Լրահոս
Օրվա լրահոսը

Ժանտախտի համաճարակ՝ Հայաստանում

Օգոստոս 24,2007 00:00

Գյուղացիների հաշվարկներով՝ Տավուշի եւ Լոռվա մարզերում արդեն մոտ 50 խոզ է սատկել՝ աֆրիկյան ժանտախտից:

Արդեն 1 ամսից ավելի է՝ Հայաստանի անասնապահներն ու անասնաբույժները խուճապի մեջ են: Հարեւան Վրաստանում աֆրիկյան ժանտախտի վարակ էր տարածված, ու վտանգը մեծ էր, որ այն կներթափանցի նաեւ մեր երկիր: Վտանգի մտավախությունն ունենալով հանդերձ՝ Հայաստանում չկարողացան կանխարգելիչ միջոցառումներն այնպես ձեռնարկել, որ մեր գյուղացիները զերծ մնան այդ աղետից: Երեկ հայտնի դարձավ, որ Տավուշի եւ Լոռու մարզերում մեծ քանակությամբ խոզեր եւ խոշոր եղջերավոր անասուններ են սատկում՝ աֆրիկյան ժանտախտ ախտորոշմամբ: Արդեն, երբ վարակը գյուղերում գլուխ է բարձրացրել, գյուղնախարարության աշխատակիցները՝ Անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանի գլխավորությամբ, որոշել են այցելել այդ մարզերն ու ուսումնասիրել սատկած խոզերին՝ համոզվելու՝ իսկապե՞ս ժանտախտ է տարածված, թե՞ ոչ: «Առավոտի» հետ զրույցում Գ. Բաղիյանը նշեց, որ խոզերի կլինիկական նշանները հաստատում են, որ «աֆրիկյան ժանտախտ» կա, «սակայն, որպեսզի համոզվեն դրանում՝ պետք է փորձաքննություն անեն, ինչի արդյունքները պարզ կլինեն 3-4 օրից»: Նշենք, որ դեռեւս 1 շաբաթ առաջ պարոն Բաղիյանը դարձյալ խոստանում էր 3-4 օր հետո հաստատել կամ հերքել Հայաստանում ժանտախտի առկայությունը: Մեր այն հարցին էլ, թե վարակի ներթափանցման վտանգի առկայության դեպքում ինչո՞ւ գյուղնախարարության կողմից նախապես կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկվել, պարոն Բաղիյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասեց, թե չեն արվել»: Թե կոնկրետ ինչ են արել, Գ. Բաղիյանը չհստակեցրեց:

Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության Լոռու մարզային կենտրոնի պետ Վռամ Վանյանից էլ «Առավոտը» փորձեց տեղեկանալ, թե քանի անասուն է մինչ այժմ սատկել: Ըստ նրա, ժանտախտի առաջին դեպքը հանդիպել են Վահագնաձոր գյուղում, հետո արդեն՝ Վահագնի, Փամբակ եւ Դսեղ գյուղերում. «Դժվարանում եմ ասել, թե քանի անասուն է սատկել, քանի որ հաշվարկներ չենք արել: Գյուղացիները կարող են խաբել-ասել, որ շատ խոզ է սատկել՝ մտածելով, որ պետությունը կփոխհատուցի հիվանդ անասունների համար, ուստի մինչեւ մեր աչքերով չտեսնենք, ինքներս չհաշվենք՝ հստակ թիվ չենք կարող ասել»: Նա ասաց նաեւ, որ գյուղերում խոզերի հարկադիր սպանդ է կատարվել, Վահագնաձորում 18 հիվանդ խոզ են սպանել, Վահագնում՝ 14:

Տավուշի մարզի գլխավոր անասնաբույժ Թաթուլ Ստեփանյանն «Առավոտին» հայտնեց, որ իրենց մարզում վարակի կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում. «Մեզ մոտ այնքան էլ շատ խոզեր չեն սատկել, թիվը 15-ին մոտիկ է, ոչ ավելի: 3-4 մետրանոց հորեր ենք փորում եւ հիվանդ անասուններին թաղում»:

Ըստ անասնաբույժների, ժանտախտով հիվանդ խոզից վարակը մարդուն չի անցնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել