Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅՓՈՍՏ». ՀՈԼԱՆԴԱԿԱՆ «ԾՐԱՐՆԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ «ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐՈՎ»

Սեպտեմբեր 11,2007 00:00

\"\"Անվստահելի «թրասթը»

Սկիզբը՝ նախորդ համարում

Եթե Օստապ Իբրահիմովիչն իր գործունեությունը շարունակեր մեր օրերում ու մեր երկրում եւ, հանգամանքների բերումով, մոտիկից շփվեր «Հայփոստի» հետ, ամենայն հավանականությամբ կասեր. «Ծանոթանալով ձեր պատմությանը, ես կորցրեցի հավատս Հայաստանի Հանրապետության լուսավոր ապագայի նկատմամբ: Մի՞թե լուսավոր ապագայի կորուսյալ հավատը 1,2 միլիոն եվրո չարժե…»: Բայց վախենամ, Իլֆի ու Պետրովի հանրահայտ հերոսը հաներ գլխարկը՝ հայկական ժամանակակից «կոմբինատորների» եւ կորեյկոների առջեւ:

Մի անմեղ հարց…

Իսկ սառույցը, այնուամենայնիվ, շարժվեց, պարոնայք երդվյալ ատենակալներ: Այն էլ ինչպես շարժվեց: Եվ ըստ այդմ, «Հայփոստի» ներկայիս հավատարմագրային կառավարիչը պաշտոնապես հայտարարում է, որ վերջին 5-6 տարիներին կատարված չարաշահումներով ու խախտումներով ընկերությանը պատճառվել է ընդհանուր առմամբ մոտ 2,5 միլիարդ դրամի կամ 7,5 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող վնաս: Այդ բացահայտումները, ինչ խոսք, հետաքրքիր են: Բայց…

Հոլանդական գրանցում ունեցող «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությունը «Հայփոստի» հավատարմագրային կառավարումն ստանձնել է 2006 թվականի նոյեմբերի 30-ին կնքված պայմանագրով: Սակայն փոստի բազմաթիվ աշխատակիցներ կարող են վկայել, իսկ մի քանիսը նաեւ վկայում են, որ հոլանդացի հավատարմագրային կառավարիչ Հանս Բոոնը եւ նրա թիմի մի քանի անդամներ Հայաստանում են գտնվել ու «Հայփոստի» վիճակին, գործերի ընթացքին ծանոթացել են սկսած դեռեւս 2006 թվականի մարտ-ապրիլ ամիսներից: Նախքան կառավարումն ստանձնելը ընկերության վիճակին ծանոթանալը՝ նորմալ ու տրամաբանական է:

Բայց նրանք ոչ միայն ծանոթացել են, այլեւ առանձին դեպքերում որոշակի ազդեցություն են ունեցել «Հայփոստի» տվյալ շրջանի ղեկավարության որոշումների ընդունման վրա: Ընդ որում, այդ ազդեցությունը տարածվել է ընդհուպ մինչեւ «Հայփոստի» տնօրինության կնքելիք որեւէ պայմանագիր «բլոկ անելու» աստիճան: Սա հետաքրքրական է այնքանով, որ նախքան 2006թ. նոյեմբերի 30-ը, նշված պարոնայք՝ ընկերության առեւտրային գործունեությանը միջամտելու օրինական լիարժեք լիազորություններ եւ իրավունք չեն ունեցել: Իսկ նման պայմաններում ընկերության գործերին միջամտելու իրավունք իրեն կարող էր վերապահել թերեւս միայն զորեղ հովանավորություն ունեցողը: Թե Հայաստանի կոնկրետ ո՞ր պետական կառույցն էր այդ զորեղ «մեջքը»՝ առայժմ դժվար է միանշանակ պնդել:

Համենայնդեպս, փոստի աշխատակիցները վկայում են, որ 2006 թվականի գարնանն ու ամռանը Սարյան 22 հասցեում՝ «Հայփոստի» վարչական կենտրոնական գրասենյակում, հաճախակի այցելու էր այն ժամանակ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի խորհրդական Ներսես Երիցյանը (այժմ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարար): Մեր աղբյուրների վկայությամբ, Ն. Երիցյանը իրավական ու ֆինանսական բնույթի խորհուրդներ էր տալիս Հանս Բոոնին ու նրա թիմին:

Նման խորհրդատվության պայմաններում ու նույնիսկ առանց այդ խորհուրդների, ընկերության կառավարումն ստանձնելուց առաջ, օտարերկրյա կառավարիչները պետք է որ «Հայփոստում» աուդիտ անցկացնեին: Որքան մեզ հայտնի է, նման բան տեղի է ունեցել: Ինչպե՞ս է, հապա, որ այն ժամանակ չեն բացահայտվել 2,5 միլիարդի հասնող չարաշահումները:

3 միլիոն եվրո՝ «մասնագիտական ծառայությունների» համար

Նախորդ հրապարակման մեջ արդեն հիշատակված օգոստոսի 29-ի ժողովում «Հայփոստի» այժմյան ղեկավար Հանս Բոոնը ներկաներին նախ մոտ 5 րոպե պատմել է, թե ընկերությունն արդիականացնելու եւ գործունեությունն ընդլայնելու, ներդրումներ ու կիրառելի տեխնոլոգիաներ ներգրավելու համար ինչ ջանքեր են գործադրում Հոլանդիա ու Բելգիա գործուղված իր տեղակալներից մի քանիսը: Նա հայտնել է, որ «Հայփոստի» գլխավոր տնօրենի տեղակալները Հոլանդիայում ու Բելգիայում բանակցություններ են վարում այդ երկրների փոստային օպերատորների, կառույցների, կառավարությունների հետ եւ հանդիպելու են հոլանդական ու բելգիական մի քանի տասնյակ ընկերությունների ներկայացուցիչների: Իսկը ժամանակն է՝ Օստապ Բենդերին ու 1,2 միլիոն եվրոյի ակնարկը մտաբերելու համար:

Թե «Հայփոստի» տվյալ ներկայացուցիչների գործուղման աշխատանքային 1 օրը որքա՞ն է «նստում» Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի գրպանին, դժվար է կոնկրետ ասել: Սակայն ստուգապես հայտնի է, որ նման գործուղումների ժամանակ «Հայփոստի» ներկայացուցիչների օրապահիկի գումարը հաշվարկվում է Եվրախորհրդի հրապարակած համապատասխան տվյալների հիման վրա: Այդ ծախսերը, որ վճարվում են ուղղակիորեն «Հայփոստի» հաշվից, բնականաբար, ներառում են նաեւ մեկնողների ճանապարհածախսը՝ էկոնոմ կարգի ավիաչվերթի տոմսերի տեսքով:

Այդօրինակ ծախսերը «Հայփոստի» հավատարմագրային կառավարումն ստանձնած «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությունն ու նրա լիազոր-ներկայացուցիչ Հանս Բոոնը բնորոշել են որպես՝ «մասնագիտական ծառայությունների նկատմամբ կիրառելի ծախսեր», որոնք հոգալու համար «Հայփոստն» ամեն ամիս բավականին «կլորիկ» կանխավճար է կատարում: Այս տարվա ընթացքում, օրինակ, յուրաքանչուր ամիս՝ 100 հազար եվրո: Իսկ հանրագումարում Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորը նման ծառայությունների համար այս տարի մուծելու է 1,2 միլիոն եվրո կամ ընթացիկ փոխարժեքով հաշված՝ 548 միլիոն 400 հազար դրամ: Մեկ անգամ եւս չմոռանանք, որ «Հայփոստը» լիովին պետական բաժնեմասով ընկերություն է: Այսինքն՝ նշված գումարները, ըստ էության, վճարում է պետությունը: Իսկ պետությունը մենք ենք՝ ՀՀ քաղաքացիներս, գոնե պետության միջոցների գոյացման մասով՝ հաստատապես:

Համենայնդեպս, այս տարվա հունվարին «Հայփոստ» ՓԲԸ այն ժամանակվա գլխավոր տնօրեն Գեւորգ Նալբանդյանը եւ ընկերության հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ լիազոր ներկայացուցիչ Հանս Բոոնը կնքել են «Շրջանակային համաձայնագիր՝ մասնագիտական ծառայությունների մատուցման մասին»: Այդ համաձայնագրի 6-րդ կետի «1» ենթակետով ամրագրվում է, թե կողմերն ընդունում են, որ «Հայփոստի» հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագիրը ընդհանուր եւ վարչական ծախսերի հոդվածում «ներառում է մասնագիտական ծառայությունների եւ դրան առնչվող ծախսերի վճարման համար նախատեսված բյուջե՝ առաջին հնգամյակում 3 միլիոն եվրո գումարի չափով»: Իսկ 6-րդ կետի «2» ենթակետով սահմանվում է, որ «մասնագիտական ծառայությունների եւ կիրառելի այլ ծախսերի դիմաց փոստը պետք է կատարի ամսական կանխավճար», 2007-ին՝ ամիսը 100 հազար եվրո, 2008-ի առաջին 8 ամիսներին՝ 70-հազարական, հետո՝ 60-հազարական, ապա՝ երրորդ տարում ամիսը՝ 40-հազարական եվրո, եւ այսպես շարունակ՝ մինչեւ 3 միլիոնի լրանալը: Նշված ծրագիրը, ի դեպ, Հայաստանի կառավարության 2006թ. սեպտեմբերի 22-ի թիվ 1379-Ա որոշմամբ հաստատված Հավատարմագրային կառավարման պայմանագրի անբաժանելի մասն է ու, որպես այդպիսին, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 42 արձանագրային որոշմամբ, իր հերթին արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը:

Անշուշտ, որեւէ ընկերություն արդիակ անացնելու համար հարկավոր է նաեւ բարձրակարգ մասնագետներ ներգրավել, վճարել նրանց: Բայց մյուս կողմից հետաքրքիր է այլ բան: «Հայփոստի» հավատարմագրային կառավարիչ Հանս Բոոնը հայտարարում է, թե, ըստ ծրագրի, իրենք 5 տարվա ընթացքում 12 միլիոն դոլարի ներդրում են իրականացնելու (տես՝ ԱՌԿԱ գործակալության 11.07.2007թ. լրահոսը):

Սակայն ո՛չ նա, ո՛չ էլ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության որեւէ այլ ներկայացուցիչ չի հայտարարում, որ նույն 5 տարում միայն «մասնագիտական ծառայությունների եւ կիրառելի այլ ծախսերի դիմաց» հենց «Հայփոստը» պետք է կատարի առնվազն 3 մլն եվրոյի ծախս (այսպես ասած՝ «մաքուրով», հարկային պարտավորությունները չհաշված): Եթե հաշվենք նաեւ հարկային պարտավորություններով, ապա այդ ծախսը կկազմի շուրջ 3,9 մլն եվրո: Այս տարվա մասնաբաժին 1,2 մլն եվրոյին համարժեք գումարը արդեն որպես ծախս ծանրացած է «Հայփոստի» ֆինանսական վիճակի վրա: Այսինքն, ակնկալվող ներդրումների գրեթե 1/3-ը ծախսվելու է զանազան փորձագետների, խորհրդատուների ծառայությունների, նրանց ճանապարհածախսի, գործուղման, նրանց եւ օտարերկրյա կառավարիչների երեւանյան կեցության համար թանկարժեք բնակարանների վարձակալության, նաեւ վերջիններիս ու իրենց ղեկավար թիմի գործուղումների եւ օրապահիկների կարիքները հոգալու համար:

Սա է՛լ ավելի է սրում հարցադրումը, թե որտեղի՞ց են հայտնվել «Հայփոստի» ծախսատար կառավարիչները: Իսկ այդ մասին՝ հաջորդիվ:

(շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել