Լրահոս
Օրվա լրահոսը

«Բակոն ինձ իր հետ կտանի բանակցությունների»

Օգոստոս 11,2007 00:00

ԼՂՀ նախագահական ընտրություններում առաջադրված 73-ամյա դոկտոր-պրոֆեսոր Վանյա Ավանեսյանի հետ մեր երեկվա զրույցի ընթացքում հարցերն ավելի երկար էին, քան պատասխանները:

– Դուք ԼՂՀ նախագահական ընտրություններից հետո թղթակցի հարցին, թե պատրաստվո՞ւմ եք շնորհավորել Բակո Սահակյանին, պատասխանել էիք. «Իհա՛րկե։ Հեռախոսի համարը տվեք՝ շնորհավորեմ»։ Համարը գտա՞ք, շնորհավորե՞լ եք:

– Հա, շնորհավորել եմ: Ցանկացել եմ հաջողություն:

– Դուք նաեւ բողոքել էիք, թե մեր ժողովուրդը տխուր է ապրում, ուստի անհրաժեշտ է փողոցներում համերգներ կազմակերպել, որ ամեն տեղ լինի «մուզիկա, տանգո, տանցի, վալս, ինչպես սովետի ժամանակ»: Ձեր կարծիքով, այս ընտրություններից հետո փողոցներում կլինի՞ «մուզիկա եւ տանցի»:

– Կլինի, անպայմա՛ն: Կկազմակերպեն: Հրապարակում:

– Հույս էիք հայտնել, որ նոր նախագահն ավելի լավ կաշխատի, քան հինը, ժողովրդի բոլոր ցանկությունները կկատարվեն, եւ մասնավորապես՝ թոշակը կբարձրացվի՝ դառնալով 40-50 հազար դրամ: Սակայն ԼՂՀ վարչապետն ասաց, թե առաջիկա 5 տարում հնարավոր է թոշակները հասցնել միայն 35 հազար դրամի:

– Եթե Բակոն կանի՝ ուրախ կյանք կլինի («Մեր այսօրվա երջանիկ կյա՜նքը»,- երգեց Վանյա Ավանեսյանի կողքին նստած տղամարդը, որին նա նախապես հպարտությամբ հայտնել էր, թե իր հետ որպես թեկնածու են հարցազրույց անում- Ա. Ի.): Թոշակները եւ աշխատավարձերը պիտի՛ բարձրացնի:

– Նախընտրական շրջանում պնդում էիք, թե «սպիտակ մազերով մարդ պիտի գնա ԼՂ բանակցություններին, իսկ մերոնք լակոտ-մակոտ են»: Բակո Սահակյանն առայժմ չունի սպիտակ մազեր: Ուրեմն, Ձեր կարծիքով, նա կկարողանա՞ լիարժեք մասնակցել միջնորդների հետ հանդիպումներին:

– Ինձ էլ կտանի հետը:

– Բայց նա Ձեզ նման բան խոստացե՞լ է, որ իր հետ տանելու է բանակցությունների:

– Չէ, խոսք չի տվել, բայց կտանի:

– Ուրեմն, կիրականացնե՞ք Ձեր այն խոստումը, թե «Ամերիկայի պրեզիդենտն ավելի շուտ ինձ կլսի, քանց ուրիշներին, որովհետեւ ես նրանց հետ համարձակ կխոսեմ, եւ մեզ շո՛ւտ կճանաչեն»:

– Հա, Բուշի հետ կխոսեմ, եւ կճանաչի:

– Կարծում եք, թե մինչեւ հիմա արտաքին աշխարհի հզորների հետ համարձա՞կ չեն խոսել, դրա համա՞ր չեն ճանաչել ԼՂՀ անկախությունը:

– Չէ, չեն կարա խոսի: Դոկտոր-պրոֆեսոր մարդ պիտի լինի, որ ավելի ազդեցիկ կլինի արտաքին աշխարհի վրա, քան թե հասարակ շարքայինը:

– Այդքան առավելություններ ունեք, բայց ԼՂՀ նախագահական ընտրություններում ստացաք ամենաքիչ ձայները՝ ընդամենը 212: Ուրեմն, ինչո՞ւ Ձեր այս մոտեցումները չընդունեցին ղարաբաղցիները:

– Ես ոչ մի ագիտացիա չեմ արել: Մենակ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով էի խոսում: Դրանք ամեն տեղ չկան:

– Իսկ ինչո՞ւ ոչ վստահված անձինք ունեիք, ոչ նախընտրական հիմնադրամում՝ փող:

– Ես ուզում էի, որ Բակո Սահակյանն ընտրվի:

– Բա ուրեմն էլ ինչո՞ւ էիք առաջադրել Ձեր թեկնածությունը:

– Որ իրեն պաձերժկա անեմ:

– Լուրեր կային, թե Ձեր նախընտրական գրավի գումարը մուծել էին իշխանավորները:

– Չեմ իմանում դա ես: Ի՞նչ փող: Մուծողը մուծել է, էլի: Կգաս ստեղ՝ Ղարաբաղ, կպատասխանեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել