդի հաջորդ նիստը նշանակված էր օգոստոսի 4-ին, ժամը 12-ին՝ ՍԻՄ կենտրոնական գրասենյակում, «Ազդակ» ակումբում: Սակայն այդ ժամին Հայկ Բաբուխանյանին, ՍԻՄ նախագահության անդամներին, ՍԻՄ վերստուգիչ հանձնաժողովի անդամներին, ՍԻՄ մարզային եւ համայնքային կառույցների ղեկավարներին, ՍԻՄ անդամներին «դիմավորեցին ոստիկանական ավտոմեքենան, ամբողջությամբ դատարկ գրասենյակի դռան վրա օրերս տեղադրված հսկայական բանտային կողպեքը եւ դռան վրա փակցված հայտարարությունը, որ շաբաթ օրերը ոչ աշխատանքային են մինչեւ օգոստոսի վերջ: Ինչպես պարզվեց, ՍԻՄ կենտրոնական գրասենյակը զավթած Հրանտ Խաչատրյանը, որ բազմիցս հավաստիացրել է, որ, իբր, կենտրոնական գրասենյակի դռները երբեք փակ չեն լինի, ճողոպրել էր կենտրոնական գրասենյակից եւ դիմել էր ոստիկանությանը, որպեսզի վերջինս թույլ չտա ՍԻՄ ղեկավար մարմնի անդամների մուտքը կուսակցության կենտրոնական գրասենյակ»: Հաղորդագրության մեջ նաեւ մեջբերված է նրա նշած պատճառաբանությունը, թե «ոստիկանությանն ասել էր՝ իբր սիմականները պատրաստվում են դուռ, լուսամուտ ջարդել եւ խնջույք կազմակերպել իրենց իսկ պատկանող գրասենյակում»:

Հրանտ Խաչատրյանը մեր խնդրանքով այսպես մեկնաբանեց կատարվածը. «Իհարկե, կուսակցության գրասենյակի դուռը փակելը երբե՛ք չի եղել իմ սկզբունքների եւ համոզմունքների մեջ: Բայց այս դավադիր խումբն ամեն ինչ անում է, որպեսզի մեզ դրդի հակադարձ քայլերի: Իրենց պահում են շատ լկտի՝ նույնիսկ ոստիկանության ներկայությամբ: Հուլիսի 7-ին 11 ժամ տեւող այդ խայտառակ վիճակը ոչ ոք չի ցանկանում, որ կրկնվի: Նրանք ակնհայտորեն դիմում են սադրանքների, որ լինի պատասխան եւ հրապարակային նոր սկանդալներ: Մենք իսկապես շաբաթ-կիրակին հայտարարել ենք հանգստյան օրեր. «Իրավունքի» խմբագրությունն աշխատելու է ամռան ամիսներին, բայց կես հզորությամբ՝ մարդիկ հանգստի կարիք ունեն: Եվ հերթական սադրանքը կանխելու ամենաճիշտ ձեւը գտանք օգտակարը հաճելիի հետ համատեղելու այս որոշումը»: Նա նաեւ հայտնեց, որ այլ օրերի ընթացքում էլ են հիմնականում փակ պահում ՍԻՄ գրասենյակի դուռը. «Բայց բացելը 2-3 վայրկյան է տեւում, եթե նորմալ այցելու է գալիս: Այո, սադրանքից խուսափելու խնդիր կա հիմա մեր առջեւ. քանի որ ե՛ւ հեռախոսազանգեր, ե՛ւ տարբեր ահաբեկող նամակներ են լինում: Իհարկե, մենք դրանք լուրջ չենք ընդունում, բայց դա մեր սիրած «կոշտուկն է», որը, քանի դեռ Հայաստանը չի դարձել օրինական երկիր, եւ նման մարդկանց դեմ իսկապես միջոցներ չեն կիրառվել՝ պիտի մեզ հետ տանենք մինչեւ կյանքի վերջ»: Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին կուսակցության գրասենյակում վերահաստատվելուց հետո Հրանտ Խաչատրյանը դժգոհում էր, թե ՍԻՄ-ը երբեք ամրոց չի եղել. «քաղաքական գեղեցիկ օազիս» է եղել, իսկ հիմա «փակ դռների օրեր են անցկացվում»:

Հայկ Բաբուխանյանի կողմնակիցները հուլիսի 27-ին տարածել էին մեկ այլ հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 7-ի նիստում ՍԻՄ-ի ներկայացուցիչների խորհուրդը ստեղծել էր «Հրանտ Խաչատրյանի կողմից ֆինանսական խախտումներն ուսումնասիրելու համար» հանձնաժողով, որը հրապարակել էր հետեւյալ եզրակացությունը. «Հրանտ Խաչատրյանի տնօրինությամբ եւ պատասխանատվությամբ իրականացվող կուսակցության ֆինանսական գործունեությունն իրագործվում է. ա) ֆինանսական կարգապահության խախտումներով, բ) պաշտոնական դիրքի չարաշահումներով»: Մասնավորապես նշված էր, թե «միանշանակ չէ կուսակցության դրամարկղից դուրս եկած գումարների վճարումն այն անձանց, ում անվանբ պետք է ձեւակերպվեին վճարումները», «Հիմնավորված եւ միանշանակ չեն ձեւակերպված կուսակցության կողմից Կ. Վարդանյանին (տարբեր տվյալներով՝ 3-4 հազար դոլար՝ պարտքով, 10 հազար դոլար՝ անհատույց), Ս. Վարդանյանին (Կ. Վարդանյանի բուժման պատրվակով) եւ Հրայր Խաչատրյանին (1000 դոլար) հատկացված գումարները»: Եվ նշված էր, որ եթե Հրանտ Խաչատրյանը չտրամադրի հանձնաժողովին ՍԻՄ հաշվապահական փաստաթղթերը եւ այդ եզրակացության դրույթները «հերքող կամ հաստատող պարզաբանումներն ու բացատրությունները»՝ կքննարկեն այս խախտումների վերաբերյալ դատախազություն դիմելու հարցը:

Հրանտ Խաչատրյանն այս մեղադրանքներին ի պատասխան ասաց. «Դեռեւս 17-րդ համաժողովում ես հպանցիկ ակնարկեցի, որ կուսակցությունում սկսվել են ֆինանսական կարգապահության խախտումներ, եւ մենք չէինք պատրաստվում դա հրապարակայնորեն քննարկել: Ու ոչ այն պատճառով, որ ես էի այդտեղ մասնակից կամ այլ մարդիկ, այլ շատ պարզ հայտարարեցի, որ, նկատի ունենալով Հայկ Բաբուխանյանի ներդրումն ինչպես կուսակցության կայացման գործում, այնպես էլ՝ հասարակության առաջ՝ չենք ցանկանում հրապարակել: Իրենք դրանից հետո հետեւողականորեն զրպարտչական արշավ տարան մեր դեմ: Յուրաքանչյո՛ւր իրենց ասած մեղադրանքի ես կարող եմ հրապարակավ պատասխանել՝ չեմ խուսափում դրանից: Կարծեմ, նաեւ տվել եմ պատասխաններ, եւ եթե բավարար չէ՝ կարող եմ էլի յուրաքանչյուր դրվագով պարզաբանումներ տալ: Ցավոք, փաստաթղթերն իմ ձեռքի տակ չեն՝ իրենք են տարել գրասենյակից»:

Հրանտ Խաչատրյանը նաեւ ընդգծեց. «Խնդիրն այն է, որ Հայկ Բաբուխանյանը մինչեւ 2007-ի հունվարի վերջը հանդես էր գալիս 17-րդ համաժողովում՝ իբրեւ թե ընտրված ՍԻՄ նախագահության թիկունքից: Երբ դատարանը փաստերի ճնշման տակ այդ քվեարկությունները չկայացած ճանաչեց՝ հետագայում նա սկսեց հանդես գալ ներկայացուցիչների խորհրդի անունից: Դրա անդամների մեծ մասը չունեն համապատասխան լիազորություններ: Եվ միայն նոր համաժողովից հետո կուսակցության որեւէ մարմին կարող է հանդես գալ ՍԻՄ-ի անունից»:

Եվ այնուամենայնիվ, «ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդ» ներկայացող մարմինը տեղեկացրել է, որ իր «հաջորդ նիստը գումարվելու է մոտակա աշխատանքային օրերից մեկին», որի մասին մամուլին հայտնելու են լրացուցիչ: «Ուշադրություն դարձրեք, որ նրանք մամուլին նախապես չեն հայտնում իրենց ակցիաների մասին»,- նկատեց պրն Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել