Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ բանավոր օգնեցին իրար

Օգոստոս 11,2007 00:00

Դաշնակցական բանակումի առաջին քայլը

Երեկ «Անի» հյուրանոցում ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների համահայկական 10-րդ բանակումի շրջանակներում կազմակերպվել էր քննարկում՝ «Հայ երիտասարդության հիմնախնդիրները Սփյուռքում եւ Հայաստանում» թեմայով: Մասնակցում էին 110 երիտասարդներ աշխարհի 13 երկրներից: Քննարկման հիմնական զեկուցողներն էին ԿԳ նախարարի խորհրդական, ՀՅԴ անդամ Նվարդ Մանասյանը եւ ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Սեւան Կաբաթյանը:

ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը «Առավոտի» հարցին՝ ի՞նչ կտա այս քննարկումը երիտասարդներին, պատասխանեց. «Երիտասարդական եւ ուսանողական միությունների համահայկական 10-րդ բանակումի շրջանակներում կազմակերպել ենք նաեւ համաերիտասարդական հավաք, որպեսզի 13 երկրներից Հայաստան ժամանած երիտասարդների եւ քաղաքական կուսակցությունների երիտասարդական թեւերի կամ երիտասարդական դաշտում գործող երիտասարդական հ/կ-ների ներկայացուցիչների հետ քննարկենք երիտասարդության հիմնախնդիրները: Յուրաքանչյուր երկիր՝ ելնելով իր կենցաղային եւ տնտեսական պայմաններից, ունի իր խնդիրները: Հատկապես Հայաստանից դուրս ապրող երիտասարդները դիմակայում են բազմաթիվ դժվարությունների՝ ձուլում, ապազգայնացում եւ այլն: Մեր նպատակներից մեկն էլ այն է, որ Հայաստանի կապը սփյուռքահայերի հետ միշտ պահպանվի: Քննարկման շնորհիվ տարբեր երկրներում ապրող հայազգի երիտասարդները կծանոթանան իրենց տարեկիցների խնդիրներին ու հաջողություններին»: Ս. Կաբաթյանն էլ հավելեց. «Այսօր մենք արդեն խոսում ենք հայկական կենտրոնների ու հայրենիք կերտելու մասին: Սփյուռքի երիտասարդը նախ եւ առաջ պետք է իրեն զգա հայրենիք կերտելու գործընթացի մեջ»: Նրա ձեւակերպմամբ, յուրաքանչյուր սփյուռքահայ պետք է անպայման Հայաստան գա, բայց ոչ թե 2-3 շաբաթով. «Հայաստանը լիարժեք պատկերացնելու համար պետք է գոնե մի քանի ամիս այստեղ ապրել»: Սփյուռքից ժամանած երիտասարդներից ոմանք հայտնեցին, որ ցանկանում են ներդրումներ անել Հայաստանում, ինչ-որ ձեւով օգուտ տալ երկրին: Շատերն էլ ասացին, որ առաջին անգամ լինելով Հայաստանում՝ վերջապես իրականացրել են իրենց վաղեմի երազանքը՝ սեփական աչքերով տեսնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Սիրիացի մի երիտասարդ ասաց, որ մեծ տպավորություններով կհեռանա Հայաստանից, հատկապես՝ Երեւանից, որը, նրա խոսքերով, «շատ անուշ է»: Նա նշեց, որ անպայման կոչ կանի տեղի սփյուռքահայերին՝ գալ Հայաստան, քաջալերել երիտասարդներին, օգնել ֆինանսապես եւ բարոյապես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031