Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ջրմուղը միայն գումարի՞ տերն է

Սեպտեմբեր 11,2007 00:00

«Հայջրմուղկոյուղին» բնակիչներին ամիսներով ջուր չի տալիս, բայց պարտաճանաչ հավաքում է փողերը

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում կառուցված մոտ 100 բնակարանով նոր թաղամասում ջուրը, գազն ու էլեկտրաէներգիան բնակիչներն իրենց միջոցներով են անցկացրել: Չնայած այդ հսկայական ծախսերին, նոր թաղամասի բնակիչներն ամիսներով ոռոգման եւ խմելու ջուր չեն ունենում:

Բնակիչների ներկայացմամբ՝ ապրիլ ամսից մինչեւ խոր աշուն ձորում ապրող մի քանի ներկա եւ նախկին պաշտոնյաներ կամ նրանց ազգականները, գյուղապետի հետ համաձայնության գալով, ջրի ընդհանուր խողովակից միացումներ են արել եւ խմելու ջրով այգի են ջրում ու լողավազան լցնում. «Դրա հետեւանքով բաժանարար բաքում ջրի քանակը պակասում է եւ պոմպի մղած ջուրը չի հասնում մարդկանց բնակարաններ»:

Թաղամասի բնակիչները խմելու ջուրը դույլերով կրում են, իսկ այգիները չորանալուց փրկելու համար ստիպված 1 ցիստեռն ջուրը 8-10 հազար դրամով գնում են: «Թե՛ գյուղապետարանում եւ թե՛ ջրմուղում լավ էլ տեղյակ են այս ամենին, սակայն աչք են փակում, քանի որ «ռիսկ» չեն անում նրանց կարգի հրավիրել՝ ամեն մեկի հետեւում մի պաշտոնյա է կանգնած: Ով ինչ ուզում՝ անում է, ոչ կարգ կա, ոչ օրենք: Առանց զգուշացնելու օրերով հոսանքն ու գազն են անջատում եւ ոչ ոք այդ ամենի համար պատասխանատվություն չի կրում: Գյուղապետարանը կարծես միայն հարկ հավաքելու համար է»,- բողոքեցին նրանք: Օրերս էլ, բնակիչների խոսքերով, ջրմուղն ամբողջ գյուղին, այդ թվում եւ անջուր թաղամասի բնակիչներին, 2004-2007թթ. համար մոտ 150 հազար դրամի չափով ջրավարձի պարտքի ցուցակ է ներկայացրել: Ճիշտ է, գյուղացիները ջրաչափ չեն տեղադրել, սակայն, նրանց հավաստմամբ, նշված տարիների համար, ըստ շնչի, մուծումներ են կատարել. «Թեեւ մենք ամիսներով ջուր չենք ունենում, սակայն պատրաստ ենք վճարել այդ գումարները՝ պայմանով, որ վերահաշվարկ անեն ու փոխհատուցեն իրենց կողմից կատարած ջուր անցկացնելու ծախսերը: Ջրմուղը մի լումա անգամ չի ներդրել, մեր ուժերով ենք խողովակներ ձեռք բերել, բաքը տեղադրել, պոմպ գնել ու միացրել»: Հարցի առնչությամբ Ձորաղբյուրի գյուղապետ Արայիկ Մուքայելյանը պարզաբանեց, որ գյուղապետարանը «հեչ կապ չունի դրա հետ: Մենք տեղյակ չենք, դա ջրմուղի գործն է: Էդ բնակչին ասեք՝ թող գա գյուղապետարան, ես իրեն մանրամասն կբացատրեմ, եթե չի ընդունի՝ թող գնա բողոքի»: Ձորաղբյուրին սպասարկում է «Հայջրմուղկոյուղին»: Ընկերության Կոտայքի մարզի ջրմուղից էլ՝ պետի տեղակալ Սարգիս Սահակյանը մեզ հայտնեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ, 2004-ից սկսած, եթե բնակիչը ջրաչափ չունի տեղադրած, ծախսած ջրի քանակը հաշվարկվում է խողովակի թողունակությամբ, անկախ նրանից՝ տվյալ բնակիչը ջուր օգտագործե՞լ է, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է այդ ժամանակահատվածում բնակչի կատարած մուծումներին, եթե բնակիչը հեռատես է եղել ու 3-4 տարի պահել է մուծման կտրոնը, կարող է տանել ջրմուղ՝ վերահաշվարկ կատարելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել