Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑՆ ԷԼԻ Է ԹԱՆԿԱՆԱԼՈՒ

Օգոստոս 24,2007 00:00

Չնայած օր օրի հացի գինը բարձրանում է, բայց թե՛ ցորեն ներկրողները, թե՛ հաց արտադրողները վստահեցնում են, որ իրենք շահույթ չեն ստանում:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանում հացը թանկացավ 20-30 դրամով: Օրինակ՝ 500 գրամ քաշով մատնաքաշը 130-ից դարձավ 150 դրամ, ռուսական 400 գրամանոց սեւ հացը նախկին 150 դրամի փոխարեն այսօր վաճառվում է 170-180 դրամով: Նույն քաշի «Հրազդան» տեսակի հացը թանկացավ 30 դրամով: Այս թանկացումները հաց արտադրող տարբեր ընկերություններ տարբեր կերպ են մեկնաբանում՝ մեկ այն կապելով համաշխարհային շուկայում ցորենի գների բարձրացմամբ, մեկ՝ տեղական շուկայում հացահատիկային բերքի սակավությամբ:

Ցորեն ներկրող «Մանչո Գրուպ» ընկերությունը մատակարարում է շուկայի 30 տոկոսից ավելին: Ընկերության տնօրեն Վանիկ Մոսոյանի խոսքերով՝ «Նախորդ տարի 1 տոննա ցորենը Ռուսաստանից բերում էինք $270-ով, այսօր արդեն ներկրում ենք 1 տոննան՝ $390: Չնայած սրան, ալյուրի գինը Հայաստանում շատ քիչ ենք բարձրացրել, եթե այս թանկացումներով առաջնորդվեինք՝ մեկ պարկ ալյուրը 8000-ի փոխարեն պիտի 9500 դրամով վաճառեինք: Ստացվում է, որ ցորենն արտերկրից ներկրում ենք թանկ, բայց՝ տեղի շուկայում իրացնում ենք էժան»: Վ. Մոսոյանն «Առավոտին» հավաստիացրեց, որ իրենց ընկերությունը, ցորենի թանկացումներից հետո, ալյուրի վաճառքից՝ ընդհանրապես շահույթ չի ստացել, իրենք հազիվ իրենց աշխատողներին են պահում, հուսալով, որ վաղը՝ լավ կլինի: Ի դեպ, պարոն Մոսոյանը հայտնեց, որ շուտով Հայաստանում սպասվում են հացի նոր թանկացումներ, քանի որ համաշխարհային շուկայում այդպիսի միտումներ են նկատվում:

«Մանանա Գրեյն» ալյուրի արտադրությամբ զբաղվող եւս բավականին խոշոր ընկերության սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանի մեկնաբանմամբ՝ ալյուրի թանկացումը շատ օբյեկտիվ հիմքեր ունի. «Նախորդ տարվա համեմատ ցորենի բերքը Ռուսաստանում մի քանի անգամ պակասել է ու, բնականաբար, թանկացումն անխուսափելի էր: Բացի այդ, այս տարի Անգլիայում ջրհեղեղ եղավ, որը նույնպես ազդել է Հայաստանում հացի գների բարձրացման վրա: Տեղի արտադրողներից էլ ցորեն չենք ցանկանում գնել, քանի որ մեր տեղական ցորենը չի որակավորվում, հետեւապես հայտնի չէ, թե դրանից թխված հացամթերքն ինչ գույն ու համ կունենա: Բացի այդ, ցորենի արտադրությունը մեր երկրում շատ է պակասել, որովհետեւ գյուղացիները գերադասում են պոմիդոր ու վարունգ մշակել, քանի որ դրանից ավելի մեծ շահույթ են ստանում, քան ցորենից»:

Նկատենք, որ երբ համաշխարհային շուկայում ցորենի գներն իջնում են, գնանկումը հայաստանյան հացի շուկայի վրա անդրադառնում է 2-3 ամիս անց միայն, իսկ երբ համաշխարհային շուկայում ցորենի գները մի քիչ բարձրանում են՝ ընդամենը 1 շաբաթ անց Հայաստանում բոլոր տեսակի հացի գները «հիմնավոր պատճառաբանությամբ» բարձրացնում են:

Թե ինչու հացամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները չեն օգտվում տեղական ցորենից ու զերծ չեն մնում համաշխարհային շուկայում գնային վայրիվերումներից, իրենք՝ հաց արտադրողները պայմանավորում են են տեղական ցորենի վատ որակով: «Տեղական բարձր որակի սպիտակ ալյուր գնելիս երբեք չես կարող կանխատեսել, թե այդ ալյուրի հետ քանի տեսակի այլ ցածր որակի ալյուր են խառնել»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի դժգոհություն հայտնեց «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության հացի արտադրամասի տնօրեն Գեւորգ Մուրադխանյանը: Նա տեղեկացրեց, որ չնայած իրենք ալյուրը մոտ 30-40%-ով ավելի թանկ են գնում, քան առաջ, բայց հացի գինն իրենց ընկերությունն ընդամենը 10% է բարձրացրել: Գ. Նիկողոսյանը հավաստիացրեց, որ տեղական շուկայի ցորենն ավելի թանկ է, քան դրսից ներկրվածը: Նրա խոսքերով՝ տեղական ցորենի 15-20%-ն աղբ է, բացի այդ՝ «տեղական ցորենի համար ԱԱՀ ենք մուծում, ավելի թանկ է մեր վրա նստում, քան ներկրածն առնելը»: Պարոն Մուրադխանյանի դիտարկմամբ՝ «Մեր գյուղատնտեսությունը բարձիթողի ու անխնամ վիճակում է: Ոչ ոք չի վերահսկում, թե դաշտերում ինչ սերմացու է ցանվում: Նույն տարվա ցորենի բերքը մի քանի տարի անընդմեջ նույն դաշտում ցանվում է, այդ ցորենը չի կարող որակյալ լինել»:

Չնայած նրան, որ ալյուրի գինը մոտ 30%-ով ավելացել է, շատ արտադրողների հացամթերքի գինն անփոփոխ է մնացել: Այդ արտադրողներն ավելի նախընտրելի մեթոդ են հայտնագործել՝ իրենց արտադրամասի հեղինակությունը պահելու համար հացի գինը բարձրացնելու փոխարեն՝ քաշն են պակասեցնում: Այդ է պատճառը, որ հատկապես վերջին թանկացումներից հետո շատ խանութներում 1 կիլոգրամանոց մատնաքաշի անվան տակ վաճառվում է հազիվ 600-700 գրամանոց հաց:

«Սպառողների ասոցիացիայի» տնօրեն Արմեն Պողոսյանի հավաստմամբ՝ հացի զտաքաշն ընդհանրապես չի վերահսկվում. «Արտադրողները եթե հացի գինը չեն բարձրացնում, ապա քաշի մեջ են խաբում՝ թխում են հաց, որի՝ 30%-ն օդ է: Իբրեւ թե նման խախտումների համար տուգանքներ են սահմանել, բայց դրանք նախ սիմվոլիկ գումարներ են, հետո էլ որեւէ խախտում հայտնաբերելու դեպքում տուգանում են ոչ թե տվյալ ձեռնարկությանը, այլ, ասենք, արտադրամասի պետին կամ աշխատակիցներից մեկին: Այս մոտեցումը տրամաբանությունից դուրս է: Մինչեւ տույժ-տուգանքները չազդեն ձեռնարկության ֆինանսական վիճակի վրա, արտադրողներից որակյալ արտադրանք՝ չպետք է սպասենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել