Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 06,2007 00:00

ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԸ ԲԱՐԴԱՑԱՎ

\"\"Փոխարենը, ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը վստահ է, որ այժմ չկա գայթակղություն՝ եզրակացությունը գրել որպես մի քաղաքական ուժի մեղադրական ակտ՝ ուղղված մեկ այլ ուժի:

Համաներման առաջարկի քննարկումների ժամանակ ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ համաներում անցկացնելու պահը ճիշտ չի ընտրված, քանի որ մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը շարունակում է իր գործունեությունը եւ առայժմ չունի համապատասխան եզրակացություն: Ըստ պարոն Թորոսյանի, համաներմամբ դժվարին կացության մեջ է դրվում մարտի 1-ի հանձնաժողովը, որի համար սրանից հետո շատ ավելի բարդ է լինելու աշխատանքը: Արդեն մի քանի օր է՝ մարդիկ ազատ են արձակվում, իսկ մարտի 1-ի հանձնաժողովի անդամները դեռ «կաշկանդված են» իրենց հանձնաժողովական լիազորություններով, եւ իրենք էլ մեզ հետ զրույցներում կիսում էին Տիգրան Թորոսյանի դիրքորոշումը: ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը ասաց, որ համաներման հանգամանքով իսկապես հանձնաժողովի աշխատանքը չհեշտացավ. «Ինչո՞ւ, որովհետեւ մենք պարտավոր ենք օրենքով սահմանված ժամկետում, մինչեւ հոկտեմբեր, տալ մի եզրակացություն, որտեղ կկարողանանք բացատրել մարտի 1-ի իրադարձությունները ծնող պատճառները, իրադարձությունների գնահատականը եւ սպանված մարդկանց մահվան հանգամանքները: Փաստորեն, այս համաներման եւ քաղաքացիական համերաշխությանն ուղղված գործողությունների լույսի ներքո անհրաժեշտ է նորովի իմաստավորել այն զեկույցը, որը պիտի գրի մարտի 1-ի հանձնաժողովը: Այդ զեկույցը չի կարող լինել մի կուսակցության մեղադրական ակտ՝ ուղղված մեկ այլ կուսակցության, կամ մի քաղաքական ուժի մեղադրանքը՝ ուղղված ուրիշ քաղաքական ուժի»: Վերջին միտքը (մեղադրական ակտի մասին) մեզ հետաքրքիր թվաց, եւ պարոն Սաֆարյանին հարցրինք՝ ինքը փաստորեն նման կասկածնե՞ր ուներ, որ այդպես կարող էր լինել: Մեր զրուցակիցն ասաց, որ այդպես վարվելու «գայթակղությունը մեծ էր, մանավանդ՝ արմատական ընդդիմության կողմնակիցները այդպես էլ բոյկոտեցին եւ չեկան հանձնաժողով, եւ ցանկացած մարդկային պարզ տրամաբանություն հուշում էր՝ եթե դուք չեք ուզում մեզ հետ համագործակցել, դե տեսեք, մենք ինչ կանենք: Բայց ես գտնում եմ, որ այժմ այս գայթակղությունը վերացած է»:

Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը եւս այն կարծիքին է, որ հիմա իր գլխավորած հանձնաժողովը ավելի դժվարին վիճակում է, քան մինչ այժմ. «Իհարկե, որոշ առումով ցանկալի կլիներ, որ հանձնաժողովն իր եզրակացությունը ներկայացներ, որում կլինեին նաեւ առաջարկներ, որոնք, թերեւս, հնարավոր է՝ նախագահը հաշվի կառներ: Ցանկալի կլիներ, որ այդպես լիներ, բայց եթե կա հնարավորություն, որ մարդիկ մեկ օր առաջ ազատության մեջ լինեն, ավելի լավ, հանձնաժողովը պատրաստ է լինել դժվարին վիճակում, միայն թե մարդիկ մեկ օր շուտ ազատության մեջ լինեն»: Հանձնաժողովի նախագահին հարցրինք՝ փաստորեն, հնարավոր էր, որ հանձնաժողովի եզրակացությունը դառնար մեկ կուսակցության մեղադրական եզրակացությո՞ւնը մեկ այլ քաղաքական ուժի հանդեպ: Հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանի այս կարծիքին համամիտ չէր. «Ես չեմ կարող համաձայն լինել նման տեսակետի հետ, որովհետեւ մեր հանձնաժողովում մեկ քաղաքական ուժ չի եղել, Արամ Սաֆարյանը, կարծում եմ, իրեն չի համարում մեր քաղաքական ուժի կամ ՕԵԿ-ի, առավել եւս՝ Դաշնակցության ներկայացուցիչ, էլ չասենք՝ արտախորհրդարանական ուժերը եւ դրան էլ գումարենք Արամ Կարապետյանին: Կարծում եմ՝ նրանք բոլորը միասին եւ ես մեկ քաղաքական ուժ չենք ներկայացնում, եւ նման մտահոգություն չի եղել եւ չէր կարող լինել»,- ասաց ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար, մարտի 1-ի հանձնաժողովի անդամ Արտյուշա Շահբազյանը նույնպես համամիտ էր Տիգրան Թորոսյանի հետ. «Իհարկե, ճշմարտություն կա այն ամենում, ինչ ասել է Տիգրան Թորոսյանը եւ նրբորեն զգացել է այդ հանգամանքը: Հիմա իսկապես հանձնաժողովը դրվում է մի իրողության առաջ, երբ իրադարձությունները ավելի առաջ են անցել, քան հանձնաժողովը: Մենք անպայման պիտի նկատի ունենանք համաներման իրողությունը մեր եզրակացության մեջ»: Ինչ վերաբերում է մարտի 1-ի զոհերին, Արտյուշա Շահբազյանը ասաց, որ այստեղ իրենք որեւէ բան չեն կարող անել, քանի որ իրենք, որպես հանձնաժողով, նախաքննական մարմնի իրավասություններ չունեն:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել