Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ծառայության համար պիտանի չէր, ինչո՞ւ զորակոչեցիք»

Օգոստոս 21,2007 00:00

Դիրքերում ծառայած Արտյոմ Բաղդասարյանը որակվել է ոչ շարային զինծառայող

«Որդիս՝ Արտյոմ Բաղդասարյանը, ծառայել է ազգային բանակում: Բանակ է գնացել 2005 թվականին եւ վերադարձել վերջերս: Ծառայել է պաշտպանության նախարարության Վայքի N զորամասի ուսումնական գումարտակում: 17 տարի երեխայիս պահել, մեծացրել եմ, բայց որեւէ առողջական խնդիր չի ունեցել, չի բողոքել, ընդամենը կրծքավանդակի միջնամասը փոքր-ինչ փոս է ընկած: Տղաս վերադարձել է, ու նրա զինգրքույկում (զինգրքույկի համարն է՝ 292701) անճշտություն կա»,- պատմեց «Առավոտի» խմբագրություն այցելած նախկին զինծառայող Ա. Բաղդասարյանի մայրը՝ Մանիկ Հովսեփյանը:

Վերջինիս խոսքերով՝ թյուրիմացության պատճառն այն է, որ 1987 թվականին ծնված որդին զորակոչի ընթացքում բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է ոչ շարային ծառայության համար պիտանի, մինչդեռ նա, համաձայն մոր պատմածի, շարային զինծառայող է եղել, ստացել է սերժանտի, ավագ սերժանտի կոչումներ, իսկ զինգրքույկում նշել են որպես ոչ շարային զինծառայող. «Այս հանգամանքը խանգարում է, որ Արտյոմն իր համար աշխատանք գտնի: Սովորում է Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղում՝ իրավագետի մասնագիտությամբ: Արտյոմը ներկայումս ցանկանում է աշխատանքային ծառայության անցնել խաղաղապահ գնդերում, սակայն մերժում են՝ նայելով գրքույկում գրվածին: Այս ամենի պատճառով ծանր հոգեկան ապրումներ է ունենում»:

Ըստ Մ. Հովսեփյանի, իրենք դիմել են ՀՀ գլխավոր զինվորական կոմիսար Արտյուշա Հարությունյանին՝ որդուն կրկին բժշկական փորձաքննության ենթարկելու խնդրանքով: Նախկին զինկոմը գործն ուղարկել է Շահումյանի զինկոմիսարիատ, որտեղից Ա. Բաղդասարյանը զորակոչվել էր բանակ, սակայն տեղական զինկոմիսարիատից որեւէ արձագանք չի եղել. «Եթե տղաս հիվանդ էր, ինչո՞ւ են նրան բանակ տարել, թող չտանեին: Եթե տարել են, թող բարի լինեն գնահատեն ըստ արժանվույն»,- ասում է մայրը։ «Մյուս տղաս էլ՝ Արթուրը, ծառայում է Լեռնային Ղարաբաղում: Բանակ գնաց այն ժամանակ, երբ մեծ եղբայրն արդեն մեկ տարվա ծառայող էր: Հատուկ դիմումներ գրեցի, որ եղբոր մոտ գցեն, բայց դա էլ չարեցին, չընդառաջեցին»,- շարունակեց Հովսեփյանը: Նշենք նաեւ, որ Ա. Բաղդասարյանի ծառայողական բնութագիրը դրական է:

Խնդրո առնչությամբ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը երեկ «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Եթե պետական հանձնաժողովը որոշել է, որ Արտյոմ Բաղդասարյանը ենթակա է ոչ շարային ծառայության, ուրեմն այդ բնութագրով էլ պետք է զինծառայողը զորացրվեր: Պետք է ամեն ինչ ժամանակին անել: Ոչ շարային ծառայությունը չի նշանակում, թե զինակոչիկը հիվանդ է եւ ենթակա է ազատման: Ուղղակի նման զինծառայողները ծառայության ընթացքում ազատվում են որոշակի ծանրաբեռնվածությունից»:

«Առավոտի» հիշեցմանը, թե Ա. Բաղդասարյանի մայրը՝ Մ. Հովսեփյանը, պնդում է, որ որդին ծառայության ընթացքում շարային ծառայողներին բնորոշ պարտականություններ է կատարել, Ս. Շահսուվարյանը պատասխանեց. «Մայրը որդու հե՞տ է ծառայել, գիտի՞, թե նա ինչպես է իր ծառայությունն անցկացրել: Այստեղ հարց է ծագում՝ մայրն է ճի՞շտ, թե՞ կառավարական հանձնաժողովը: Ամեն դեպքում՝ նա չի կարող ծառայողական աշխատանքի անցնել ուժային կառույցներում, իսկ մյուս համակարգերում կարող է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել