Լրահոս
Օրվա լրահոսը

Ըմբշամարտիկը, հաղորդավարն ու դերասանուհին՝ «Եվրատեսիլում»

Սեպտեմբեր 04,2007 00:00

\"\"Առաջին պարային մրցույթը կայացավ

Սեպտեմբերի 1-ին Լոնդոնում՝ BBC-ի տաղավարում կայացավ «Եվրատեսիլի» առաջին պարային մրցույթը, որտեղ Հայաստանն այս տարի ներկայացված չէր եւ քվեարկելու իրավունք չուներ: Միջոցառումը, որին մասնակցում էր 16 երկիր, Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ մեկնաբանում էին սպորտային պարերի բազմակի չեմպիոն Վարդուհի Ալեքսանյանն ու հաղորդավար Գոհար Գասպարյանը: Ինչպես 2006-ի երգի մրցույթում, այնպես էլ այս տարվա պարայինում՝ մրցանակը բաժին ընկավ ֆիններին՝ Կատյա Կուկուլա եւ Յուսի Վահանանեն պարային զույգին: Երկրորդ հորիզոնականում Ուկրաինան ներկայացնող Յուլյա Օկրոպիրիձե եւ Իլյա Սիդորենկո զույգն էր, երրորդում՝ իռլանդացիներ Նիկոլա Բիռնը եւ Միկ Դոնեգանը: Եվրոպացի հանդիսատեսը բավական ջերմ ընդունեց հատկապես ռուսաստանցի Մարիա Սիտելի եւ Վլլադիսլավ Բորոդինովի մատուցած գնչուական պարը: Վերջիններս, սակայն, հայտնվեցին 7-րդ հորիզոնականում: Նկատենք, որ Մարիա Սիտելը ռուսական PTP հեռուստաալիքի «Վեստի» ծրագրի հաղորդավար է:

Մրցույթի կանոններով, պարտադիր չէ, որ «Եվրատեսիլում» հանդես գան միայն պրոֆեսիոնալ պարողները: Օրինակ, Պորտուգալիան ներկայացնող զույգի աղջիկը դերասանուհի էր, շվեդական զույգի անդամներից մեկը՝ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, շվեյցարական զույգում գեղասահորդուհի կար եւ այլն: Մասնակիցներից ոմանք հանրահայտ «Պարեր աստղերի հետ» հեռուստաշոուի տարբեր տարիների հաղթողներ էին:

Զույգերը 1,5 րոպեի ընթացքում մրցույթի առաջին փուլում պիտի հանդես գային լատինաամերիկյան (սամբա, ռումբա եւ այլն), իսկ երկրորդում՝ ազատ ոճի պարային կատարմամբ: Իռլանդիան, Իսպանիան, Հունաստանը, Ուկրաինան ազատ ոճում հանդես եկան ազգային պարային էլեմենտներով հագեցած ժամանակակից պարով, ինչը ներկաներին դուր եկավ, եւ «բրավոներ» հնչեցին: Փաստորեն, այս անգամ հերքվեց տարածված այն կարծիքը, որ ազգայինը եվրոպացիների քիմքին հարիր չէ:

Որոշ զույգեր, որոնք «կաղում» էին տեխնիկապես, փոխարենը աշխատել էին գունեղ շոուի վրա: Օրինակ, լիտվացի զույգի պարողը «մտել» էր հայտնի «Դիմակ» ֆիլմի հերոսի կերպարի մեջ, երեսն էլ կանաչ գույնով ներկել: Մի միտում էլ էր նկատվում մրցույթում. պարուհիներից շատերը պարի սկզբում հանդես գալով զուսպ հանդերձով, հետո՝ հենց բեմի վրա զուգընկերոջ ձեռքի թեթեւ շարժումով այն փոխարինում էին վառվռուն, էրոտիկ որեւէ զգեստով: Օրինակ, այդպես վարվեցին անգլիացիները, գերմանացիներն ու իսպանացիները:

Հավանաբար, հայաստանցի շատ հեռուստադիտողներ կուզենային լսել, թե BBC-ի ճանաչված հաղորդավարները ինչ էին խոսում մրցույթի ընթացքում, ընդ որում՝ նրանց խոսքը համեմված էր հումորով: Այդ ամենին Հ1-ի հեռուստադիտողները անհաղորդ մնացին, որովհետեւ թարգմանելու փոխարեն հաղորդավարուհի Գոհարիկը սեփական մեկնաբանություններն էր պարտադրում՝ «շատ սիրուն զգեստ է» կամ «էլի ֆինները հաղթեցին, բայց առանց հրեշների դիմակների» եւ այլ արտահայտություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել