Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական բացթողումներ

Օգոստոս 22,2007 00:00

\"\"Այս օրերին ի լուր աշխարհի շեփորում ենք, թե Համահայկական խաղերը կազմակերպվել եւ ընթանում են ամենաբարձր մակարդակով:

Դա որոշ վերապահումներով իրականությունից հեռու չէ: Սակայն կան բաներ, որոնք իսկապես ստվերում են մարզական այս իրադարձության կարեւորությունը:

Ծեծկռտուք

Բասկետբոլի տղամարդկանց «Երեւան»-«Կահիրե» հանդիպման ժամանակ հյուրընկալող թիմի մարզիկները ինչ-ինչ պատճառով իսկական ծեծկռտուք են սարքել, որի արդյունքում երեք հոգի մարմնական վնասվածք է ստացել եւ բուժմիջամտության անհրաժեշտություն է զգացվել: Մարզաձեւի գլխավոր մրցավար Ժորա Բաղդասարյանը երեկ «Առավոտին» ասաց. «Այդ խուլիգանության նախաձեռնողը «Երեւան» թիմն էր: Միջադեպից հետո հյուրընկալող թիմը հեռացվել է մրցումներից»:

Պատիժն արդարացի է, բայց ահա դժվար է ասել, թե «Կահիրեի» տղաներն ինչ հիշողություններով հրաժեշտ կտան Մայր Հայրենիքին եւ, արդյոք, կրկին Հայաստան գալու ցանկություն կունենա՞ն:

Աղբահանություն

Ասում ու հավատում ենք, որ Խաղերի մասնակիցներից շատերն առաջին անգամ են լինում պատմական հայրենիքում ու նրանց ստացած առաջին տպավորությունը շատ կարեւոր է: Իսկ այդ տպավորություն ասածը միայն մրցումների կազմակերպման ու պայքարի մակարդակը չէ: Երիտասարդն ավելի շատ տպավորվում է քաղաքի ընդհանուր տեսքից: Առաջին հյուրերը ժամանել են Խաղերի մեկնարկից մի քանի օր առաջ, երբ դեռ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ էին: Բայց բացման օրվանից շրջելով Երեւանի կենտրոնի փողոցներով, որտեղ մարդկանց, հատկապես հյուրերի ավելի մեծ բազմություն է լինում, մեր աչքով համոզվեցինք, որ ամեն ինչ չէ, որ հաշվի է առնվել: Խոսքն առաջին հերթին վերաբերում է աղբահանությանը: Մի՞թե դժվար էր մեկ շաբաթ, գոնե դրսի մարդկանց աչքին թոզ փչելու նպատակով, փողոցների շուրջօրյա մաքրությունն ապահովել: Հետո էլ ուզում ենք, որ սփյուռքի հայ երիտասարդները կապվեն նախնիների երկրին:

Իսկ տոնական մթնոլո՞րտը

Համահայկական խաղերը համայն հայության օլիմպիական խաղերն են, որ այսուհետեւ տեղի են ունենալու չորս տարին մեկ: Այսինքն՝ դա մարզական կարեւոր իրադարձություն է, տոն, որին սպասում են թե Հայաստանում, թե դրսում: Բայց շրջեք Երեւանի փողոցներով եւ դրանց անցկացման կամ մեկնարկի մասին գովազդային ոչ մի պաստառ չեք տեսնի:

Որպես կանոն, տաքսու վարորդները տեղյակ են լինում քաղաքում կատարվող ամեն մի աննշան իրադարձության: Բայց երբ օգոստոսի 18-ին բացումից մի փոքր շուտ տեղում լինելու նպատակով տաքսի ծառայություններից մեկի վարորդին խնդրեցինք տանել «Հանրապետական» ստադիոն, ասաց, որ կարող է հասցնել մինչեւ «Այրարատ» կինոթատրոն, որովհետեւ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ «ահավոր խցանում է»: Եվ շատ զարմացավ, երբ իմացավ, որ Երեւանում մեկնարկում են 4-րդ համահայկական խաղերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել