Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿՀԱՂԹԻ»

Օգոստոս 14,2007 00:00

Նկատի ունենալով ՀՀ առաջին նախագահին, ասում է «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս (Մկրտիչ) Գիմիշյանը:

– Ձեր կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքեց ընդամենը 3433 ձայն՝ զբաղեցնելով վերջից 5-րդ տեղը: Դուք դա պարտությո՞ւն եք համարում, թե՝ «այնպես ոչինչ» արդյունք:

– Միանշանակ՝ պարտություն, քանզի ընտրությունների գնում էինք 5%-ի շեմը հաղթահարելու հույսով, նվազագույնը՝ 20 հազար ձայնի ակնկալիքով:

– Որտեղի՞ց էր առաջացել այդ «հույսը»: Ձեր կուսակցության մասին մարդիկ լսեցին ընտրությունների նախաշեմին, եւ ֆինանսապես էլ այնպիսի հզոր ներուժ չունեիք, որ միանգամից տասնյակ հազարավոր ձայներ հավաքեիք:

– Կուսակցությունն իսկապես նոր է, չնայած մենք նոր մարդիկ չենք քաղաքականության մեջ: Մենք մի փոքր կորիզ էինք Էդուարդ Եգորյանի «Հայրենիք» պատգամավորական խմբից եւ ուզում էինք օգտագործել մեր նախկին քաղաքական փորձն ու համբավը: Հիմնական հույսը կապում էինք քրիստոնեական արժեքներ կրող զանգվածների հետ, կարծելով, որ բարոյական արժեքներ կրող մարդիկ են ազդում հասարակության վրա, բայց պարզվեց հակառակը՝ հասարակությունն է քրիստոնյաների վրա բացասաբար ազդում:

– Առջեւում նախագահական ընտրություններն են, նախընտրություններ ունե՞ք շրջանառվող թեկնածուների մեջ:

– Պետք է միավորող կենտրոն լինի՝ թեկնածու, որը հույս կներշնչի, որ հնարավոր է այս ստվերային տնտեսությամբ օլիգարխիկ-կլանային իշխանությունից ազատվել:

– Մեր թերթին տված հարցազրույցում ձեր կուսակցական ցուցակով ընտրություններին մասնակցող Այդին Մորիկյանը պնդում էր, որ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է անել դա: Համախոհնե՞ր եք այդ հարցում, թե՝ ոչ, մանավանդ, եթե հիշենք, որ «Հայրենիք» պատգամավորական խումբը Լ.Տեր-Պետրոսյանի օրոք պառլամենտական ընդդիմություն էր եւ անխնա քննադատում էր նախագահին:

– Այո, քննադատում էինք, ասում էինք, որ երկիրը պետք է ղեկավարի կուսակցությունը, քաղաքական ուժը, ոչ թե՝ անձինք: Սակայն դա չի նշանակում, որ չենք տեսնում, թե ինչ վիճակում է Հայաստանը հիմա, եւ ինչ կարող է անել Տեր- Պետրոսյանը: Ինչպես մենք, այնպես էլ նա պատասխանատու է իրավիճակի համար, եւ, լինելով ազգասեր ու երկիր սիրող անձ, նա անպայման պիտի ամեն ինչ անի երկրի համար: Եթե մասնակցի ընտրություններին, անպայման կհաղթի:

– Որտեղի՞ց այդ համոզվածությունը:

– Անշուշտ, թերությունները, որ նախկին իշխանությունն ուներ, չափազանց ուռճացված, չափազանցված ձեւով են մատուցել, քարոզչությունն իր ազդեցությունը թողել է հասարակության վրա, եւ հեշտ չէ պատկերացնել, որ առաջադրվելով նա կհաղթի: Բայց ա) hասարակությունը հոգնել է այս իշխանություններից եւ Տեր-Պետրոսյանի մեջ տեսնում է ղարաբաղյան կլանից ազատվելու եզակի շանս, բ) մտածող մարդիկ հասկանում են, որ 90թ.-ին Լ. Տեր-Պետրոսյանը 45 տարեկան երիտասարդ էր, որը, երբ կանգնեց երկրի գլուխ, ոչ փորձ ուներ, ոչ իմաստություն, կար միայն մտածելու ունակություն եւ շարժում կազմակերպելու տաղանդ: Իսկ այսօր նա 60-ն անց հասուն մարդ է՝ հսկայական իմաստությամբ, ահռելի քաղաքական փորձով: Վստահ եմ, որ նրա՝ իշխանություն գալով զգալիորեն կպակասի ստվերային տնտեսությունը, կաշառակերությունը, կբարելավվի մարդկանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը: Բացի այդ, նա շատ հմուտ արտաքին հարաբերություններ վարող պետական-քաղաքական գործիչ էր դեռ այն ժամանակ, իսկ հիմա, ունենալով Կոսովոյի օրինակը, նա կարող է իր հմտությամբ նաեւ Ղարաբաղի հարցը լուծել, ինչը կնպաստի մեր երկրի ավելի ակտիվ զարգացմանը: Մտավոր, հոգեւոր արժեքները, բարոյականությունը գլուխ կբարձրացնեն, եւ զոռբայությունը, բռի ուժն ու մարտնչող տգիտությունն իրենց տեղը կզիջեն ինտելեկտին, ժողովրդավարությանը:

– Բայց այդ նույն զոռբա, բռի ուժերն ուղղակի թույլ չեն տա նրա հաղթանակը:

– Ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններում ծանր պարտություն կրեց, բայց չմոռանանք, որ համատարած ընտրակաշառքի պայմաններում ժողովրդի 20-25%-ը չծախվեց, եւս 40%-ը չմասնակցեց: Այնպես որ, անհույս չէ մեր հասարակությունը: Կան նաեւ բազմաթիվ մարդիկ, որ ընտրակաշառքով քվեարկեցին, բայց եթե լիներ համախմբված ընդդիմադիր ուժ, որը վստահություն կներշնչեր, ապա կհրաժարվեր այդ ծիծաղելի 5-10 հազարից եւ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում կորդեգրեր: Ելնելով այդ ամենից, համոզված եմ, որ երբ գա ամեն ինչ իրար կողքի դնելու եւ կշռադատելու ժամանակը, մարդիկ կտեսնեն, որ ամեն ինչ խոսում է հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել