Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական «խոչընդոտ»

Օգոստոս 10,2007 00:00

Նախագահ Բուշի վարչակազմում Թուրքիայի վերջին խորհրդարանական ընտրությունների մեջ տեսնում են ԱՄՆ-ի եւ այդ երկրի «լավ դաշնակից» Թուրքիայի միջեւ որոշ ժամանակից ի վեր առաջացած լարվածությունը մեղմացնելու հնարավորություն:

Այդ մասին օգոստոսի 7-ին հրապարակված ծավալուն մի հոդվածում նշում է Associated Press-ի մեկնաբան Դեսմոնդ Բաթլերը: Այդուհանդերձ, ըստ հեղինակի, կան որոշ խոչընդոտներ, որոնք չեն տրվում կողմերի վերահսկողությանը: Դրանցից մեկը, Բաթլերի բնորոշմամբ, դեմոկրատական մեծամասնություն ունեցող Կոնգրեսի պնդումն է՝ Առաջին համաշխարհայինի տարիներին տեղի ունեցած հայերի սպանությունները որակել իբրեւ ցեղասպանություն: Մի բան, որը Թուրքիան մշտապես մերժում է: Մյուս կարեւոր խոչընդոտի հաղթահարման բանալին, AP-ի մեկնաբանի կարծիքով, գտնվում է Իրաքի կառավարության ձեռքում: Այս երկրում սպասվող հավանական հանրաքվեն, որի արդյունքներով նավթով հարուստ Քիրքուքի շրջանը կարող է ներգրավվել քրդական ինքնավարության կազմում, ծայրահեղորեն զայրացնում է Թուրքիային. Անկարան վախենում է, որ դա մեծապես կխթանի Թուրքիայի անջատողական քրդերի ակտիվությունը: Այս համատեքստում Բաթլերը մեջբերում է թուրք քաղաքագետ Բյուլենթ Ալիրիզայի այն գնահատականը, թե վերը նշված հանրաքվեի անցկացման դեպքում Թուրքիան առաջին հերթին կմեղադրի հենց ԱՄՆ-ին, քանի որ վերջինս ի վիճակի չեղավ կանխել դա:

«ԱՄՆ-ը ցանկանում է ամրապնդել կապերը ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ, որն ընկած է Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի կարեւոր խաչմերուկներում: Բացի այդ, ԱՄՆ-ը մուսուլմանական մեծամասնությամբ բնորոշվող այդ երկիրը դիտարկում է իբրեւ աշխարհիկ ժողովրդավարության նմուշ, որից կարող են օրինակ վերցնել այլ երկրներ: Այդուհանդերձ, դաշնակից երկրների՝ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները բավական լարվեցին այն բանից հետո, երբ Անկարան ամերիկացիներին չթույլատրեց Իրաք ներխուժել իր տարածքով: Այս եւ մի շարք այլ աննպաստ հանգամանքները հանգեցրին նրան, որ այժմ Թուրքիայում ԱՄՆ-ի նկատմամբ բարեհաճ են տրամադրված բնակչության միայն 9 տոկոսը»,- իր հոդվածում արձանագրում է Դեսմոնդ Բաթլերը: Ապա նա վկայաբերում է Սպիտակ տան նկատմամբ քննադատաբար տրամադրված որոշ քաղաքագետների կարծիքները, ըստ որոնց, այժմ ամենահրատապ կերպով հարկ է վերականգնել Վաշինգթոն-Անկարա վնասված հարաբերությունները: Ահա այդ կարծիքներից մեկը. «Վաշինգթոնն անվերապահորեն Թուրքիային պետք է դիտարկի իբրեւ այդ տարածաշրջանի ամենակարեւոր դաշնակից»: Այդ բանն անելը, սակայն, Բաթլերի համոզմամբ, հեշտ չի լինելու: Ի ամփոփումն, նա դարձյալ թվարկում է խոչընդոտող գործոնների մի ամբողջ շարք եւ դրանց մեջ դարձյալ հիշատակում է «դեմոկրատների կողմից» արծարծվող հայերի ցեղասպանության ճանաչման հարցը:

AP-ի նյութերով պատրաստեց Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031