Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Օգոստոս 18,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ տասներկուերորդ

ԵՐԿՈՒ ՄԱՂԱՐԻՉ

– Որ ճիշտն ուզում եք իմանալ, խաշի առումով նոյեմբերն ամենահարմարն է,- ասաց Դարբինյանը:

– Հարմարը հարմար ա,- ասաց Աշոտը.- ուղղակի ձեր գրքի առումով որ շտապում եք, դրա համար եմ ասում հոկտեմբերին:

– Շտապելու հարց չկա,- ասաց Դարբինյանը.- կարեւորը դիսերտացիայի պաշտպանությունն է:

– Հա,- ասաց Աշոտը.- դիսերտացիան որ պաշտպանեք, գիրքը հետո էլ կտպեք:

– Գրքի մասին զուգահեռաբար պիտի մտածենք,- ինձ նայելով՝ ասաց Դարբինյանը:

Ես աչքիս պոչով Դարբինյանին էի հետեւում, ու էդ ամբողջ ընթացքում Դարբինյանը, որ արդեն սեյֆի դուռը բացել էր, իր գրքի մասին խոսակցությամբ տարված՝ հապաղում էր հրամանս կնքել ու ստորագրել եւ երբ ասաց՝ «գրքի մասին զուգահեռաբար պիտի մտածենք», ես նորից ասացի՝ «Համո Սահյանը որ մի կեսբերան Արշակյանին ասի, Արշակյանը հաստատ կանի», եւ իմ խոսքերի վրա Դարբինյանը ցելոֆանի միջից կնիքը հանեց, հո՛ արեց, կնիքը մեկ առ մեկ շրխկացրեց հրամանիս բոլոր օրինակներին, հետո կնիքը վերստին ցելոֆանի մեջ դնելով՝ ցելոֆանը դրեց սեյֆի մեջ, սեյֆի դուռը բանալիով փակեց, այնուհետեւ կոստյումի գրպանից մի ինքնահոս գրիչ հանեց, ինքնահոսի գլխիկը հանեց, ու ես տեսա՝ ոսկեծայր ինքնահոս գրիչ էր, որ էդ թվերին մոդա էր, եւ երբ միանգամայն այլ թղթի վրա էդ թանաքով ինքնահոսը փորձարկում էր, որ հրամանս ստորագրի, հանկարծ գլուխը շեշտակի բարձրացրեց, նայեց Աշոտին ու հարցրեց.

– Բա Արմենի դիմումն ո՞ւր է, ա՛յ Աշոտ:

– Ամեն ինչ էնքան արագ ստացվեց, որ դիմումը մոռացանք գրել,- ծիծաղեց Աշոտը:

– Առանց դիմումի չի լինի,- ժպտաց ու հրամանս ստորագրեց Դարբինյանը.- եթե դիմում չգրի, կստացվի, որ Արմենին զոռով ենք աշխատանքի ընդունում:

– Հիմա կթելադրեմ՝ կգրի,- ասաց Աշոտը եւ Դարբինյանի սեղանից թուղթ ու գրիչ վերցնելով՝ գրիչը տվեց ինձ, թուղթը դրեց դիմացս եւ ժպտալով ասաց.

– Թելադրությունից լավ ես, չէ՞:

– Արագացրեք,- ժամացույցին նայելով՝ ասաց Դարբինյանը.- հինգ րոպեից զրո կուրսում դասի եմ:

– Հինգ րոպե չի քաշի, ընկեր Դարբինյան,- ժպտաց Աշոտն ու սկսեց թելադրել.- Երեւանի պետական բժշկական ինստիտուտի «Ապագա բժիշկ» թերթի գլխավոր խմբագիր Միքայել Դարբինյանին Արմեն Հակոբի Շեկոյանից:

– Հայրանունս որտեղի՞ց գիտես,- զարմացած հարցրի Աշոտին:

– Մոռանում ես, որ պասպորտդ մոտներս ա,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- առանձին տողի վրա՝ մեջտեղում մեծատառով գրի՝ Դիմում:

Ես առանձին տողի վրա՝ մեջտեղում մեծատառով գրեցի՝ Դիմում, եւ Աշոտը շարունակեց.

– Խնդրում եմ ինձ ընդունել աշխատանքի սրբագրիչի հաստիքով:

Ես Աշոտի ասածն արագ-արագ գրեցի, եւ Աշոտն ինձ հարցրեց.

– Էսօր ամսի քանի՞սն ա, Արմո:

– Տասնյոթը,- ասացի ես:

– Ամսի տասնչորսով եք գրելու, ա՛յ Աշոտ,- գոռաց Դարբինյանը:

– Հա,- ժպտաց Աշոտը, հետո ինձ ասաց.- հիմի ձախից թվերով գրում ես՝ տասնչորսը ութերորդ ամսի, հազար ինը հարյուր յոթանասունվեց:

Ես Աշոտի ասածը թվերով գրեցի, եւ Աշոտն ասաց.

– Աջի վրա անունդ ու ազգանունդ գրի, ստորագրի:

Ես աջ կողմում անունս ու ազգանունս գրեցի, հետո Աշոտը դիմումս նայեց, տվեց Դարբինյանին, Դարբինյանը կարդաց, իր ոսկեծայր գրիչով վրան ինչ-որ բան գրեց, մյուս թղթերի հետ տվեց Աշոտին ու ասաց.

– Հրամանի մի օրինակը թող Արմենի մոտ մնա, մյուս օրինակները տուր Անահիտին, իսկ հրամանի առաջին օրինակը դիմումի ու անձնական թերթիկի հետ տվեք կադրերի բաժնի վարիչին:

– Գիտեմ,- ասաց Աշոտը:

– Ամեն ինչ գիտեք,- ասաց Դարբինյանը.- եթե չասեի, դիմումը տասնյոթով էիք գրելու:

– Պահի տակ մոռացա, ընկեր Դարբինյան,- ասաց Աշոտը:

– Էդ կադրերի բաժնի վարիչին էսպիսի բաներ են հարկավոր, որ ինստիտուտով մեկ աղմուկ բարձրացնի,- ասաց Դարբինյանը:

– Էդ կնիկը մենակ ձեզ ա հարգում, ընկեր Դարբինյան,- ասաց Աշոտը.- մինչեւ ձեր անունից չխնդրեցի, անձնական թերթիկ չտվեց:

– Անգրագետ թոռանը չորս եմ նշանակել, դրա համար է հարգում,- ասաց Դարբինյանն ու ավելացրեց.- չնայած՝ ինքը հինգ էր ուզում:

– Հինգ ա ուզել, որ գոնե չորս նշանակեք,- ասաց Աշոտը:

– Երեւի,- ասաց Դարբինյանը եւ ինձ նայելով՝ անսպասելի հարցրեց.- ի՞նչ բանաստեղծներ եք սիրում, երիտասարդ:

– Թումանյան, Տերյան,- անմիջապես ասացի ես, հետո մի քիչ մտածեցի, ավելացրի.- Նարեկացի, Իսահակյան, Դուրյան, Մեծարենց:

– Փաստորեն, Չարենց չեք սիրում,- մտահոգ ասաց Դարբինյանը:

– Շատ եմ սիրում,- ասացի ես:

– Եթե շատ սիրեիք, Չարենցի անունն առաջինը կտայիք,- ասաց Դարբինյանը:

– Մոռացա,- արդարացա ես:

– Վատ է, որ հատկապես կարեւորագույնին եք մոռանում,- հոգոց հանեց Դարբինյանն ու ժամացույցին նայելով՝ Աշոտին ասաց.- ժամանակ մի կորցրեք. էդ հրամանն ու մյուս փաստաթղթերը հենց հիմա էլ տար:

– Լուսանկար չկա,- ասաց Աշոտը:

– Լուսանկար չունե՞ս,- ինձ հարցրեց Դարբինյանը:

– Արդեն լուսանկարվել եմ,- ասացի ես:

– Որտե՞ղ ես լուսանկարվել,- հարցրեց Դարբինյանը:

– Սեյրանի մոտ,- իմ փոխարեն պատասխանեց Աշոտը:

– Մի շաբաթվա մեջ էդ լուսանկարները հաստատ կստանաս, Արմեն ջան,- ժպտաց Դարբինյանը:

– Ինքն ասաց, որ մի ժամվա մեջ պատրաստ կլինի,- ասացի ես:

– Ե՞րբ ասաց,- հարցրեց Դարբինյանը:

– Մի ժամ առաջ,- պատի ժամացույցին նայելով՝ ասացի ես:

– Էս քաղաքում ուրիշ լուսանկարիչ չկա՞ր, որ դրան եք խնդրել,- ասաց Դարբինյանը:

– Ինքը առաջարկեց,- ասացի ես:

– Հույսով ապրեք,- քմծիծաղ տվեց Դարբինյանը, հետո նայեց ժամացույցին, տեղից կտրուկ վեր կացավ ու ասաց.- ես վազեցի դասի:

– Շնորհակալություն, ընկեր Դարբինյան,- ասացի ես:

– Եթե ամեն ինչ լավ լինի, ե՛ս շնորհակալություն կհայտնեմ,- ժպտաց Դարբինյանը:

– Գնացեք,- Դարբինյանին ասաց Աշոտը.- ես դուռը կփակեմ:

– Հա,- ասաց Դարբինյանը.- մոտդ բանալի կա:

Երբ Դարբինյանը գնաց, Աշոտն ինձ ասաց.

– Էդ լուսանկարների հաշվով ես էլ եմ կասկածում, Արմո ջան:

– Ի՞նչ ես կասկածում,- հարցրի ես:

– Կասկածում եմ, որ էդ բեդովլաթը մի ժամվա մեջ հասցնի,- ասաց Աշոտը:

– Որ չհասցներ, դժվար թե խոստանար,- ասացի ես:

– Իրան չես ճանաչում,- ասաց Աշոտը.- խոստանալու համար խելքն իրանը չի:

– Ի՛նքը առաջարկեց,- ասացի ես.- ես իրան չեմ խնդրել:

– Հասկանում եմ,- ժպտաց Աշոտն ու ասաց.- դու էս թղթերը տուր Անոյին, ես մտնեմ էդ բեդովլաթի մոտ՝ տենամ հույս կա՞:

Մինչ Աշոտը բանալիով կփակեր Դարբինյանի դուռը, ես խմբագրության դուռը բացեցի եւ հենց դռների մեջ դեմս ցցվեց Սեյրանն ու ինձ ժպտալով՝ ասաց.

– Էս ինձ չամչի գրավ ե՞ք դրել, ա՛յ Արմեն:

Աշոտը բաց դռնից Սեյրանի ձայնն առնելով՝ ներս մտավ ու Սեյրանին հարցրեց.

– Էդ ֆոտոներն էս շաբաթ պատրաստ կըլնե՞ն:

– Ի՞նչ ֆոտոներ,- հարցրեց Սեյրանը:

– Արմոյի ֆոտոները,- ասաց Աշոտը:

– Սրանց մասին ե՞ս ասում,- լուսանկարներն Անոյի սեղանից վերցնելով ու Աշոտին տալով՝ ժպտաց Սեյրանը:

– Էս դու ե՞ս, Արմո,- լուսանկարներիս նայելով՝ ժպտաց Աշոտը:

– Հա,- լուսանկարներից մեկն Աշոտից վերցնելով՝ ասացի ես.- նման չի՞:

– Շատ նման ա,- ժպտաց Աշոտը:

– Գեղանկար չի, որ նման չլինի,- ժպտաց Բասենցյանը.- լուսանկար է:

– Ըտենց մի ասա, ընկեր Բասենցյան,- ասաց Սեյրանը.- ֆոտոգրաֆ գիտեմ՝ ընենց ա լուսանկարում, որ մարդիկ իրանք իրանց չեն ճանաչում:

– Մերսի, Սեյրան ջան,- ասացի ես:

– Չարժի,- ասաց Սեյրանը.- մեծ բան չի, Արմեն ջան:

– Էս պահին շատ մեծ բան ա,- ասաց Անահիտը.- որ մի քիչ ուշացնեիր, էսօր չէինք հասցնի Արմենի գործերը կադրերի բաժին ուղարկել:

– Ես տանե՞մ, թե՞ դու,- լուսանկարներիցս երկուսը սկրեպով անձնական թերթիկիս կպցնելով՝ Անահիտին հարցրեց Աշոտը:

– Դո՛ւ տար, Աշոտ ջան,- խնդրեց Անահիտը.- էդ կնիկը ներվերիս վրա ազդում ա:

– Էս մի օրինակը քեզ, Արմո ջան,- հրամաններից մեկն ինձ տալով՝ ասաց Աշոտը, հետո մյուս օրինակն Անահիտին տալով՝ ասաց.- էս էլ ընդհանուր գործերին կցի, Անո ջան:

– Շուտ տար, քանի էդ կնիկը չի գնացել,- Աշոտին ասաց Անահիտը:

– Արխային,- ասաց Աշոտը.- ինքը մինչեւ վերջ մնում ա, որ հանկարծ ուրիշները շուտ չգնան:

– Դու էլ երեւի հետս գաս, Արմո ջան,- ասաց Աշոտը.- մեկ էլ տեսար՝ էդ կնիկը քեզ հարցրեց:

– Չէ,- ասաց Անահիտը.- որ Արմենը գա, էդ ջադուն կսկսի հազար ու մի ավելորդ հարցեր տալ:

– Որ պահանջի, նոր Արմենը կգա,- ասաց Բասենցյանը:

– Լավ,- ասաց Աշոտն ու դուրս գնաց:

– Հիմի ի՞նչ ենք անում, Արմեն ջան,- ինձ նայեց ու ժպտաց Սեյրանը:

– Ի՞նչ ենք անում,- հարցրի ես:

– Մաղարիչի հաշվով եմ ասում,- ժպտաց Սեյրանը:

– Արդեն պայմանավորվել ենք,- ասացի ես:

– Մաղարիչի հաշվով հանաք էինք անում, ա՛յ բալա,- ասաց Բասենցյանը:

– Հեչ էլ հանաք չենք արել,- ասաց Սեյրանն ու դուրս գնաց:

Ես Սեյրանի հետեւից դուրս գնացի եւ դռների մոտ իրեն հարցրի.

– Հետդ չգա՞մ:

– Ես մենակ կգնամ,- ասաց Սեյրանը.- դու մնա, որ Բասենցյանն ու Անոն հանկարծ չփախնեն:

– Բա փող պետք չի՞,- ձեռքս գրպանս տանելով՝ հարցրի ես:

– Մոտս փող կա,- ասաց Սեյրանը.- ես ամեն ինչը կառնեմ, հետո հախուհաշիվը կանենք:

– Լավ,- ասացի ես ու վերադարձա սենյակ:

– Լուսանկարներդ հավանեցի՞ր, Արմեն,- հարցրեց Բասենցյանը:

– Հա,- ասացի ես:

– Շատ հաջող ֆոտոներ են,- ասաց Անահիտն ու ավելացրեց.- էդ անշնորհքը որ ուզում ա, լավ էլ գործ ա անում:

– Համ արագ, համ էլ՝ որակով,- ասաց Բասենցյանը:

– Պրծանք, Արմո ջան,- սենյակ մտնելով՝ ինձ ժպտաց Աշոտը, հետո մոտեցավ ինձ, ձեռքս սեղմեց ու ասաց.- շնորհավորում եմ:

– Մերսի, Աշոտ ջան,- իր ձեռքը սեղմելով՝ ասացի ես:

– Հիմի արդեն կարանք թրջենք,- Անահիտին նայելով՝ ժպտաց Աշոտը:

– Թող մաղարիչը Սեյրանի հետ անեն, որ շատ ծանր չնստի,- ժպտաց Անահիտը:

– Անահիտը ճիշտ է ասում, Արմեն ջան,- ժպտաց Բասենցյանը.- Սեյրանի հետ միացեք:

– Արդեն միացել ենք,- ասացի ես:

– Ո՞նց եք միացել,- զարմացավ Բասենցյանը:

– Սեյրանը մաղարիչի հետեւից ա գնացել,- ասացի ես եւ ավելացրի.- ինձ խնդրեց՝ ձեզ ասեմ, որ սպասեք:

– Մաղարիչի հաշվով հանաք էինք անում, ա՛յ Արմո,- ասաց Աշոտը:

– Հանաք ա՝ հանաք չի, Սեյրանն արդեն գնացել ա,- ասացի ես:

– Թողնենք վաղվան,- ասաց Անահիտը.- էսօր լիքը գործեր ունենք:

– Ի՞նչ գործեր,- հարցրեց Աշոտը:

– Լվացք,- ասաց Անահիտը:

– Լվացքդ չի փախնի,- ասաց Աշոտը:

– Տղաներին չնեղացնենք, Անո ջան,- ասաց Բասենցյանն ու ավելացրեց.- ճիշտն ասած, ես էլ գործեր ունեմ, բայց ստիպված ենք տղաների մաղարիչն ընդունել:

– Դե լավ,- ժպտաց Անահիտը.- թող ընդունելի լինի:

– Մի ժամից ավել չենք նստելու, Անո ջան,- ասաց Աշոտը.- ընենց որ, լվացքդ էլ կհասցնես:

– Սեյրանն էսօր դժվար թե գա,- ասաց Անահիտը:

– Էլի ինձ ե՞ք բամբասում,- դուռը բացելով ու ներս մտնելով՝ ժպտաց Սեյրանը:

– Հա, քեզ ենք բամբասում,- ասաց Անահիտը.- ուրիշ բանուգործ չունենք:

– Դռան հետեւից անունս լսեցի,- խորամանկ ժպտաց Սեյրանը:

– Անունդ տալու իրավունք չունե՞նք, այ բալա,- ասաց Բասենցյանը.- որ անունդ կուտանք, էդ չի նշանակի, թե՝ բամբասենք գը:

– Լավ բան արել ա՞, որ մտքով լավ բան անցնի,- ասաց Անահիտը:

– Բա էս լավ բան չի՞,- Սեյրանի ձեռքի մեծ պայուսակը ցույց տալով՝ ասաց Աշոտը:

– Նայած թե՝ մեջն ինչ ա,- ժպտաց Անահիտը:

– Շամպայն չես խմի՞, Անո ջան,- հարցրեց Սեյրանը:

– Խի՞ չեմ խմի,- ժպտաց Անահիտը.- հո հիվանդ չե՞մ:

– Վաղուց չենք խմել,- ժպտաց Բասենցյանը:

– Սեյրանի մակարդակն ահագին բարձրացել ա,- ժպտաց Անահիտը.- ես մտածում էի՝ արաղ ա բերելու:

– Էդքան էլ անմակարդակ չենք,- պայուսակից պաղպաղակները հանելով՝ ասաց Սեյրանը.- էս մառոժնին կերեք, մինչեւ շամպայնը բացեմ:

Մինչ մեր պաղպաղակներն անուշ կանեինք, Սեյրանը պահարանից մի մեծ ափսե հանեց, շոկոլադները լցրեց ափսեի մեջ, հետո բաժակները հանեց, շարեց անկյունի ազատ գրասեղանին:

– Կոֆե էլ ենք խմելու, չէ՞, Անո ջան,- Անահիտին նայեց Սեյրանը:

– Չես թողելո՞ւ էս մառոժնին հալալ ուտեմ,- ասաց Անահիտը:

– Կեր,- ցելոֆանով սուրճը պայուսակից հանելով՝ ժպտաց Սեյրանը:

– Էս քո սեղանն ա, Արմեն ջան,- ասաց Անահիտը.- դեմ չես, չէ՞, որ քո սեղանին ձեր մաղարիչն արվի:

– Դեմ չեմ,- ժպտացի ես:

Աշոտը երկու շամպայններից մեկը տրաքացրեց եւ բաժակները լցրեց:

– Դեռ աշխատանքի ժամ է,- ժամացույցին նայելով՝ ասաց Բասենցյանը.- հանկարծ մեկը կմտնի:

– Հինգից քսան ա պակաս,- ժամացույցին նայելով՝ ասաց Աշոտը.- էս ժամին ո՞վ պիտի մտնի:

– Խմբագիրը կարող է մտնել,- ասաց Բասենցյանը:

– Ավելի լավ,- ասաց Սեյրանը.- թող ինքն էլ հետներս մի բաժակ բան խմի:

– Խմբագիրը մինչեւ հինգը դասի ա,- ասաց Աշոտը:

– Ամեն դեպքում, դուռը ներսից փակենք,- առաջարկեց Բասենցյանը:

– Փակենք,- դռան սողնակը պտտեցնելով՝ ասաց Աշոտը:

– Սկզբում Սեյրանի՞ն ենք շնորհավորում, թե՞ Արմենին,- բաժակը բարձրացնելով՝ հարցրեց Անահիտը:

– Սեյրանին,- ասաց Աշոտը.- Սեյրանինն ավելի հին պատմություն ա:

– Դակումենտները նոր պիտի հանեմ,- ասաց Սեյրանը:

– Անփորձանք ավտո ըլնի, Սեյրան ջան,- բաժակը Սեյրանի բաժակին խփելով՝ ասաց Աշոտը:

– Ավելի լավին արժանանաս,- ասաց Բասենցյանը:

– Հա,- ասաց Անահիտը.- մի օր էլ ըսենց «Քսանչորսդ» շնորհավորենք:

– Ասելուց հետո գոնե «Մերսեդես» ասա,- ժպտաց Սեյրանը:

– Հա,- ասաց Անահիտը.- թող Աստված քեզ «Մերսեդես» տա՝ թեկուզ էլի մեզանից թաքուն պահես:

– Դակումենտներս էսօր նոր պիտի հանեի,- ասաց Սեյրանն ու ավելացրեց.- հիմի էս մաղարիչի հարցը որ առաջացավ, էսօր էլ երեւի չհասցնեմ՝ թողեմ վաղվան:

– Վաղը հանրակացարան ենք գնալու,- ասաց Աշոտը:

– Ի՞նչ հանրակացարան,- զարմացավ Սեյրանը:

– Արմենը հանրակացարանի մասին հոդված պիտի գրի,- ասաց Աշոտը:

– Բա ե՞ս ինչ կապ ունեմ,- հարցրեց Սեյրանը:

– Ո՞նց թե՝ ինչ կապ ունես,- զարմացավ Աշոտը.- էդ հանրակացարանում ամենաքիչը հինգ հատ ֆոտո պիտի անես:

– Հինգ հատ ասում եք, բայց տպելուց մի կամ էրկու հատ հազիվ եք դնում,- դժգոհեց Սեյրանը:

– Ա՛յ Սեյրան, քեզնից մի հատ չխկացնել ա հասնում՝ չխկացրու,- ասաց Անահիտը.- անպայման պիտի վիճե՞ս:

– Վիճում է, բայց հինգի փոխարեն յոթ հատ կլուսանկարի,- ասաց Բասենցյանը:

– Հա,- ասաց Անահիտը.- իզուր տեղը վատամարդ ա ըլնում:

– Յոթ հատ խելոք կլուսանկարի՝ կբերի,- ասաց Բասենցյանը:

– Յոթ հատ կբերի, կասի՝ թուղթը պրծավ,- ծիծաղեց Աշոտը:

– Մի հանրակացարան էլ ըլնի,- փնթփնթաց Սեյրանը.- չեմ հասկանում, թե խի եք էդ հանրակացարանից հինգ հատ ֆոտո տպում:

– Քեզ բան են ասում՝ գլուխդ կախ կատարի,- ասաց Անահիտը.- խի՞ ես քեզ չվերաբերող հարցերի մեջ մտնում:

– Ո՞նց ա ինձ չվերաբերող,- զարմացավ Սեյրանը.- էդ փնթի հանրակացարանում հինգ հատ նորմալ տեսարան ո՞նց պիտի ճարեմ:

– Նորմալ տեսարան հարկավոր չի,- բացատրեց Բասենցյանը.- քննադատական բնույթի հոդված է լինելու:

– Էջ ե՞ք տալու,- ինձ հարցրեց Սեյրանը:

– Չգիտեմ,- ասացի ես:

– Որ լավ ստացվի, բացվածք է՛լ կտանք,- ասաց Աշոտը:

– Ի՞նչը լավ ստացվի,- զարմացավ Սեյրանը:

– Հոդվածը,- ասաց Աշոտը:

– Եսիմ թե,- ժպտաց Սեյրանը.- ինձ էլ թվաց՝ ֆոտոների իմաստով ես ասում:

– Ֆոտոների իմաստով է՛լ եմ ասում,- ասաց Աշոտը.- ֆոտոներիդ մակարդակը վերջերս շատ ես գցել:

– Խմբագիրն իմ ֆոտոների մակարդակից է՛լ ա գոհ, որակից է՛լ,- ասաց Սեյրանը:

– Դրա համա՞ր էիք իրար հետ էդքան սիրալիր զրուցում,- ժպտաց Բասենցյանը:

– Մեր զրույցը սավսեմ ուրիշ հաշվով էր,- ասաց Սեյրանը:

– Զրույցն ու կռիվը շփոթում ես, Սեյրան ջան,- ծիծաղեց Անահիտը:

– Էդ կռիվը ֆոտոներիս որակի հետ ոչ մի կապ չուներ,- ասաց Սեյրանը:

– Կենացից շեղվեցինք,- ասաց Բասենցյանը.- ավտոմեքենադ շնորհավոր լինի, Սեյրան ջան:

– Շնորհավոր, Սեյրան ջան,- բաժակս Սեյրանի բաժակին խփելով՝ ասացի ես:

– Մերսի, Արմեն ջան,- բաժակը բաժակիս խփելով՝ ասաց Սեյրանը.- ուրախ եմ, որ ծանոթացանք:

– Ես էլ եմ ուրախ,- ասացի ես եւ մի կում խմեցի:

– Անփորձանք,- բաժակը Սեյրանի բաժակին խփելով՝ ասաց Աշոտն ու խմեց:

– Անփորձանք,- ասաց Անահիտը՝ բաժակը Սեյրանի բաժակին խփելով:

– Մերսի, Անո ջան,- ասաց Սեյրանը:- Մյուս անգամ որ ավտո առնեմ, առաջինը քեզ եմ ասելու:

– Դու առ, թող վերջինն իմանամ,- ասաց Անահիտն ու բաժակից կում արեց:

– Լավ շամպայն է, չէ՞,- Անահիտին հարցրեց Բասենցյանը:

– Հա,- ասաց Անահիտը:- Շուտվանից չէի խմել:

– Բաժակները լցրեք, Արմենին էլ շնորհավորենք,- ասաց Բասենցյանը:

– Հա,- ասաց Աշոտն ու իր դատարկ բաժակը լցրեց:

– Մեր թազա գործընկերոջ կենացը.- բաժակը բարձրանցնելով՝ ժպտաց Բասենցյանը, հետո բաժակը խփեց բաժակիս, ասաց.- շնորհավորում եմ, Արմեն ջան:

– Շնորհակալություն, ընկեր Բասենցյան,- ասացի ես:

– Շնորհավոր, Արմո ջան, բաժակը բաժակիս խփելով՝ ասաց Աշոտն ու խմեց:

– Մերսի, Աշոտ ջան,- ասացի ես:

– Շնորհավոր,- բաժակը բաժակիս խփեց Սեյրանը:

– Մերսի, Սեյրան ջան,- ասացի ես:

– Էս չես խմո՞ւմ, ա՛յ Սեյրան,- զարմացավ Անահիտը:

– Ռույլի վրա եմ, Անո ջան,- ժպտաց Սեյրանը:

– Ռույլիցդ էդ մի խերն էլ որ լինի, ահագին բան է,- ժպտաց Բասենցյանը:

– Ճիշտ ես անում, որ ռույլի վրա չես խմում,- Սեյրանին ասաց Անահիտը:

– Էդ մի բանը հաստատ ճիշտ ա անում,- ասաց Աշոտը:

– Ուզում ես ասես՝ մնացած բաները սխալ ե՞մ անում,- Աշոտին հարցրեց Սեյրանը:

– Չխորանանք,- ասաց Աշոտը.- քո կենացն արդեն խմել ենք:

– Շնորհավոր, Արմեն ջան ,- բաժակը բաժակիս խփելով՝ ասաց Անահիտը.- ընենց տպավորություն ա՝ ասես հազար տարի քեզ ճանաչում ենք:

– Մերսի, Անահիտ ջան,- ասացի ես:

– Արմոն համ լավ բանաստեղծ ա, համ էլ՝ կարգին մարդ,- ասաց Աշոտը:

– Ուզում ես ասես՝ ես կարգին մարդ չե՞մ,- Աշոտին թարս նայեց Սեյրանը:

– Ա՛յ Սեյրան, մենք խմում ենք՝ դու ե՞ս հարբում,- ծիծաղեց Անահիտը:

– Էլի սայլուկցա՞ր, Սեյրան տղա,- ասաց Բասենցյանն ու ավելացրեց.- ով՝ ով, դու Աշոտից դժգոհելու իրավունք ընդհանրապես չունես:

– Ես իրանից չեմ դժգոհում,- ասաց Սեյրանը.- ինքն ա ավելորդ նամյոկներ անում:

– Ի՞նչ ավելորդ նամյոկներ,- հարցրեց Աշոտը:

– Ասում ես՝ Արմենը կարգին մարդ ա,- փնթփնթաց Սեյրանը:- Փաստորեն, ինձ ու Արմենին հակադրում ես:

– Մենք գնանք, Անո ջան,- ասաց Բասենցյանը:

– Հա,- ասաց Անահիտը.- որ հիմա գնանք՝ երեւի լվացքս հասցնեմ:

– Բա կոֆե չենք խմելո՞ւ, ա՛յ Անո,- զարմացավ Սեյրանը:

– Ձեզ կոֆե տանք՝ գնանք,- ասաց Անահիտը, հետո Բասենցյանին հարցրեց.- դուք սուրճ խմելո՞ւ եք, ընկեր Բասենցյան:

– Չէ, Անահիտ ջան,- ասաց Բասենցյանը.- առանց էդ էլ ճնշումս շատ բարձր է:

– Դու էլ ե՞ս դառը խմում, Արմեն,- հարցրեց Անահիտը:

– Չէ,- ասացի ես.- նորմալ:

– Քոնն առանձին կեփեմ,- ասաց Անահիտը.- Աշոտն ու Սեյրանը դառն են խմում:

– Միասին էփի, հետո իմին պեսոկ կավելացնեմ,- ասացի ես:

– Ըտենց լավ ա՞ որ,- հարցրեց Անահիտը:

– Հա,- ասացի ես:

Անահիտը սուրճերը եփեց, դրեց մեր առաջ, եւ Բասենցյանն ասաց.

– Գնանք, Անահիտ ջան:

– Էս կոնֆետներին ձեռ չտվիք, ընկեր Բասենցյան,- ասաց Սեյրանը:

– Մեր փայը թողեք՝ վաղը կուտենք,- ասաց Բասենցյանը:

– Սրանք փայ թողող չեն,- ասաց Անահիտը, հետո ընդհանուր ափսեից երկու հատ Սեյրանի առած շոկոլադներից վերցրեց, մեկը տվեց Բասենցյանին, մյուսը պահեց իրեն:

– Մի րոպե,- ասաց Սեյրանը, հետո ընդհանուր ափսեից մի լիքը բուռ «Սկյուռիկ» վերցրեց, լցրեց Բասենցյանի սեղանին, հետո մի լիքը բուռ էլ Անահիտի սեղանին լցրեց:

– Էս ի՞նչ ես անում, ա՛յ Սեյրան,- ասաց Բասենցյանը.- աշխարհի վերջը չի:

– Լցրեք պայուսակներիդ մեջ,- հրամայեց Սեյրանը:

– Ես ատամ ունե՞մ, որ էս շոկոլադները տալիս ես,- ասաց Բասենցյանը:

– Տնեցիներին կտաք,- ասաց Սեյրանը:

– Որ տալիս ա՝ վերցրեք, ընկեր Բասենցյան,- ասաց Անահիտը.- ավտոյի մաղարիչից չի կարելի հրաժարվել:

– Աշխարհի վերջը չի,- շոկոլադները պայուսակը լցնելով՝ ասաց Բասենցյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031