Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՕՐՅԱ ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ՝ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ԴԻՄԱՑ

Սեպտեմբեր 04,2007 00:00

\"\"Ծրագրի հեղինակ Գեւորգ Ներսիսյանի համոզմամբ, այդ համալիրի կառուցումը աշխարհին ներկայանալու լավագույն ճանապարհն է:

«Հայ ժողովուրդը պետք է հավերժացնի Նոյ Նահապետի ոտք դնելը Հայոց սուրբ հողի վրա: Նրանք, ում համար թանկ է Աստվածաշունչը, լավ կլիներ մասնակցեին Նոյյան տապանի կառուցմանը, որը մեր փրկության խորհրդանիշն է նորօրյա «ջրհեղեղներից»,- «Առավոտի» հետ զրույցում հայտնեց մասնագիտությամբ երաժիշտ Գեւորգ Ներսիսյանը: Նրա մտահղացմամբ, Արարատի մարզի տարածքում՝ Արարատ լեռան դիմաց, հաջողության դեպքում, առաջիկայում կխոյանա «Նոյյան տապան» հուշահամալիրը: Հեղինակը 1990 թվականից աշխատել է այդ ծրագրի վրա: «Տարիներ շարունակ այն հետաձգվել ու անուշադրության է մատնվել՝ պայմանավորված ներքաղաքական իրավիճակներով: Վերջին շրջանում գաղափարը նորից եմ ներկայացրել տարբեր ատյանների ուշադրությանը, ծրագիրն արժանացել է բոլոր ստեղծագործական միությունների նախագահների հավանությանը: «Նոյյան տապանի» մասին նամակով հայտնել եմ ՀՀ եւ ԱԺ նախագահներին, վարչապետին, Ամենայն հայոց կաթողիկոսին: Այժմ ծրագիրն ուսումնասիրության փուլում է: Նրանով հետաքրքրված են մշակույթի նախարարությունում, սակայն այստեղ էլ դեռ քննարկվում է այն հարցը, թե որտեղից պետք է գոյանան անհրաժեշտ ֆինանսական միջոցները»,- նշեց Գ. Ներսիսյանը:

Կառուցվելիք «Նոյյան տապան» հուշահամալիրն իր մեջ կընդգրկի տապանը, որը համապատասխանեցվել է Աստվածաշնչում նշված չափերին՝ 300 կանգուն երկարություն, 50 կանգուն լայնություն, 30 կանգուն բարձրություն, համալիրում կլինեն համերգային, ցուցահանդեսային եւ կինոդահլիճներ, աշխարհի ազգերի եւ ժողովուրդների ծագման, արվեստների, բնության եւ պատմամշակութային միջավայրի պահպանության միջազգային թանգարան-ինստիտուտ, օտար լեզուների գիմնազիա: Կլինի նաեւ ցուցահրապարակ, որտեղ էլ կներկայացվեն Նոյ Նահապետի, նրա կնոջ, Սեմ, Քամ, Հաբեթ որդիների, նրանց կանանց եւ հին աշխարհի բոլոր կենդանիների քանդակները, նրանց երթը դեպի Արարատյան դաշտ: Տապանում նախատեսված են լինելու նաեւ տարբեր ազգերի մշակույթն ու կենցաղը ներկայացնող տաղավարներ, կգործի հայկական ժողովրդական հեքիաթների հերոսների կերպարները մարմնավորող «դիսնեյլենդ», հյուրանոցային համալիր եւ այլն:

Գ. Ներսիսյանը հայտնեց, որ «Նոյյան տապան» հուշահամալիրը հիմնելու համար կպահանջվի $115 մլն, այն կզբաղեցնի 22 հա տարածք: «Որպեսզի ծրագիրը սկսի աշխատել, նախեւառաջ պետք է հաստատվի կառավարության կողմից: Այնուհետեւ ստեղծվի աշխատանքային խումբ, հիմնադրամ, «Նոյյան տապան» համալիրի լավագույն նախագծի միջազգային մրցույթ-մրցանակաբաշխության հայտարարում, ապա «Նոյյան տապան» ինտերնետային կայք, նամակ-կոչ աշխարհի ժողովուրդներին, հիմնադրամի հաշվեհամարը, մրցույթի պայմաններն ու ժամկետները: Ծրագրի իրականացման ձեւերի մեջ է մտնում նաեւ վերջինիս պրոպագանդումը ՀՀ դեսպանատների մշակույթի կցորդների եւ հայ առաքելական, կաթողիկե, ավետարանական եկեղեցիների միջոցով, «Արարատ լեռն Արարատից» նկարիչների միջազգային փառատոնի անցկացում, ուխտագնացություն՝ քայլարշավ տարբեր երկրներ, դիմում-կոչ եկեղեցիների համաշխարհային խորհրդին, «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մշակութային հանձնաժողովին, Հռոմի պապին եւ այլն»,- համոզված է հեղինակը: Գ. Ներսիսյանի կարծիքով, այս ծրագիրն աշխարհին ներկայանալու ամենալավ ճանապարհն է. «Այդպիսով, Հայաստանը միանգամից կհայտնվի բոլորի ուշադրության կենտրոնում: Շատերը չգիտեն Հայաստանը պետությո՞ւն է, թե՞ մարդու անուն: Երբ ասում ենք՝ Արարատը Հայաստանում է գտնվում, սկսում են ճանաչել մեզ: Այս ծրագիրը կնպաստի որոշ քաղաքական խնդիրների՝ այդ թվում՝ Ղարաբաղյան, Ցեղասպանության, լուծմանը: «Նոյյան տապանի» շնորհիվ Հայաստանում կզարգանա տուրիզմը եւ, ի վերջո, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Կարծում եմ, պետությունը պետք է կանգնի այս գործի գլխին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել