Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԸ ԿԱՌՈՒՑԵԼՈՎ ԵՆ ՇԵՆԱՑՆՈՒՄ

Սեպտեմբեր 11,2007 00:00

\"\"Չնայած տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին, մեր հանրապետությունում կայուն հասարակարգ է ձեւավորվում:

Մեծ ֆինանսական միջոցներ են մուտք գործում Հայաստան, լուրջ ներդրումներ են կատարվում: Բավականին մեծ ծավալների է հասնում շինարարությունը, հատկապես՝ մասնավոր: Ուստի միանգամայն բնական է, որ օգտվելով ստեղծված, այսպես կոչված՝ շինարարական վիճակից, զուգահեռ լուծվեն մայրաքաղաքի համար մեծ կարեւորություն ունեցող քաղաքաշինական խնդիրներ: Քաղաքային իշխանությունները նպատակ են դրել տարածաշրջանում ավելի տեսանելի դարձնել մայրաքաղաք Երեւանի իմիջը, որպեսզի մեր մայրաքաղաքը, հետեւաբար նաեւ պետությունը, տարածաշրջանում առաջնային դիրք գրավի: Բացի այն, որ մեր մայրաքաղաքն ու պետությունը կդառնան ժամանակակից, ներկա պայմաններին հարմարված, նաեւ ինչքան շատ լինեն ներդրումները, այդ թվում՝ միջազգային, այդքան ավելի ապահով ու անխոցելի կդառնա մեր պետությունը: «Երեւանը վերակենդանացման շրջան է ապրում»,- պաշտոնապես հայտարարում է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը եւ արդեն իբրեւ քաղաքացի՝ իր գոհունակությունն է հայտնում, որ «Երեւանը ժամանակի պահանջներին ադապտացնելու գործընթաց է սկսվել»: Տարիներ շարունակ տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով անդրադարձ չի կատարվել քաղաքային բնույթի մի շարք խնդիրների, որոնք հասունանալով՝ սպառնում էին հիմնախնդիրներ դառնալ: Նաեւ իբրեւ անկախ պետության մայրաքաղաք, Երեւանը ձեռք բերեց միջազգային սուբյեկտին բնորոշ գործառույթներ: Մայրաքաղաքի նախկին գլխավոր հատակագծում դա, բնականաբար, չէր կարող նախատեսվել: Միաժամանակ նոր մոտեցումներ առաջացան քաղաքաշինության մեջ: Թերեւս սրանք էին, որ մայրաքաղաքի համար պատասխանատու պաշտոնյաներին դրդեցին դիմել այն քայլերին, որոնք մայրաքաղաքում արվել են, արվում են եւ դեռ կարվեն:

Լրջորեն բարեկարգվում է քաղաքային տնտեսությունը, առաջին հերթին՝ բնակելի ֆոնդը: Մենք ժառանգություն ենք ստացել մեծ քանակությամբ խարխուլ ֆոնդ, գերազանցապես քաղաքի կենտրոնական հատվածում՝ Կոնդը, Կոզեռնը, կրկեսին եւ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներին հարող տարածքները, Նորագյուղը, Սարի թաղը եւ այլն: Մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծով նախատեսված վերակառուցվող այս տարածքները շատ շուտով ձեռք կբերեն 21-րդ դարին հարիր տեսք: Ներկայիս խարխուլ, իրար մեջ մի կերպ կառուցապատված, մինիմալ կենցաղային պայմաններից զուրկ բնակավայրերը կվերածվեն մեծ, ընդարձակ, լուսավոր, կանաչապատ բնակելի տարածքների՝ հանգստի եւ առեւտրի ժամանակակից գոտիներով: Այս թաղամասերի վերակառուցմամբ ոչ միայն կգեղեցկանա Երեւանը, այլեւ կլուծվի տասնյակ հազարավոր մարդկանց մարդավայել ապրելու խնդիրը: Իսկ Հյուսիսային պողոտան կընդգծի մայրաքաղաքի առանցքը: Ծրագրերը կիրականացվեն հիմնականում մասնավոր ներդրումների շնորհիվ, բայց էականն այն չէ, թե ով է կառուցում, առավել կարեւոր է, թե ինչ եւ ինչպես է կառուցվում: Համենայնդեպս, Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը հավաստիացնում է, որ այլեւս առավելագույնս կհարգվեն բնակիչների իրավունքները: Ի տարբերություն իրացման նախորդ ծրագրերի, այժմ փոխհատուցման ձեւերն ավելի բազմազան են եւ հաշվի են առնվում բնակիչների հիմնական ցանկությունները: Նկատենք, որ Կոնդում եւ Կոզեռնում քաղաքային իշխանությունները հատուկ դանդաղեցրին քաղաքաշինական խնդիրների իրականացումը՝ կառավարության մակարդակով լուծում տալու առկա բազում գույքային խնդիրներին: Այդ ամենաբարդ տարածքներում չլուծված խնդիրներ արդեն չկան: Իրացման մյուս գոտիներից շատերի մասով էլ արդեն հայտնի են կառուցապատողները, նախագծերը պատրաստ են, իրացման աշխատանքները պայմանագրային փուլ են մտնում:

Այս ամենին զուգահեռ, արդիական է դարձել նաեւ տրանսպորտային խնդիրների բարելավումը, քանզի Թամանյանի՝ 150 հազար մարդու համար նախատեսված քաղաքի բնակչությունն այսօր տասն անգամ ավելի է, բարձր կենսամակարդակով, բուռն զարգացման հեռանկարներով: Ուստի դրված է ստորգետնյա քաղաքաշինության զարգացման հարց: Կկառուցվեն ստորգետնյա ավտոկանգառներ, տարանցիկ ճանապարհներ, լուրջ վերափոխվում են խոշոր տրանսպորտային հանգույցները: Սարալանջի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն արդեն ընթացքի մեջ է՝ Չարենցի, Խանջյան փողոցներով եկող տրանսպորտը անարգել կհասնի Սարալանջ, ապա Արզումանյան փողոցով՝ Հերացու փողոց եւ Սեւանի խճուղի: Այդ ուղղությունը կմիացվի Դավիթաշենի կամրջին, ապա տրանսպորտային հոսքը կտեղափոխվի դեպի Աշտարակ: Կարճ ժամանակահատվածում այս ճանապարհի անընդհատ գործողությունն ապահովելու համար էլ այժմ մայրաքաղաքում զուգահեռ շինարարական աշխատանքներ են ընթանում: Նախատեսվում է նաեւ հարավ-արեւմուտքից քաղաքի կենտրոնը շրջանցող ճանապարհ՝ Նորագավիթից Շիրակի փողոց, Իսակովի պողոտա, Բաբաջանյան, Շերամի փողոցներ: Այս ուղղությունը նույնպես կզարգանա դեպի Աշտարակ: Ճանապարհի տարբեր հատվածները գոյություն ունեն, մնում է ընդհանրացնել այն, որպեսզի ամբողջական ճանապարհը գործի: Զուգահեռաբար նկատի են առնվել նաեւ հետիոտնի շարժումն անվտանգ դարձնելը եւ մինչեւ 2012թ. մայրաքաղաքի տարբեր հատվածներում կկառուցվեն տասնյակից ավելի ստորգետնյա եւ վերգետնյա անցումներ: Մայրաքաղաքի առջեւ ծառացած այս կարեւոր խնդիրները պահանջում էին միասնական, միաժամանակյա լուծում, այդ իսկ պատճառով Երեւանը, ինչպես ասում են, վերածվեց շինհրապարակի: Մինչեւ տարեվերջ շինարարական աշխատանքները կավարտվեն, եւ Երեւանը կներկայանա նորովի գեղեցիկ, հարմարավետ ու հյուրընկալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել