Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Խորհրդարանը «կզարգացնի տնտեսությունը»

Սեպտեմբեր 11,2007 00:00

\"\"Երեկ իր աշխատանքը սկսեց ԱԺ 4-րդ գումարման 2-րդ նստաշրջանը

ԱԺ դահլիճում պատգամավորներից շատերի անփորձությունը նկատելի էր, քանի որ օրակարգի ձեւավորման հարցերի քննարկումներին նրանցից ոչ ոք չհամարձակվեց մասնակցել: Ինչպես միշտ, «հնաբնակներն» էին ակտիվ, իսկ նորեկները խելոք լսում էին:

Երեկ ավանդույթը չխախտեց նաեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը եւ նստաշրջանից առաջ մամուլի ասուլիս հրավիրեց՝ հատուկ նշելով, որ այս խորհրդարանի օրակարգը հագեցած է լինելու «տնտեսական զարգացմանն առնչվող հարցերով»: Ասաց նաեւ, որ նախընտրական տարին «որոշակի կնիք» է ունենալու խորհրդարանի գործունեության վրա: Հայտնեց նաեւ, որ ԱԺ-ն սահմանադրական փոփոխություններով պայմանավորված մի քանի նշանակումներ պիտի անի, մասնավորապես՝ այսօր սպասվող ՀՀ գլխավոր դատախազի ընտրություններից բացի, նաեւ արդարադատության խորհրդում ԱԺ-ի ներկայացուցիչների, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների, վերահսկիչ պալատի անդամների նշանակումը: Այս բոլոր հարցերը խորհրդարանը պետք է լուծի մինչեւ դեկտեմբեր:

ԱԺ նախագահը պատասխանելով լրագրողների հարցերին՝ անդրադարձավ վերջերս ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի այն մտքին, որ եթե Մինսկի խմբի համանախագահներն այլեւս արդյունավետ չլինեն, ապա Դաշնակցությունը կարող է առաջարկել ԼՂՀ միավորումը Հայաստանի Հանրապետությանը (չնայած պարզ չէ, թե որն է արդյունավետության չափանիշը): Տիգրան Թորոսյանը նկատեց, որ Դաշնակցության այս տեսակետը իր համար ընդունելի չէ՝ առաջարկելով իր տարբերակը. «Մի կողմից, անկախության ճանաչման համար, ինքնորոշման իրավունքի կիրառմամբ, կան բոլոր իրավական, պատմական, քաղաքական հիմքերը: Ճիշտ է, ընդհանրապես աշխարհում, մասնավորապես Եվրոպայում կան լուրջ դժվարություններ այս իրավունքի կիրառման տեսակետից, եւ մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք ԼՂՀ իրավական ճանաչման համար՝ միջազգային հանրության կողմից, բայց սա միակ, ճիշտ եւ իրողություններին համապատասխանող տարբերակն է»: Տիգրան Թորոսյանը զգուշացրեց, որ այս ճանապարհի հակառակը հղի է լուրջ հետեւանքներով. «Այո, մենք մեկ ժողովուրդ ենք, ունենք մեկ հայրենիքի, ունենք տվյալ հարցում մեծ նպատակ, սակայն կարեւոր է տեսնել, որ այդ նպատակին հասնելու համար մենք պիտի ունենանք երկու անկախ հանրապետություն»:

«Ա1+»-ը հետաքրրքրվեց՝ ամառվա ընթացքում մի շարք հայտնի պատգամավորների թիկնապահների «ռազբորկաների» կապակցությամբ խորհրդարանը պատրաստվո՞ւմ է «բացատրական» աշխատանքներ կատարել այդ պատգամավորների հետ: Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ «խորհրդարանին իրավապահ ֆունկցիա վերապահված չէ», եւ գործերի քննությունների ավարտից հետո խորհրդարանը իր դիրքորոշումը կարտահայտի:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ է մտածում ՀՀԿ փոխնախագահը ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի խափանման միջոցը նախ՝ դատարանի որոշմամբ դարձյալ երկարացնելու եւ այդ որոշումից երկու-երեք օր հետո դատախազի կողմից ազատ արձակելու ցուցում տալու մասին: Տիգրան Թորոսյանը ասաց, որ առաջիկայում գլխավոր դատախազի նշանակման հարցի քննարկման ընթացքում նույն հարցը հավանաբար կտրվի Աղվան Հովսեփյանին եւ դատախազի պատասխանից պարզ կդառնա, թե ինչը ինչի համար է արվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել