Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ մյուսների հետ չհամեմատեք»

Օգոստոս 10,2007 00:00

ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը հայտարարեց, որ, ի տարբերություն մյուս կուսակցությունների, իրենք բանակումներ կազմակերպելու լուրջ պրակտիկա ունեն:

Երեկ Եռաբլուրում մեկնարկեց ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների 10-րդ համահայկական բանակումի հանդիսավոր բացումը: Մասնակցում է 120 երիտասարդ՝ Հայաստանից եւ աշխարհի 13 երկրից: «Առավոտի» հետ զրուցած դաշնակցական բոլոր երիտասարդները փաստեցին, որ ամենամյա բանակումների նպատակն է մերձեցնել իրենց, կազմակերպել փորձի փոխանակումներ, ծանոթացնել հայությանը սպառնացող մարտահրավերներին:

ՀՅԴ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Ասատրյանը, որը նաեւ բանակումի պատասխանատու կազմի անդամ է, մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տասնօրյա բանակումի ընթացքում ծրագրված են քննարկումներ եւ դասախոսություններ՝ նվիրված Հայ դատին, երկրում առկա տնտեսական իրավիճակին: «Այսօրվանից 4 օրով մեկնում ենք Ծաղկաձոր, որից հետո էլ՝ 4 օրով Շուշի: Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում էլ կկայանա բանակումի փակումը: Բոլորիս նպատակն է՝ ներկայացնել նաեւ հայ երիտասարդների հիմնախնդիրները Հայաստանում եւ Սփյուռքում»,- նշեց նա:

Հ. Ասատրյանը հրաժարվեց իրազեկել, թե իրենց ամենաակտիվ՝ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական ուսանողական միությունը ինչ միջոցառումներ է կազմակերպելու, սակայն հավելեց. «Հայ դատի առնչությամբ մեր յուրաքանչյուր նախաձեռնություն ինքնանպատակ չէ: Շատ ենք կարեւորում մեր երկրի տնտեսական հզորացումը, առանց որի, կարծես թե, անիմաստ են դառնում Թուրքիայից փոխհատուցում պահանջելու հարցերը: Անկախ ցեղասպանության ճանաչումից՝ հայ-թուրքական սահմանի բացմանը մենք կողմ ենք: Չմոռանանք, որ ոչ թե Հայաստանը, այլ Թուրքիան է սահմանը փակել»:

Իսպահանցի երիտասարդ դաշնակցական Արիս Դավթյանը նշեց. «Բոլորս միավորվել ենք ազատ, անկախ եւ ժողովրդավարական Հայաստան ունենալու եւ Հայ դատը միջազգայնացնելու գաղափարի շուրջ: Ընդգծեմ, որ պարսիկներն իրենց երկրում նորմալ են վերաբերվում Հայ դատի մեր տեսակետներին եւ միջոցառումներին»: Նորջուղայեցի մի օրիորդ էլ՝ Վեհանուշ Ավետիսյանը, ավելացրեց. «Հայաստանի ապագան ես լուսավոր եմ պատկերացնում: Առաջարկում եմ՝ սերտ շփումներ ունենալ տարբեր երկրների երիտասարդների հետ եւ վերցնել այն, ինչ մեզ է հարկավոր»:

«Առավոտը» ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանին խնդրեց բացատրել՝ արդյո՞ք կուսակցությունների միջեւ խանդ եւ մրցակցություն չէ նման երիտասարդական միջոցառումների կազմակերպումը: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեզ մյուսների հետ համեմատելը ճիշտ չէ, քանի որ սա մեր համահայկական 10-րդ բանակումն է: Ի դեպ, մինչեւ Հայաստանի անկախանալը, Սփյուռքում ունեցել ենք այսպիսի երեք բանակում: Նմանօրինակ միջոցառումներով մենք երաշխավորում ենք մեր կուսակցության ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ գաղափարական շարունակականությունը: Մինչդեռ՝ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ու մյուսների համար նման միջոցառումները նոր երեւույթ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել