Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդիկներին հեռացնում են, բերում են ռուսներին

Օգոստոս 08,2007 00:00

Հնդիկ միլիարդատեր Անիլ Ագարվալին պատկանող «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկություն» (ԱՈԱՁ) ՍՊԸ-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ երկու տարի տեւող հակամարտությունը, կարծես, հանգուցալուծվում է

Oգոստոսի 2-ին գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը 02.08.07 թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ տնտեսական դատարան՝ ընդդեմ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի եւ դատարանից պահանջել դադարեցնել այդ ձեռնարկությանը հատուկ լիցենզիայով տրված հանքային իրավունքը: Նախագահ Քոչարյանի հրահանգով հանքարդյունահանման ոլորտի վերահսկողությունը դրված է Գ. Ջհանգիրյանի վրա, եւ այդ ոլորտի բոլոր խնդիրներով այժմ նա է զբաղվում:

Գլխավոր դատախազի տեղակալը դատարանից խնդրել է ԱՈԱՁ-ից՝ հոգուտ պետական բյուջեի, բռնագանձել մոտ 4 մլրդ դրամ եւ 10 մլն դոլար, ինչպես նաեւ՝ արգելանք դնել վերջինիս գույքի եւ դրամական հաշիվների վրա:

Բռնագանձման ենթակա 4 միլիարդը հարկային պարտավորությունների, ավելացված արժեքի հարկի, օտարերկրյա աշխատողներին տարիներ շարունակ ԱՄՆ դոլարով աշխատավարձ վճարելու համար տուգանքների, մաքսային վճարների եւ այլնի հանրագումարն է, իսկ 10 մլն դոլարը հանքի ոչ ճիշտ շահագործման համար բնապահպանության նախարարության նշանակած տուգանքներն են եւ մոտ 1,5 տ թաքցված ոսկին:

Այս ամենի մասին վերջին տարիներին ընկերությունը պարբերաբար զգուշացվել էր, այդ խախտումների մի մասն արձանագրել էր նաեւ աուդիտ իրականացնող կազմակերպությունը: Անիլ Ագարվալը բիզնեսի սեփական օրենքներն ունի եւ անհասկանալի պատճառներով այն չի կարողացել իրագործել Հայաստանում: Նա պարբերաբար հայտնվել է սկանդալային պատմությունների մեջ՝ հատկապես իր հայրենիք Հնդկաստանում, հայտնի են դարձել պաշտոնյաներին կաշառելու եւ իրեն պատկանող հանքերի գործունեության հետեւանքով շրջակա միջավայրին հասցված մեծ վնասների դեպքեր:

Հանքարդյունաբերության ոլորտի մեր աղբյուրները հայտնում են, որ ՀՀ կառավարության այս քայլերը մեկ նպատակ ունեն՝ ստիպել հնդիկներին շուտափույթ վաճառել ընկերությունը: Մեկ ամիս առաջ ԱՈԱՁ-ի գլխավոր տնօրեն Բ. Շարման «168 ժամ» թերթին տված հարցազրույցում ասել է, որ նախագահի աշխատակազմից իրենց ասել են, որ վաճառեն ընկերությունը: «Պատճառը չեն ասել, բայց ասել են, թե կողմ են, որ վաճառենք ու գնանք այստեղից»,- ասել է Շարման:

Դատական հայցն Ագարվալին կստիպի շատ արագ զիջումների գնալ եւ բավականին էժան վաճառել ընկերությունը: Ամենայն հավանականությամբ, այն չի գերազանցի 50 մլն դոլարը: Այսքան են գնահատում Սոթքի հանքավայրը հանքարդյունաբերության ոլորտի մասնագետները:

Մամուլում արդեն եղել են հրապարակումներ այն մասին, որ ընկերությունը գնելու մտադրություն ունի «Մադնեուլի» ԲԸ-ն: Վերջինս ռուսական «Պրոմինվեստ» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Հիմնական սեփականատերերն են Սերգեյ Գեներալովը եւ Սիման Պովերենկինը: Գեներալովը Ռուսաստանի Էներգետիկայի նախկին նախարարն է եւ Դումայի նախկին պատգամավոր: Մեր աղբյուրների վկայությամբ՝ հնդիկների եւ հայ պաշտոնյաների բանակցություններին մասնակցում է Ս. Պովերենկինը:

«Մադնեուլի» ԲԸ-ն այս տարվա ապրիլին Հայաստանում արդեն ձեռք է բերել հանքային շահագործման լիցենզիա ունեցող մի ընկերություն՝ «Գոլդեն Օրե» անունով, ինչը, սակայն, առայսօր խիստ գաղտնի է պահվում: Այնքան գաղտնի, որ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ղեկավարը «Գոլդեն Օրե» ՍՊԸ-ի մասին կեղծ տեղեկություն է տվել՝ մեր հարցմանն ի պատասխան: Իսկ պետական պաշտոնյան գիտակցաբար կեղծ տեղեկություն կարող է տալ այն դեպքում, երբ վերեւից հստակ հրահանգ ունի այդ ընկերության մասին ճիշտ տեղեկություններ չհաղորդելու:

Պաշտոնյայի կողմից կեղծ տեղեկություններ տարածելը քրեորեն պատժելի արարք է եւ սա դատախազության համար հաղորդում է՝ քրեական գործ հարուցելու, եթե, իհարկե, նման հրահանգ ստանա ինքը՝ գլխավոր դատախազի տեղակալ, հանքարդյունահանման ոլորտի վերահսկող-պատասխանատու Գագիկ Ջհանգիրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031