Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ ՏԱԿ ԵՆ ՏՎԵԼ

Սեպտեմբեր 05,2007 00:00

\"\"Դպրոցական հագուստ վաճառողների ապրանքը այս տարի լճացել է՝ հսկայական վնաս պատճառելով օրվա հացի փող վաստակող առեւտրականներին:

Այս տարի Հայաստանի մի շարք դպրոցների տնօրեններ իրենց դպրոցի աշակերտներին պարտադրեցին կրել միանման համազգեստներ. տղաները՝ սպիտակ վերնաշապիկ ու սեւ տաբատ, աղջիկները՝ միանման վերնաշապիկ ու շրջազգեստ: Քանի որ մի ամբողջ դպրոցի աշակերտների համար այդքան մեծ քանակությամբ միեւնույն հագուստից դժվար էր խանութներից գնելը, այդ դպրոցների աշակերտների ծնողները համազգեստները պատվիրեցին դերձակների մոտ:

Պարզվում է՝ դպրոցների տնօրենների այդ ողջունելի քայլը բավականին վնաս է պատճառել դպրոցական հագուստ վաճառող առեւտրականներին: Հայտնի է, որ օգոստոսին Հայաստանում գործող բոլոր տոնավաճառներում բուռն առեւտուր է լինում՝ դպրոցական շրջանի հետ կապված: Հատկապես օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում տոնավաճառներում տեղ ու դադար չի լինում: Այս տարի, վաճառականների խոսքերով՝ «մեռած օգոստոս» էր, քանի որ դպրոցական հագուստի պահանջարկ գրեթե չկար: Տոնավաճառների առեւտրականները պատմում են, որ ամեն տարի օգոստոսին տաղավարների համար կռիվ է լինում, շատ վաճառականներ մաղարիչով, ծանոթ-բարեկամ մեջ գցելով ուզում են տաղավար վարձել՝ օգոստոսին դպրոցական ապրանք վաճառելու համար աշխատեցնել ու սեպտեմբերին հանձնել. «Հսկիչին կաշառում, պատիվ ենք տալիս, որ ներքին կարգով սեղան տա, կամ էլ վերեւներից ենք ծանոթներ գտնում, որ միջնորդեն՝ առաջին շարքերի լավ տեղերից ձեռք բերելու համար»,- պատմեց Մալաթիայի տոնավաճառի առեւտրականներից մեկը: Այս տարի էլ նույն պատմությունն է եղել՝ օգոստոսին տաղավար ունենալու համար առեւտրականները բավականին խոշոր գումարի մաղարիչներ են տվել ու ընկել կրակը, քանի որ դպրոցական հագուստը սպասվածի նման չի սպառվել:

Հասմիկը, արդեն 10 տարուց ավելի է՝ Մալաթիայի տոնավաճառում առեւտուր է անում: Նա ամեն տարի ամռան սեզոնին Լեհաստանից դպրոցական հագուստ է ներկրում: Հասմիկի պատմելով՝ «մենք ողջ տարվա ընթացքում սեղանը զոռով-շառով պահում ենք, վարձ ենք տալիս՝ օգոստոսին փող աշխատելու համար: Միշտ հունիս-հուլիսին գնացել ենք Լեհաստան, դպրոցական հագուստ ենք բերել ու օգոստոսին թռցրել են, այս տարի մոտ 10 հազար դոլարի սպիտակ սարոչկաներ ենք բերել՝ մնացել է վրեքներս, չի ծախվում, ամեն մի տեսակի սարոչկայից 100-200 հատով բերել ենք՝ հազիվ 20-30 հատ է ծախվել: Հիմա մոդան շուտ-շուտ փոխվում է, ես չեմ կարող հագուստը հավաքել-պահել՝ մյուս տարի ծախել: Պարզ է, որ չի ծախվի: Մենք հունիսին ի՞նչ իմանայինք, որ դպրոցների տնօրենները նման որոշում կկայացնեին: Կարող է մյուս տարի էլ կրթության նախարարը որոշի ու պարտադրի բոլոր դպրոցների աշակերտներին սովետական տարիների ֆորմաներով դպրոց գնալ, արանքում էլի մենք ենք տուժելու»:

Գնելը նույն տոնավաճառում նույնպես դպրոցական հագուստ է վաճառում: Ի տարբերություն Հասմիկի, նա վաճառում է հայ դերձակների կարած հագուստները: «Մի քանի ամիս առաջ պարտքով 6000 դոլար եմ վերցրել, դերձակների մոտ դպրոցական շորեր պատվիրել՝ հույս ունենալով, որ կծախվի, որովհետեւ ամեն տարի դա իրեն արդարացնում էր, ոնց էլ լիներ՝ օգուտով էի դուրս գալիս: Բայց ով կպատկերացներ, որ էս տարի ամբողջ շորերը վրես կմնար, պարտքն էլ՝ մի կողմից: Նայում եմ սեղանիս՝ լացս գալիս ա: Իմ երեխեն էլ ա դպրոցական, հա, ընդունում եմ, որ շատ լավ կլինի, եթե բոլոր դպրոցականները սիրուն, միանման շորերով գնան դասի, բայց գոնե մի քիչ շուտ հայտարարեին էդ մասին, որ մենք փաստի առաջ չկանգնեինք: Առանց էդ էլ հարկերն ու տեղի վարձերը խեղդում են, չենք կարողանում տակից դուրս գալ»,- դժգոհեց Գնելը:

Հիշեցնենք, որ Հարկային պետական ծառայությունը տոնավաճառում գործունեություն ծավալող առեւտրականներին մտցրել է հարկային դաշտ ու, տեղի վարձից բացի, առեւտրականները ամսական 10-15 հազար դրամ էլ հարկայինին են վճարում: Առեւտրականները խնդրում էին, որ հարկայինը, հաշվի առնելով օգոստոսին կրած իրենց վնասները, դպրոցական հագուստ վաճառողների համար գոնե մի քիչ զեղչեր անի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930