Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԻ ԿԱՐԵԼԻ «ԲԵԶԱԼԱԲԵՌՆԻ» ԱՊՐԵԼ»

Սեպտեմբեր 01,2007 00:00

\"\"Ասում է ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եւ առաջարկում քաղաքական զարգացումների վարկածներից մեկը՝ Լեւոն Տեր-Պետրոսյան՝ նախագահ, Սերժ Սարգսյան՝ վարչապետ:

Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության (ՀԱԱԿ) նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եւս մասնակցում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարզային այցերին եւ վստահ է, որ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը միակն է, ով կկարողանա երկրում ստեղծված իրավիճակը փոխել եւ զարգացումները տանել ժողովրդավարության եւ Ղարաբաղի հարցի կարգավորման բարենպաստ հունով. «Այն տակտիկան, որ ընտրվել է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, բավականին ճիշտ եւ արդարացված է թե քաղաքական տեսակետից, թե քարոզչության, թե իմիջի»: Մեր հարցին՝ այդ հանդիպումների ընթացքում ի՞նչ կարգի խոսակցություններ են ծավալվում, Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց, որ հանդիպումների ընթացքում «շատ ազատ, անկեղծ» խոսակցություն է ընթանում ամեն ինչի մասին. «Հանդիպումները չեն անցնում լարված-քաղաքական մթնոլորտում, ընդհակառակը՝ դրանք շատ ազատ եւ անկաշկանդ հանդիպումներ են, նախագահը կարողանում է ստեղծել այդ ազատ մթնոլորտը, եւ մարդիկ հայտնում են իրենց կարծիքը, անհանգստությունները, ասում են, թե երկրի ապագան ինչպես են տեսնում»: Հանդիպումներին մասնակցում են ոչ միայն ՀՀՇ ներկայացուցիչներ, այլեւ այլ կուսակցությունների ակտիվիստներ, նաեւ մարդիկ, որոնք ոչ մի կուսակցական պատկանելություն չունեն. «Իհարկե, հանդիպումներին մասնակցելու ցանկություն հայտնողների թիվը շատ-շատ մեծ է, բայց առայժմ հանդիպումների այս ձեւն է ընտրված, որը, կրկնում եմ, իրեն արդարացնում է: Կարծում եմ, եւս մեկ-երկու այց կլինի, որպեսզի ընդգրկվի ամբողջ հանրապետությունը եւ հետո նախագահը կամփոփի այդ հանդիպումները եւ կկայացնի իր քաղաքական որոշումը»:

Նկատեցինք, որ մեր զրույցի ընթացքում պարոն Հովհաննիսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին շարունակ «նախագահ» է կոչում, ինչո՞ւ չի ասում՝ «նախկին նախագահ» կամ՝ նույնիսկ «առաջին նախագահ», Հովհաննես Հովհաննիսյանը հիշեցրեց. «Դա ընդունված կարգ է՝ նախկին նախագահ չի լինում, նախկին վարչապետ չի լինում, այնպես որ, Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահ է, եւ ես, եւ բոլորը նրան պիտի ասենք՝ նախագահ»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիքի է Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահը նախագահի բազմաթիվ թեկնածուների՝ առաջին հերթին Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Արթուր Բաղդասարյանի եւ մյուսների մասին: Պարզվեց, մեր զրուցակիցը դեռ վստահ չէ, որ վերը նշված քաղաքական գործիչներն անպայման կառաջադրվեն նախագահական ընտրություններում. «Դեռ վաղ է խոսել այն մասին, թե ով իր թեկնածությունը կներկայացնի նախագահական ընտրություններում, որովհետեւ դեռ շատ մեծ հարցական է՝ ձեր թվարկած գործիչներից ով կառաջադրվի եւ ով՝ ոչ: Բայց էականն այն է, որ մենք, ի վերջո, պետք է հասկանանք եւ մեզ հաշիվ տանք, թե ո՞ր թեկնածուի առաջադրման կամ որ նախագահի դեպքում է հնարավոր մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծումը: Ի վերջո, պետք է հետեւություն անենք անցած տարիներից եւ հասկանանք, որ չի կարելի, ռուսերեն մի լավ խոսք կա՝ «բեզալաբեռնի ապրել»:

Նկատեցինք, որ այսօր իշխող ՀՀԿ-ն բավականին լուրջ տրամադրվածություն ունի մասնակցել եւ հաղթել նախագահականում, եւ այս ուժի հետ կարծես չի կարելի հաշվի չնստել: Այդ դեպքում զարգացումները ինչպե՞ս կընթանան: Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ եթե ՀՀԿ-ն նաեւ նախագահի պաշտոնը վերցնի, դա կնշանակի, որ երկրում միակուսակցական բռնապետություն կհաստատվի, եւ եթե Հանրապետականն իրոք կողմ է երկրում ժողովրդավարության, կայունության հաստատմանը եւ Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծմանը, ապա պետք է իրեն հաշիվ տա: Մեր զրուցակիցը նաեւ ակնարկեց՝ իսկ ինչո՞ւ հնարավոր չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դառնա նախագահ, վարչապետը լինի Սերժ Սարգսյանը: Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, սա վարկած է, բայց՝ երկրի կայուն զարգացման համար վատը չէ. «Եթե բոլորիս նպատակը երկրի կայունությունն է, ապագան է, Ղարաբաղի հարցի կարգավորումն է, ապա տարբերակներից մեկն այն է, որ գործող վարչապետը համակերպվի այն մտքի հետո որ երկրի արտաքին քաղաքական լուծումները շատ ավելի լավ կիրականացնի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Համագործակցության եզրեր են առաջանում, որը հնարավորություն է տալիս ե՛ւ երկրի տնտեսական կայունությունն ապահովել, ե՛ւ քաղաքական առաջընթացը»:

«Մետելիցա» -«Կոնգրես» ընդդիմադիր լիդերների հանդիպումներին ՀԱԱԿ նախագահը չի մասնակցում, թեպետ ինքը կողմնակից է հանդիպումներին եւ շփումներին, բայց հիմա վստահ է, որ այդ հանդիպումները շատ բան չեն տալիս. «Եթե հիշում եք, մենք հանդիպում էինք նաեւ մայիսյան ընտրություններից առաջ, բավականին ակտիվ հանդիպումներ էին, բայց երբ եղան ընտրությունները, տեսանք, թե ինչպես ընդդիմությունը գնաց այդ ընտրություններին: Եվ ես հետեւություն արեցի, որ շատ-շատերը հակված չեն միասին գնալու: Ես ոչ մեկի մասին վատ բան չեմ ուզում ասել, ուղղակի ասում եմ՝ հակված չեն եւ վերջ: Հիմա, եթե նախագահականից առաջ եւս հանդիպում են եւ գիտեն, որ արդյունքը պետք է զրո լինի, էլ ինչի՞ համար են այդ հանդիպումները: Եթե կա խորը ցանկություն այդ հանդիպումներից նախագահական ընտրություններում արդյունք ստանալ, դա արդեն ուրիշ խոսակցություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել