Լրահոս
Օրվա լրահոսը

«Բրեմենյան» երաժիշտները հանգրվանել են Երեւանում

Օգոստոս 22,2007 00:00

\"\"Մայրաքաղաքի բացօթյա սրճարաններից շատերն ամռան ամիսներին իրենց այցելուներին առաջարկում են բազմաոճ երաժշտություն՝ կենդանի կատարմամբ:

Հաճախ հանդիպող անճաշակ եւ անորակ երաժշտության կողքին երբեմն հանդիպում են նաեւ ճաշակովները: Խոսքն այս դեպքում «Սանտա ֆե» խմբի երաժիշտների մասին է, ովքեր արդեն մի քանի տարի աշխատելով Օպերային հարող սրճարաններից մեկում՝ իրենց բազմաոճ ծրագրով գրավում են անգամ փողոցի այցելուների ուշադրությունը: Նրանք ունկնդրին առաջարկում են լատինաամերիկյան ռիթմեր՝ համադրված ռոքի հետ՝ սամբա, ռումբա, խիտանո եւ դրովա: Այս մեղեդային երաժշտությունը պատմում է սիրո, բնության մասին: Մեքսիկացիներն այն անվանում են «մարիաչի»:

Երաժշտական այս ոճն իր հետ Հայաստան է բերել «Սանտա ֆե» խմբի ղեկավար, ռոք երաժիշտ Նիկոլաս Հարությունյանը: Նա երկար տարիներ ապրելով Վենեսուելայում՝ ուսումնասիրել է լատինաամերիկյան երաժշտության ակունքները: Ու երբ 2000 թվականին վերադարձել է հայրենիք, որոշել է ստեղծել մի խումբ՝ նպատակ ունենալով երաժշտությունը մատուցել՝ անխառն, առանց օտար ելեւէջների: Նիկոլասի խոսքով՝ «Հայերը Կովկասի ժողովուրդ են, սիրում են պարային ռիթմիկ երաժշտություն, իսկ լատինոյի մեջ հենց այդ ռիթմն է գրավում մեր ժողովրդին: Ես ուզում եմ, որ հայ ժողովուրդը լսի եւ սիրի այդ երաժշտությունը»:

Երկար փնտրումներից հետո Նիկոլասին հաջողվեց գտնել այնպիսի երաժիշտների, ովքեր հոգով կապված կլինեին լատինո երաժշտությանը՝ վոկալիստ եւ բաս-կիթառահար Ալիկ Աբրահամյանին (Ալեխանդրո) եւ սոլո-կիթառահար Էմիլ Մելիքյանին: «Սանտա ֆե» խումբը վերջնականապես կազմավորվեց 7 տարի առաջ: Այսօր նրա նվագացանկը բաղկացած է ավելի քան 60 երգից: Երաժիշտները կատակով են հիշում խմբի հետ կապված հետաքրքիր ու զավեշտալի իրողությունները. «Գնչուների, թափառական երաժիշտների նման անընդհատ էստեղից էնտեղ էինք թափառում եւ վերջապես գտանք մեր տեղը, նույնիսկ կատակով մենք մեզ կոչում էինք Բրեմենյան երաժիշտներ»: Նրանց փոխանցմամբ՝ թեեւ իրենք լատինաամերկյան երաժշտություն են նվագում, բայց իրենց ոգեշնչման աղբյուրը եղել եւ մնում է հայկական երաժշտությունը: Մյուս երաժիշտների նման Նիկոլասը, Ալիկը եւ Էմիլն էլ երազում են պրոֆեսիոնալ բեմում ելույթ ունենալու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել