Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈԳԵՎՈՐՎԱԾ Է

Օգոստոս 24,2007 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հատկապես վերջին երեք խաղերում մեծ բավականություն է պատճառում իր երկրպագուներին:

Ղազախստանի հետ արտագնա հանդիպումում դաշտի տերերին, այնուհետեւ սեփական հարկի տակ Լեհաստանին հաղթելուց հետո, շոտլանդացի մասնագետ Իան Պորտերֆիլդի գլխավորած մեր ընտրանին հերթական հաճելի անակնկալը մատուցեց՝ Երեւանում ոչ-ոքի՝ 1:1, խաղալով աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի՝ Պորտուգալիայի հետ: Խաղից անմիջապես հետո, ինչպես 70-ական թվականների սկզբին, հանրապետական մարզադաշտից դուրս եկած ֆուտբոլասերները դրոշներով ու «Հա-յաս-տան» վանկարկելով նշում էին սիրելի թիմի հաջողությունը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, «Առավոտի» տեղեկություններով, ցուցադրած բարձրակարգ ֆուտբոլի համար, ինչպես միշտ, իր անձնական միջոցներից դրամական խրախուսանքներ է հատկացրել ֆուտբոլիստներին:

Նույն օրը մեր ենթախմբում Բելգիան 3:2 հաշվով հաղթեց Սերբիային, իսկ Ֆինլանդիա-Ղազախստան խաղն ավարտվեց 2:1 հաշվով:

«A» խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը

Լեհաստան 9 6 1 2 15-7 19

Ֆինլանդիա 9 5 2 2 11-6 17

Պորտուգալիա 8 4 3 1 16-6 15

Սերբիա 8 4 2 2 12-7 14

Բելգիա 9 3 1 5 8-12 10

Հայաստան 8 2 2 4 4-8 8

Ղազախստան 9 1 3 5 6-13 6

Ադրբեջան 8 1 2 5 4-17 5

«Եվրո-2008»-ի խմբային մրցաշարի հաջորդ հանդիպումը մեր հավաքականն անցկացնելու է հոկտեմբերի 13-ին: Այդ օրը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կհյուրընկալվի Սերբիան: Իսկ մինչ այդ, սեպտեմբերի 8-ին եւ 12-ին մրցակիցների դաշտերում ընկերական հանդիպումներ են պլանավորված Կիպրոսի եւ Մալթայի հավաքականների հետ:

Երկու քայլ «նահանջ»

ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման օգոստոս ամսվա ցուցակը, որտեղ հաշվի են առնված հուլիս ամսվա արդյունքները (Հայաստանն այդ ամիս ոչ մի հանդիպում չի անցկացրել): Համեմատած նախորդի հետ, մեր ընտրանին նահանջել է երկու աստիճան եւ զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը: Սակայն «նահանջ» ասածը պայմանական է: Ավելի ճիշտ, Ասիան եւ Աֆրիկան ներկայացնող երկրներն են այդ ժամանակաընթացքում անցկացված հանդիպումների շնորհիվ բարելավել իրենց դիրքերը:

Լավագույն տասնյակը կազմել են: 1. Բրազիլիա, 2. Արգենտինա, 3. Իտալիա, 4. Ֆրանսիա, 5. Գերմանիա, 6. Խորվաթիա, 7. Հոլանդիա, 8. Իսպանիա, 9. Չեխիա, 10. Պորտուգալիա: Իսկ «Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարի «A» խմբում Հայաստանի մյուս մրցակիցները ընթանում են հետեւյալ հորիզոնականներում: 18. Սերբիա, 20. Լեհաստան, 38, Ֆինլանդիա, 69. Բելգիա, 107. Ադրբեջան, 115. Ղազախստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել