Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱ ՄԵԿ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ

Օգոստոս 28,2007 00:00

\"\"Լոռու մարզի դատախազի գործով հարցաքննվել է 30 մարդ

Անցած շաբաթ՝ օգոստոսի 25-ին, ժամը 00:20-ի սահմաններում, աշխատանքից ոտքով տուն վերադառնալիս իր տնից մոտ հարյուր մետր հեռավորության վրա՝ Ստեփան Զորյան փողոցի 26 տան դիմաց դարանակալած անհայտ անձը «Մակարով» տեսակի ատրճանակից չորս անգամ կրակել է Լոռու մարզի դատախազ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալբերտ Ղազարյանի ուղղությամբ: Արձակված կրակոցների հետեւանքով մարզի դատախազը ստացել է 3 միջանցիկ եւ 1 կույր վնասվածք՝ թիկունքի, ուսերի եւ պարանոցի շրջանում: Մարզի դատախազը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում հարուցվել է քրգործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «անձի կամ նրա մերձավորի սպանությունը՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ»:

Սպանության հաջորդ օրը դեպքի վայր մեկնած «Առավոտի» թղթակցին իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրներն ասել են, թե սպանության գործիք հանդիսացած ատրճանակը եղել է առանց խլացուցիչի, կրակոցների ձայնը լսել են հարեւանները, նաեւ՝ սպանվածի հարազատները: Ըստ մեր տեղեկությունների, դատախազի ավագ որդին՝ Էդգարն է հարեւաններից մեկի՝ Տիգրան Քոչարյանի հետ հորն իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց: Ճանապարհին Ա. Ղազարյանը հասցրել էր որդուն ասել՝ «վերջը դրանք իրենցն արեցին», նաեւ փոխանցել էր կրակոցներին ականատես եղած անձնավորության անունը՝ ասելով, որ կրակելուց հետո մարդասպանը փախել է Ստեփան Զորյան փողոցով: Մեզ հայտնի դարձավ, որ դատախազի նշած անձը եղել է «ՀայՌուսգազարդի» Լոռու մասնաճյուղի տնօրեն, Վանաձորի բնակիչ, վանաձորցիների ասելով, անհաջողակ գործարար «Գոջո» մականունով Գառնիկ Ղավուզյանը: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, վերջինս մարզի դատախազին էր միացել, երբ Ա. Ղազարյանը կեսգիշերին, սովորության համաձայն՝ ոտքով տուն գնալիս էր եղել: Մեր տեղեկություններով, Գ. Ղավուզյանի հետ իրավապահները նույն գիշերն էին զրուցել: Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նրա պատմածի հիման վրա արդեն կազմվել է մարդասպանի ֆոտոռոբոտը: Այդուհանդերձ, մեր աղբյուրների ասելով, «Գոջոն» ձերբակալված է առայժմ 72 ժամով: Նա արդեն երկու ցուցմունք է տվել: Իր երկրորդ ցուցմունքում «Գոջոն» հայտարարել էր, թե առաջին ցուցմունքը, որը, հավանաբար, իր դեմ էր ստացվել, ինքը գրել է աֆեկտի տակ ու առանց փաստաբանի, ուստի՝ ցանկություն էր հայտնել այն սրբագրել: Մեր տեղեկություններով, Ա. Ղազարյանը վերջերս «ՀայՌուսգազարդի» վերաբերյալ նյութեր էր ուղարկել մարզային ոստիկանություն, որի քննչական բաժնում քրգործ է հարուցվել, որտեղ նշված է նաեւ 1954թ. ծնված Գ. Ղավուզյանի անունը:

Մարզի իրավապահների համար նույն օրն արդեն պարզ է եղել, որ մարդասպանն իր զոհին միտումնավոր է սպանել տնից հեռու՝ թերեւս, կանխավ տեղյակ լինելով, որ դատախազի առանձնատան եւ դրա դիմաց գտնվող շենքի վրա արտաքին տեսախցիկներ են տեղադրված, որոնք նկարահանում են տան շրջակայքը:

Վանաձորցիները նշում են, որ արդեն մի քանի տարի է, ինչ Լոռու մարզում պետական ապարատը առանձին բանակների է բաժանվել, եւ դրանցից ամեն մեկը փորձում է իր ազդեցությունը տարածել մյուսի վրա: Վանաձորում մարդիկ նշում են, որ արդեն վաղուց մարզում դատախազություն-ոստիկանություն, դատախազություն-մարզպետարան, դատախազություն-քաղաքապետարան լուրջ հակասություններ են եղել: Ավելին, սպանված դատախազին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են նաեւ, որ երբ թափուր էր մնացել Շիրակի մարզպետի պաշտոնը, վարչապետ Սերժ Սարգսյանը Ա. Ղազարյանին առաջարկել էր դառնալ մարզպետ, քանի որ վերջինս ծնունդով նույն մարզից է: Դրանով, ըստ Վանաձորի մեր աղբյուրների, վարչապետ Սերժ Սարգսյանը փորձել էր վերջ դնել մարզում պետական չինովնիկների՝ միմյանց նկատմամբ ատելությանը, քանի որ նախագահական ընտրություններից առաջ ՀՀ վարչապետին ձեռնտու չէր, հակասությունների հսկայական շղթան ընդլայնվեր: Բայց դատախազը ՀՀ վարչապետի առաջարկին չի համաձայնել՝ պատճառաբանելով, թե ինքը Վարդանիկի (Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի) հետ չի կարող աշխատել:

Վանաձորցիների ասելով, կատարվածը «կլանների հերթական բախում է»: Իսկ ի՞նչ վարկածներ են շրջանառվում Վանաձորում: Պաշտոնական աղբյուրներն այս մասին լռում են: Իսկ ոչ պաշտոնապես՝ խոսվում է Լոռու մարզի դատախազի եւ քաղաքապետ Սամվել Դարբինյանի, Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի, «Հայփոստի» Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էդուարդ Խլղաթյանի՝ «Խլղաթանց Էդոյի» միջեւ վաղուց արդեն լարված փոխհարաբերությունների մասին, որոնք նյութականացվել են Ա. Ղազարյանի կողմից վերջին շրջանում մի քանի քրգործեր հարուցելու տեսքով, որոնցում մատնանշվում են այս մարդկանց ու նրանց հարազատների անունները: Այդ քրգործերից մեկը մասնավորապես վերաբերում է Վանաձորի կեղտաջրերի մաքրման եւ ջրահեռացման կայանում առանձնապես խոշոր չափերի հասնող գողություններին: Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետի վերջին ընտրությունների ժամանակ մարզպետ Հ. Քոչինյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեցող Սամվել Դարբինյանի հիմնական մրցակիցը եղել է Ա. Ղազարյանի կնոջ եղբայրը՝ Գագիկ Հովսեփյանը: Վանաձորի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ սպանության մյուս վարկածը կապվում է մարզի անտառներում կատարվող ապօրինի ծառահատումների փաստի հետ, որոնց առնչությամբ վերջերս Լոռու դատախազությունը նյութեր էր նախապատրաստել: Մեր տեղեկություններով, այդ ծառահատումները, ինչպես նաեւ կեղտաջրերի մաքրման գործարանի թալանի մի մասն իրականացվում են ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Իսկ որոշ ժամանակ առաջ հարուցված մի քանի քրգործերում ներգրավված են եղել ՀՀ ՊՆ բանակային կորպուսի հրամանատարներ, գեներալ-մայորներ Արշալույս Փայտյանի, Լեւոն Երանոսյանի եւ էլի մի քանի պետական չինովնիկների մերձավորներ, որոնք ժամանակին ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Երեկ երեկոյան մեր աղբյուրները հավելյալ փոխանցեցին, որ նույն օրը շուրջ երեք տասնյակ մարդ է տարվել մարզային ոստիկանություն՝ հարցաքննության: Դրանց թվում են եղել նաեւ նախկին մարզպետ Հ. Քոչինյանն ու քաղաքապետ Ս. Դարբինյանը, ինչպես նաեւ նրանց շրջապատից այլ անձինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել