Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾՆ «ԱՐՏԱԿԱՐԳ» ԴԱՏԱՐԱՆՈ՞ՒՄ

Սեպտեմբեր 06,2007 00:00

\"\"Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի, դատարանի կազմը նշանակվել է կամայականորեն

Երեկ Շիրակի մարզի հյուսիսային քրեական դատարանում նիստի սկսվելուն պես՝ զինծառայողներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ մեղադրվող 23-ամյա Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի փաստաբան Հայկ Ալումյանը պահանջեց դատավորներ Արմեն Խաչատրյանի եւ Մարտին Սարոյանի ինքնաբացարկը: Տեղեկացնենք, որ նրանք Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են, որոնք, սակայն, խառնվել են Հյուսիսային քրեական դատարանի գործերի մեջ, մասնավորապես՝ «Մատաղիսի գործով» ընդգրկվել են որպես նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանի օգնականներ: «Էդ երկու դատավորները բոլորովին ուրիշ դատարանի դատավորներ են, եւ Վճռաբեկ դատարանի նախագահը կամայական, իր որոշմամբ է կոնկրետ էս գործը քննելու համար նրանց ուղարկել էս դատարան: Օրենքը կարգավորում է, թե ոնց է դատավորը նշանակվում՝ Արդարադատության խորհրդի ներկայացմամբ, հանրապետության նախագահի հրամանագրով: Իսկ վճռաբեկ դատարանի նախագահը չգիտես ինչ չափանիշներով է առաջնորդվել, երբ որոշել է, որ հենց էս երկու դատավորը պետք է գան էս գործը քննեն: Այսինքն՝ սա արտակարգ դատարան է, իսկ արտակարգ դատարանի ստեղծումը թե՛ մեր Սահմանադրությամբ եւ թե՛ բոլոր նման իրավիճակները կարգավորող հայտնի նորմերով արգելված երեւույթ է: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ էս գործի համար հատուկ դատարան է ստեղծվել: Էս դատարանը իրավունք չունի դատական նիստ գումարել, իրավունք չունի գոյություն ունենալ էս կազմով, ես անգամ չունեմ դատական նիստին մասնակցելու իրավունք»,- ասում էր փաստաբանը՝ դատավորներին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության մեջ: Միջնորդությունը քննարկելու համար դատարանը սկզբում որոշեց երեք ժամ ընդմիջում հայտարարել, սակայն լսելով ներկաների առարկությունները, դատը մեկ օրով հետաձգեց: Միջնորդությունը չբավարարելու դեպքում կշարունակի՞, արդյոք, փաստաբանը մասնակցել դատական նիստերին՝ «Առավոտի» հարցին փաստաբան Հ. Ալումյանը պատասխանեց. «Դա նույնն է, որ դուք ինձ ասեք՝ եթե վաղը Արեւմուտքից արեւը ծագի՝ ի՞նչ եք անելու, ես ի՞նչ իմանամ՝ ի՞նչ եմ անելու, ես պարզապես էդպիսի հնարավորությունը բացառում եմ: Նմանապես ես բացառում եմ, որ էս կազմը կշարունակի էս գործը քննել: Հույս ունեմ, որ ապօրինի որոշումներ կայացնողների մոտ կգերակշռի բանականությունը եւ իրենք կհասկանան, որ էս գործով Հայաստանի Հանրապետությունը շատ ծանր հետեւանքներ կունենա, որովհետեւ էս գործը արդեն Եվրոպական դատարանում լուծման ինչ-որ փուլում է, եւ իրենք այս խախտումները կրկնելով՝ բազմապատկում են էն պրոբլեմները, որ հանրապետությունը ունենալու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»: Հ.Ալումյանը նախորդ դատական նիստին չէր ներկայացել, քանի որ ծանուցված չի եղել: «Առաջին նիստին հրավիրված չէի, գիտե՞ք ինչ, անգամ եթե խաշի են հրավիրում, էլի անձամբ են հրավիրում, ոչ թե հույսը դնում են, թե ինչ-որ տեղից կիմանա-կգա, դատական նիստի հրավերը գոնե պետք է խաշի հրավերից մի քիչ տարբերվի, պատշաճ ձեւ պետք է ունենա, ես դատական նիստի մասին իմացել եմ իմ պաշտպանյալներից՝ պատահաբար»,- դժգոհեց փաստաբանը: Իսկ թե ինչո՞ւ Վճռաբեկ դատարանի քրեական պալատում բեկանված գործը վերսկսվեց, փաստաբանի կարծիքով, դա կապված է զինվորական դատախազության՝ իր սխալները ընդունելու ցանկություն չունենալու հետ: «Կուզեի մտածել, որ դատախազությունը բարեխիղճ մոլորության մեջ է գտնվում, բայց եւ հասկանում են, որ եթե իրենց սխալը ուղղեն՝ շատերը պրոբլեմներ են ունենալու երեխաների կալանավորման, էդքան տարի ազատազրկման համար, եւ որպեսզի էդ պրոբլեմները չունենան, ես վախենում եմ, որ հենց էդ պատճառով էլ դատախազությունը փորձում է հասնել մեղադրական արդյունքի»: Ի դեպ, երեկ լարված իրավիճակ էր դատարանում: Տուժողի իրավահաջորդներից մեկը՝ Ռոման Եղիազարյանի հորեղբայրը համոզված պնդում էր, թե մարդասպանները հենց այդ երեք երիտասարդներն են: Վերջիններիս հարազատներն էլ, տեսնելով հորեղբորը, սուլում ու բացականչում էին՝ «ծախված, հերիք չէ՞»: Մինչդեռ մյուս սպանվածի՝ Հովսեփ Մկրտումյանի ընտանիքը պահանջում էր փնտրել իրական մարդասպաններին: «Մենք չենք ուզում խեղկատակության ականատես լինել՝ հանցագործ հրամանատար Իվան Գրիգորյանին փրկելու համար, չփորձեք դատել այս անմեղներին»,- ասում էին նրանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել