Լրահոս
Օրվա լրահոսը

Իմաստավորված կառույց

Օգոստոս 18,2007 00:00

Շանհայյան համագործակցության մասին ասում է Վահան Շիրխանյանը

Օգոստոսի 20-ին Բիշքեկում բացվել էր 1996թ.-ին ստեղծված Շանհայի համագործակցության կազմակերպության տարեկան գագաթաժողովը: Հիշեցնենք, որ այս կազմակերպության անդամ են Ռուսաստանն ու Չինաստանը, նաեւ միջինասիական երկրներ Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Ղրղըզստանը: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Բիշքեկում հանդիպել են անդամ երկրների նաեւ գագաթաժողովին դիտորդի կարգավիճակով մասնակցած Իրանի եւ Մոնղոլիայի, պատվավոր հյուրեր՝ Աֆղանստանի ու Թուրքմենստանի նախագահները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Հայտնի է, որ կազմակերպության անդամ երկրները, որոնք համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարի եւ տնտեսական ոլորտներում, մտադիր էին ստեղծել նաեւ էներգետիկ ակումբ եւ, ամենակարեւորը՝ համագործակցել նաեւ ռազմական ոլորտում:

Այս կազմակերպության գործունեության արդյունավետությանը հավատում են նաեւ հայաստանյան առանձին քաղաքական գործիչներ եւ կարծում են, որ այդ համագործակցությանը ՀՀ-ի անդամակցությունը կարող է խոստումնալից եւ հեռանկարային լինել նաեւ մեր երկրի համար: Մասնավորապես, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների նախկին նախարար եւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը դեռ այս տարվա գարնանը նախաձեռնել էր «Շանհայյան ակումբ» հ/կ-ի ստեղծումը, որը պետք է հայ հասարակությանը ծանոթացներ շանհայյան կառույցին եւ քարոզեր այդ համագործակցության արդյունավետությունը: Հ/կ-ի ձեւավորման շնորհանդեսից հետո, սակայն, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ Վահան Շիրխանյանի շուրջ ծավալված հայտնի իրադարձությունները կասեցրել էին հ/կ-ի ակտիվ գործունեությունը:

Այդուհանդերձ, Վ. Շիրխանյանը երեկ մեզ հետ զրույցում պնդեց իր այն համոզմունքը, թե «Հայաստանի համար այդ համագործակցությանն անդամակցելը գերադասելի ուղղություն է ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ ռազմական իմաստներով»: Միջազգային հանրությունը «Շանհայի համագործակցությունը» համարում է Ռուսաստանի ծրագիրը՝ հատկապես ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ազդեցության ոլորտների ընդարձակմանը դիմագրավելու հեռահար նպատակով: «Ես չեմ կարծում, որ դա այդպես է: Դա ավելի շուտ ուղղված է համագործակցող երկրների անվտանգության կայուն ապահովմանը, իսկ թե ո՞վ կսպառնա այդ անվտանգությանը՝ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն թե միջազգային ահաբեկչությունը՝ արդեն այլ խնդիր է»,- կարծիք հայտնեց Հայաստանում «Շանհայի ակումբի» նախաձեռնողը: Իսկ ի՞նչ կտար այդ համագործակցությանն անդամակցելը կոնկրետ Հայաստանին: Վ. Շիրխանյանի ասելով՝ «կայուն գիտական, տնտեսական, սոցիալական զարգացում եւ անվտանգության երաշխիքներ»:

Նկատենք, որ այդ կազմակերպության անդամ պետությունները, գոնե ի դեմս Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ղրղըզստանի, ո՛չ իրենց ժողովրդավարական, ո՛չ տնտեսական զարգացման իմաստով առաջատար երկրներ չեն, ուստի՝ Հայաստանի տնտեսական, սոցիալական զարգացման հեռանկարն էլ այս իմաստով մշուշոտ է: Ի պատասխան մեր այս դիտարկմանը՝ Վ. Շիրխանյանն արձանագրեց, թե «ամենաժողովրդավարական երկիրը համարվում է Միացյալ Նահանգները, բայց իրաքյան զարգացումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն Իրաքում ամենեւին էլ ժողովրդավարություն չի կառուցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել