Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՐՔԱՅԱԶՆԸ

Օգոստոս 11,2007 00:00

 Նկարագրությունը՝ ըստ հայկական մարքսիզմի դասականի

Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողներին դիմելով իբրեւ «իմ լրատվության զինվորներ», պարզաբանեց. «Քանի որ ապագա արքայազների ինքնաներկայացման շքերթն արդեն իսկ բավականին փարթամանում է՝ անհրաժեշտություն զգացվեց ներկայացնել, թե առաջիկա նախագահական ընտրություններում ինչպիսի չափորոշիչների պիտի համապատասխանեն մեր ապագա արքայազները»: Ըստ Դավիթ Հակոբյանի՝ «Կարեւորն այն չէ, թե այսօր ով է տրամպլինի վրա եւ ով մեծ հնարավորություն ունի զավթելու գահը, այլ հայ հասարակության համար այսօր կարեւորն այն է, թե իսկապես ազգի առաջնորդ լինելու համար ով ինչ կարողություններ կարող է դրսեւորել, ազգային շահերի առումով՝ արդյոք ո՞վ է ավելի առաջադեմը եւ անհրաժեշտը գահին տիրանալու համար»:

Գլխավոր մարքսիստը մի քանի չափորոշիչներ ընտրել էր Նժդեհի աշխատություններից. «Ո՞վ կարող է լինել ազգի առաջնորդ: Առաքյալի սի՛րտ: Ադամանդյա՛ ճակատ՝ անբի՛ծ ճակատ՝ «բեզ պալիտիչեսկոգո ի կրիմինալնոգո պյատնա»: Եվ իմաստասեր գլուխ: Ահա՛ կատարյալ առաջնորդը»: Մի չափանիշ էլ փոխառել էր Չարենցից. «Ոչ մի կապանք ազգի հոգուն չի կապկպի, եթե հագնի նա զրահը ժամանակի: Այսինքն, ազգի առաջնորդը, գահի նոր տիրակալը պետք է լինի այն մարդը, որն ազգի համար պետք է բերի նոր, գաղափարական զրահ՝ արտաքին եւ ներքին դիմակայություններից պատսպարվելու համար»: Իր կողմից էլ հավելեց. «Նոր լիդերը պետք է լինի ազատամիտ եւ առատամիտ՝ ինչպես կասեին մեր մատենագիրները: Նոր լիդերը պետք է լինի ազգի սիրելին՝ «լյուբիմչիկ նացիի»:

Լրագրողները մի քանի փորձեր արեցին պարզելու, թե հատկապես ո՞ր գործիչն է, նրա կարծիքով, համապատասխանում այս չափորոշիչներին: «Փաստարկ» ակումբի ղեկավարի դիտարկմանը՝ «Կարծես թե դաշտում չկան նման ընդգծված անհատականություններ՝ այդպիսի խարիզմայով եւ նվիրվածությամբ», պրն Հակոբյանը վրդովված հակադարձեց. «Ինչ է, այս ազգի արգանդը չորացե՞՜լ է, տեսականորեն չունե՞նք այդպիսի պատրաստ կադրեր: Տնտղե՛ք եւ անպայման կգտնեք այդ կադրերին: Քաղաքական գործիչներին արգելվում է ինքնառեկլամով զբաղվելը՝ դա ամենակեղտոտ ու հանցագործ բանն է»: Հետեւեց խորհուրդ լրագրողներին, թե մարգարեներն առանց առաքյալների ոչինչ են. «Դա էլ մեծ մարգարեություն է, որ կարողանաք մարգարեին՝ ձեր ապագա տիրոջը, բերել առաջին պլանի վրա: Տարիներ պահանջվեցին մինչեւ Քրիստոսի՝ Երուսաղեմի հաղթարշավը: Այնպես որ՝ կա՛ն այդ Քրիստոսները. առանց իրոնիայի եւ հեգնանքի: Այ, հեգնանքն այն կլինի, եթե ասեք՝ ազգը չորացել է, չունի: Եվ միշտ իմացեք իմ խոսքերը պատմական՝ եթե Լենինին ու Ստալինին փոխարինողներ գտնվեցին՝ վիկինգներին կգտնվե՛ն ու կգտնվե՛ն»: Սրանից հետո հնչած ենթադրությաններին, թե ինքը հենց իրեն նկատի ունի՝ Դավիթ Հակոբյանն այսպես արձագանքեց. «Տեսական մտքի պատրաստակամության եւ պատրաստականության առումով՝ ես այդ դերը պատրաստ եմ ստանձնել: Բայց քաղաքական իրադարձությունները կթելադրեն մարտադաշտ դուրս գալու պայմաններն ու հնարավորությունները»: Քիչ անց պրն Հակոբյանը հիշեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին, որը հեգնել էր իրեն՝ ասելով. «Պոլիկլինիկայո՞ւմ չես աշխատում»: Հիշեցնենք, որ Դավիթ Հակոբյանը թիվ 12 պոլիկլինիկայի թերապեւտիկ բաժնի վարիչն է: Վերջինս այս կապակցությամբ, նախորդ զուգահեռների համեմատ, ավելի համեստ օրինակ մեջբերեց՝ հիշեցնելով, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ նախկինում կոլխոզի նախագահ էր:

Ասուլիսի ընթացքում Դավիթ Հակոբյանը մեկ էլ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահի մասին դրական արտահայտվեց. «Միայն մի քաղաքական գործիչ եմ տեսնում, որն ամեն օր կարդում է՝ դա Գեղամյան Արտաշեսն է: Մնացածներից ոչ մեկին ես չեմ տեսել կարդալուց»:

Այլ ընդդիմադիրների անվանելով «ռեւանշիզմով տառապող խռովյալ հոգիներ»՝ «Մետելիցա» սրճարանում, եւ նման հանդիպումների միջոցով միասնական թեկնածու որոշելու փորձերի մասին ասաց. «Ոչ մի կուսակցություն կամ կուսակցությունների ոհմակ, ինչքան էլ այն իրեն համարի պրոգրեսիվ՝ իրավունք չունի ազգին պարտադրել ապագա առաջնորդին»: Դավիթ Հակոբյանն ընդհանրապես է դեմ միասնական թեկնածու առաջադրելուն. «Ինչքան շատ լինեն թեկնածուները՝ այնքան 2-րդ տուրի պարտադրանքի հավանականությունը մեծ է: Իսկ 2-րդ տուրը պարտադի՛ր է: Ինչքան քիչ թեկնածուներ մասնակցեն՝ Սերժ Ազատիչն այնքան շուտ կնստի ձիուն հենց առաջին էտապում: Ազգին հնարավորություն ընձեռենք բազմաթիվ թեկնածուների միջեւ ընտրելու, իսկ հետո՝ ում ազգը կուղարկի 2-րդ տուր, նրա շուրջն էլ թող համախմբվի ընդդիմությունը: Այ, դա կլինի ոչ ամբիցիոզ, ոչ էգոիստական համախմբում՝ նատուրալ, «եստեստվեննիյ վիբոր», սելեկցիա»: Մարքսիստական կուսակցության նախագահը նաեւ ասաց. «Ես չեմ հավատում, որ նրանք իսկապես այդքան տղամարդ կլինեն՝ միասնական թեկնածու ընտրելու, զիջողության այդ աստիճանի համար: Բայց ամենակարեւորը, որ այդ թեկնածուները հիշատակածս չափանիշների ուղղությամբ փիքր անեն եւ իրենց հաշիվ տան, թե ո՛ւր են գնում եւ ո՛ւր են առաջնորդելու այս ազգին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել