Լրահոս
Օրվա լրահոսը

Դատում են քաղաքապետի եղբորը

Օգոստոս 24,2007 00:00

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կրտսեր եղբայրը մեղադրվում է մեծ քանակությամբ հերոին տեսակի թմրանյութ գնելու մեջ:

Երեկ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվեց մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ թմրանյութ ձեռք բերած եւ վերջինիս առքուվաճառքով զբաղված մի խումբ անձանց դեմ ՀՀ գլխավոր դատախազության կողմից վերջերս հարուցված քրեական գործի քննությունը: Այն արտասովոր էր նրանով, որ գլխավոր հերոսները բավականին ճոխ կենսագրություն ունեցող, նախկինում տարբեր գործերով դատված կանայք էին՝ երեւանաբնակ Աստղիկ Համբարձումյանը, գյումրեցիներ Նաիրա Առաքելյանը եւ Գոհար Հակոբյանը: Ինչպես հնչեց պետական մեղադրող Հարություն Հարությունյանի մեղադրական ճառում, թմրանյութերը Մոսկվայից Երեւան տեղափոխելու բարդ գործը ստանձնել էին Նաիրա Առաքելյանը եւ Աստղիկ Համբարձումյանը, ովքեր էլ ամեն հնարք կիրառել էին այն անվտանգ հայրենիք հասցնելու համար: Աստղիկ Համբարձումյանը 2006թ.-ի հոկտեմբերից մինչեւ 2007 մայիսն ընկած ժամանակահատվածում մարիխուանա, հերոին տեսակի թմրանյութերը մոսկվաբնակ Արտակ Արզումանյանի մտահղացմամբ Ռուսաստանի մայրաքաղաքից փոխադրել էր պահպանակի մեջ լցրած, որն էլ իր հերթին, ոչ ավել, ոչ պակաս, թաքցրել է մարմնի ինտիմ մասերից մեկում։ «Բիզնեսմեն» տիկինը Շիրակի ոստիկանության մարզային վարչության կողմից բռնվել էր հենց այդ պահին, երբ տեղափոխում էր հարյուր վաթսունհինգ գրամանոց թմրանյութ: Նաիրա Առաքելյանն էլ համագործակցելով գյումրեցի Գոհար Հակոբյանի հետ՝ լավ-լավ «կլիենտներ» էր ճարել հենց Գյումրիում: Ի դեպ, Գոհար Հակոբյանը բնակվել էր հենց նրա տանը: Ինչպես պարզվեց, «պարտաճանաչ կլիենտներից» մեկը Վարդան Ղուկասյանի կրտսեր եղբայրն էր՝ Արթուր Ղուկասյանը, որը Գյումրիի Անի թաղամասի «Նոր Անի» համատիրության նախագահն է եւ երեք անչափահաս երեխաների հայր, մյուսը՝ Վարդան Ղուկասյանի հետ քավոր-սանիկական հարաբերության մեջ գտնվող՝ Ռոստովի հանրահայտ դեմքերից մեկի՝ Բենոյի եղբայրն էր՝ Վարդան Խաչատրյանը, երրորդն էլ հենց Նաիրա Առաքելյանի բարեկամն էր՝ Ալեքսանդր Ղարագյոզյանը: Մի խոսքով, վերջիններս մեղադրվում են քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով. մաքսանենգ կանայք՝ 215 հոդվածի 2-րդ մասով՝ մաքսանենգության համար, 266-ի 3-րդ մասի 2-րդ կետով՝ թմրանյութերի իրացմամբ զբաղվելու համար, եւ 268 հոդվածի 1-ին մասով: Իսկ տղամարդիկ մեղադրվում էին 268-ի 1-ին մասով եւ 271 հոդվածով: Ի դեպ, նրանց մեջ միակ անձը, որը նախկինում դատված չէր, հենց Վարդան Ղուկասյանի եղբայրն էր:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 4-ը, քանի որ ամբաստանյալներից շատերը չունեին փաստաբաններ: Ու չնայած նրանց մեծ մասը մեղադրյալի աթոռին նստելու մեծ փորձ ուներ, սակայն այդպես էլ չէին հասկացել, որ ինքնուրույն հնարավոր չէ իրենց շահերը պաշտպանել: Նրանք, ովքեր սկզբից եւեթ ինքնավստահ ասում էին, թե իրենց շահերը կարող են իրենք պաշտպանել, վերջում շահերի պաշտպան ունենալու ցանկություն հայտնեցին, եւ սոսկ այն պատճառով, որ դատական նիստերը երկար-բարակ չձգձգվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել