Լրահոս
Օրվա լրահոսը

Մետելիցա 2-ն այսօր չի՞ կայանա

Օգոստոս 28,2007 00:00

Ընդդիմադիր մի շարք լիդերներ այսօր հրավիրված են Պարույր Հայրիկյանի հանդիպմանը, սակայն, մեր տեղեկություններով, նրանցից ոմանք չեն մասնակցի:

Վաղօրոք հայտարարվել էր, որ օգոստոսի 28-ին տեղի կունենա ընդդիմադիր մի շարք ուժերի լիդերների հանդիպումը, որը նախաձեռնել է ԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա «Առավոտին» հայտնեց, որ հանդիպման մասին տեղեկացված են ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը եւ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, նաեւ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, «Իմպիչմենտը», ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը: Հանդիպման մասին «կրկնակի» տեղեկացված է Արամ Զավենի Սարգսյանը, բայց պարզ չէ՝ կմասնակցի՞, թե՞ ոչ: Աշոտ Մանուչարյանը հանդիպմանը չի մասնակցի։ Ըստ պարոն Հայրիկյանի, պարոն Մանուչարյանը «շատ հետաքրքիր եւ առողջ գնահատականներ է տալիս, օրինակ, ասում է, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական բովանդակությունից անցել են ադմինիստրատիվ բովանդակության: Աշոտ Մանուչարյանի ներկայությունը շատ օգտակար եմ համարում, բայց ինքն է որոշել, չի մասնակցի, որովհետեւ քաղաքական կուսակցության լիդեր չէ, ինչպես մյուս մասնակիցները»:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը մեզ տեղեկացրեց, որ հակված է մասնակցել այդ հանդիպմանը, քանի որ կողմ է ցանկացած հանդիպման՝ ՀՀ քաղաքական գործիչների հետ, որի ընթացքում կքննարկվեն ստեղծված իրավիճակից ելքերի մարտավարության հարցեր: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը կմասնակցի, եթե հստակ կլինի հանդիպման օրակարգը: Իսկ օրակարգը, ըստ Պարույր Հայրիկյանի, հայտնի է. «Օրակարգի ընդհանուր վերնագիրը կլինի՝ «Նախագահական ընտրություններին ընդառաջ», սակայն այս անգամ պայմանավորվել են, որ յուրաքանչյուր լիդեր պետք է մատուցի իր պատկերացումները՝ արդեն ավելի հստակեցված»: «Առավոտի» հարցին՝ արդյոք հանդիպմանը հրավիրվա՞ծ է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը, որը մինչ այդ բավականին կոշտ բաներ էր ասել ԱԺՄ նախագահի հասցեին, ասաց. «Վազգեն Մանուկյանը ինքն իրեն մի փոքր փակուղային վիճակում դրեց, բայց իր դեմ սկզբունքային առարկություն չկա, ինչպես որեւէ քաղաքական գործչի, ով հավակնում է լինել ժողովրդավար եւ պատրաստ է ոչ թե երազել, որ կկարողանա պարտադրել որեւէ մեկին իր կամքը, այլ՝ ով պատրաստ է ասել եւ լսել»:

Վազգեն Մանուկյանը մեր թերթին տված հարցազրույցում («Առավոտ», 22.08.2007) կարծիք էր հայտնել, որ միասնական թեկնածուն չի կարող որոշվել ժողովների կամ մի շարք լիդերների նստել-որոշելով, այն պետք է ձեւավորվի հասարակական պահանջի հիման վրա: Այս կապակցությամբ Պարույր Հայրիկյանը իր բացատրությունն ունի: Նա հիշեցրեց, որ «Վազգեն Մանուկյանը 1996-ին միասնական թեկնածու դարձավ ոչ թե հասարակական պահանջով, այլ մեր խոսակցությունների եւ մեր հանդիպումների ընթացքում իրեն որպես ժողովրդական թեկնածու մատուցելու արդյունքում»: Պարույր Հայրիկյանն ասաց, որ իրենց խնդիրն է լինելու նախ՝ թիմ ստեղծել, որովհետեւ «մենք պայքարի ենք դուրս գալիս շատ մեծ թիմի դեմ, թիմ, որն արմատներով անցնում է ԿԳԲ-ին, անցնում է ռուսական իմպերիալիզմի ներկայացուցիչներին: Հայաստանն այսօր դարձել է խամաճիկ, ուրեմն պետք է այնպիսի թիմ ստեղծենք, որը կարողանա այս ամենին դիմակայել: Իսկ թիմը եթե լավն է, ապա թիմի լավագույն խաղացողը պարտադիր չէ, որ լինի թիմի ավագը»:

Հ. Գ. Մեր տեղեկություններով, այսօր հանդիպումը չի կայանա, քանի որ մի շարք լիդերներ այլեւս չեն ուզում «նստել-խոսել» եւ մտադիր են իրենց կողմից հայտարարություն անել, որ այս պահին զբաղված են կոնսուլտացիաներով: Օրինակ՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, «Իմպիչմենտի» ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը: Մի քանիսին էլ զայրացրել է, որ հանդիպմանը մասնակցելու հրավեր է ստացել նաեւ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել