Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԱՅԼԵՎՍ ԹՇՆԱՄԻՆԵՐ ԵՆՔ»

Օգոստոս 17,2007 00:00

Իսպանաբնակ օպերային տենոր Վահրամ Թադեոսյանը այսպես է ներկայացնում իր եւ Երեւանի օպերային թատրոնի ղեկավարության հարաբերությունները:

Երգիչ Վ. Թադեոսյանը սեպտեմբերին (օրերը դեռեւս ստույգ որոշված չեն) 2 օր տարբեր ծրագրերով հանդես կգա «Ա. Խաչատրյան» համերգասրահում:

«Առավոտը» հանդիպեց երգչի հետ:

«Հայաստանում առաջին անգամ կհնչեն համաշխարհային օպերային գրականության գլուխգործոց համարվող օպերաներից հատվածներ, այդ թվում՝ Մաուրիցիոյի արիան, Չիլեայի «Ադրեանա Լեկուվրեր», Վասկո Դագամայի արիան, Մեյբերի «Աֆրիկուհի» օպերաներից, տենորի պարտիան Ռոսինիի հանդիսավոր մեսայից:Բնականաբար, կլինեն նաեւ հայ հեղինակների երկեր՝ Կոմիտաս, Եկմալյան, Կոտոյան եւ մյուսների ստեղծագործություններից»,- տեղեկացրեց Վ. Թադեոսյանը:Ներկայացնելով Իսպանիայում իր ստեղծագործական ծրագրերը՝ երգիչը հայտնեց, որ ինքը տարիներ շարունակ ծավալել է համերգային գործունեություն եւ պայմանագրեր ունի կնքած Իսպանիայի տարբեր օպերային թատրոնների հետ. «Տենորի համար գրված տարբեր դերերգերով եմ հանդես եկել, այդ թվում՝ Ալֆրեդի դերերգով Վերդիի «Տրավիատայում», Կավարադոսի՝ Պուչինիի «Տոսկայում», Վերդիի «Մակբեթում»՝ համանուն դերերգով եւ այլն:Հիշյալ բեմադրությունները Վալենսիայի Թագուհի Սոֆիայի անվան, Ֆլորենցիայի «Մաջո մուզիկալե», Մադրիդի «Կալդերոն», Բիլբաոյի «Առեագս» օպերային թատրոնների խաղացանկում են»:Մեր հարցին, թե ինքը ինչպե՞ս է հայտնվել Արեւմուտքում, երգիչը պատասխանեց. «Շուրջ մեկ տարի աշխատել եմ Երեւանի օպերային թատրոնում, ապա 2001թ. Վալենսիայի «Երաժշտական պալատ» սիմֆոնիկ նվագախմբի կողմից ստացել հրավեր:Այս համագործակցությունը շարունակվեց մինչեւ 2003թ.»:

«Առավոտը» երգչին հիշեցնելով 2006թ. հայրենիքում կայացած երկու համերգների մասին՝ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այն ժամանակ մեր հարցը, այն է՝ դուք չե՞ք ցանկանում բեմ բարձրանալ Երեւանի օպերային թատրոնում, այդպես էլ մնաց անպատասխան, Վ. Թադեոսյանը նախ նշեց. «Մենք այլեւս թշնամիներ ենք (նկատի ունի իր եւ օպերային թատրոնի ղեկավարության հարաբերությունները.- Ս. Դ.)»:Հետո էլ հավելեց, որ այդպես էլ մութ է մնացել, թե ինչու իր հայրենիքի օպերային թատրոնի ղեկավարությունը նման վերաբերմունք է ցուցաբերել. «Դահլիճի մեկ օրվա վարձավճարը նրանք (նկատի ունի մեր օպերային թատրոնի ղեկավարությանը.- Ս. Դ.) բարձրացրին մինչեւ $3000:Ասեմ նաեւ, որ դա ես այնքան էլ ծանր չտարա, որովհետեւ հայաստանցի ունկնդրի առջեւ ելույթ ունեցա ե՛ւ Կամերային տան, ե՛ւ Ա. Խաչատրյանի անվան դահլիճներում:Իսկ Իսպանիայում ինձ սպասվում էր մեծ անակնկալ:Հասնելուն պես ստացա համագործակցության առաջարկ ճանաչված երկու իմպրեսարիոներից՝ իտալացի Էտտորե Վոլոնտիերից եւ իսպանացի Էռնեստո Պալսաիոյից»:

Զրույցի ընթացքում Վ. Թադեոսյանը տեղեկացրեց նաեւ, որ ինքը մենահամերգներ է ունենում Եվրոպայի տարբեր երկրներում. «Վերջերս Կիեւի «Ուկրաինա» պալատում կայացած Ռուսաստանի եւ Ուկրաինայի համատեղ մի միջոցառման ժամանակ, որին ներկա էին երկու երկրների նախագահները, հրավիրված էի նաեւ ես:Ընդ որում՝ միակն էի արտերկրից:Նշեմ նաեւ, որ այդ միջոցառումը կազմակերպել էր անվանի երգիչ Իոսիֆ Կոբզոնը:Բանկետի ժամանակ դասական երգերի դուետներով էլ հանդես եկա հայտնի երգչուհի Սոֆիա Ռոտարուի հետ՝ կատարելով Լա Դանցայի «Քեզ հետ կթռչեմ» եւ իսպանացի կոմպոզիտորի (անունը չմտաբերեց.- Ս. Դ.) «Գլխավորները» ստեղծագործությունները:Ինքնագովեստություն չլինի, բայց պետք է նշեմ, որ նախագահ Յուշչենկոն իմ սոլո կատարումից հետո ասաց. «Բաժակ բարձրացնենք հայոց հողի համար, որը նման տենոր է պարգեւել մեզ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել